«Մարդիկ, որոնք մինչեւ այժմ չեն հասկացել, որ Արցախի դրոշն ԱԺ ամբիոնից կախելով՝ Արցախը չեն պաշտպանի, որ 20-30 տարի իշխանություն լինելով՝ չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքում խայտառակ մտքեր փոխանակեցին եւ սեփական ժողովրդին բախտախնդրության տարան, եւ այսօր փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի տիրապետում իրավիճակին։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։
«Գոնե այդ հանրահավաքում ձեր հնչեցրած մտքերից հետո տեսնեիք, թե այդ նույն տարածքում հավաքված մեր քաղաքացիներն ինչ են խոսում ձեր մասին։ Այդ պաթոսախառը բառապաշարով, Երեւանի կենտրոնում Արցախը թուրքից պաշտպանելու արտահայտություններով՝ դուք արդեն ձեզ վաղուց սպառել եք։ Պնդում եմ, որ նրանք հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի քաղաքացիներին եւ ՀՀ քաղաքացիներին։ Առաջարկում եմ քաղաքական օրակարգը զերծ պահել բախտախնդիրներից»,-հավելեց Վաղարշակ Հակոբյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ