Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկնում ենք Արցախ եւ ՀՀ սահմանամերձ մարզեր»․ ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ նիստերին

Ապրիլ 12,2022 10:22

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ ապրիլի հինգին կազմակերպած հանրահավաքում ՀՀ քաղաքացիները շեշտել են այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ իշխանությունն իրավունք չունի քայլեր անել։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Անընդունելի ենք համարում արցախյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Իշխանությունն անկարող է լուծել խնդիրներ․ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով։ Վտանգված է Արցախը, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ։ Ժողովրդին պատրաստում են նոր զիջումների՝ «խաղաղության» անվան տակ»,-համոզմունք հայտնեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն այս իրավիճակում ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է Արցախին․ «Խորհրդարանական ընդդիմությունը, ելնելով նման իրավիճակից, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին եւ քվեարկություններին։ Մեկնում ենք Արցախ եւ ՀՀ սահմանամերձ մարզեր՝ շփվելու հայրենակիցների հետ այնտեղ, որտեղ առաջնահերթ օրակարգերն են»։

Ապա ընդդիմադիր խմբակցությունների ծափերի ներքո Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնին փակցրեց Արցախի փոքրիկ դրոշ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Ելույթի իր հերթի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանեց ամբիոնին փակցված փոքրիկ դրոշը։

«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, իսկ տխմարաբանությունը՝ ամենօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այն դնել ԱԺ ամբիոնին։ Դրոշն ամուր պահելու փոխարեն զբաղված են եղել թալանով»,-հայտարարեց նա։ Ապա հավելեց․ «Եթե ՀՀԿ-ն այստեղ տեղադրեր Բադեն Բադեն քաղաքի խորհրդանիշը, Սերժ Սարգսյանն ավելի հաճույքով կնայեր այս նիստը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930