Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և միջազգայնորեն մեկուսացնելու Արևմուտքի գործելակերպը ևս ազդել են Մինսկի խմբի գործունեության վրա։ Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում՝ ընդգծելով, թե դրանով նրանք հարվածի տակ են դնում հիմնախնդրի կարգավորումը և առաջին հերթին հայկական շահերը, քանի որ այս իրավիճակում ամենից շատ հայկական կողմին է պետք, որ Մինսկի խմբի եռյակը գործի։ Ստացվում է, որ համանախագահող երկրներից մեկը փաստացի վկայում է, որ Մինսկի խմբի եռյակի ձևաչափը փաստացի չեղարկվել է։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները Էդուարդ Աղաջանյանի դեմքով արձագանքում են, թե դա միայն Լավրովի ընկալումն է, քանի որ իրենք առանձին շփումներում պատրաստակամություն են ստանում թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ գործընկերներից։
Այդ դեպքում, եթե պատրաստակամություն կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, ապա ինչո՞ւ եռանախագահության հովանու ներքո բանակցությունները չէին մեկնարկում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից առաջ, երբ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը չէր հասել իր գագաթնակետին։ Մյուս կողմից էլ՝ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա ինչո՞ւ է սկզբից Հայաստան այցելելու ֆրանսիացի համանախագահը, ապա հետո ամերիկացի համանախագահը։ Այսինքն՝ ինչո՞ւ առանձին-առանձին: Չէ՞ որ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա նրանք պետք է միասին այցելություն կազմակերպեին, թեկուզ առանց ՌԴ-ի, եթե բողոքի «ցույցը» սոսկ հակառուսական է։
Ստացվում է, որ իսկապես Մինսկի խմբի համանախագահությունը, որպես ձևաչափ, դադարել է գործոն լինելուց։ Ուստի այս պահին չգործող ինստիտուտին ապավինելը և ոչինչ չձեռնարկելը կարող է վնասակար լինել հայկական կողմի համար։
Իսկ այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը այնպիսի վտանգավոր զարգացումներից խուսափելու համար, երբ հայկական կողմին կարող է կարգավորման նոր ձևաչափ պարտադրվել կամ ընդհանրապես դուրս թողնել Արցախի հարցը միջազգային քննարկումների հարթակից։ Միանշանակ է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված մոտեցում որդեգրի և սերտորեն աշխատի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ընդ որում՝ որպեսզի նրանք հստակ ընդգծեն, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, ընդունելի չէ միակողմանի և ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով դրա լուծման ցանկացած տարբերակ։
Կարդացեք նաև
Բացի դրանից, ոչ մի կերպ չպետք է թույլ տալ, որ Արցախյան իրողությունները դուրս մնան միջազգային օրակարգից, այլ ընդհակառակը՝ միջազգային բառապաշարի անբաժանելի մասը պետք է դառնան Արցախի ժողովրդի՝ ցեղասպանության վտանգի ենթարկվելու և էթնիկ զտումներն արձանագրող որոշումներն ու բանաձևերը։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում