Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատժամիջոցնե՞ր, թե՞ «փափուկ ուժ»

Ապրիլ 12,2022 10:00

Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ հարց է առաջանում, որն առաջին հայացքից գուցե միամիտ թվա. ինչի՞ համար են պետք պատժամիջոցները: Երբ մեծահասակները երեխաներին պատժում են ինչ-որ արարքի համար, ասենք, անկյուն են կանգնեցնում, նրանք, ենթադրաբար, հույս ունեն, որ երեխան այդ անկյունում 5-10 րոպե կանգնելով կվերանայի իր վարքը, եւ հետագայում սխալ արարքներ չի գործի: Կվերադաստիարակվի՝ մի խոսքով: Վստահ չեմ, որ դա արդյունավետ միջոց է, բայց գոնե տեսականորեն կարելի է ակնկալել, որ դա ինչ-որ դեպքերում կարող է սաստող նշանակություն ունենալ:

Իսկ ինչի՞ համար են պատժում պետություններին: Նույնպե՞ս դաստիարակելու նպատակով: Իրանն, օրինակ, տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ է: Ո՞րն է դրա արդյունքը: Իրանցիները սկսեցին ավելի շա՞տ սիրել ամերիկացիներին, Իրանը հրաժարվե՞ց իր միջուկային ծրագրերից, Հըզբոլահը դադարեցրե՞լ է ռազմական գործողությունները Միջին Արեւելքում: Իհարկե, այդ պետությունը հսկայական վնասներ է կրում, ժողովուրդն էլ, մեղմ ասած, չի բարգավաճում, բայց այս տասնամյակների ընթացքում ես չեմ տեսել, որ Իրանի քաղաքացիները զանգվածաբար դուրս գան փողոց՝ իրենց կառավարությունից պահանջելով հրաժարվել միջուկային ծրագրերից կամ մտերմանալ Արեւմուտքի հետ: Իրանի նման երկիրը հնարավոր չէ գրավել զենքով կամ խեղդել պատժամիջոցներով: Միակ միջոցը փափուկ ուժն է: Դու պիտի ապացուցես, որ կյանքը, ասենք, Արեւմտյան Եվրոպայում ավելի գրավիչ է, քան Իրանում: Եթե իրանցիների մեծամասնությանը դա հետաքրքիր լինի, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կփոխվի:

Ուկրաինան նույնպես հնարավոր չէ գրավել զենքով: Այդ երկիրը մեծ է չափերով եւ հույժ կարեւոր է Արեւմուտքի համար, որը չի ցանկանում այն հանձնել Ռուսաստանին: Փափուկ ուժը այս դեպքում նույնպես բացառված է, որովհետեւ քաղաքակրթական, տեխնոլոգիական առումով Ռուսաստանը Ուկրաինային (ինչպես նաեւ հետխորհրդային մնացած երկրներին) առաջարկելու բան չունի:

Բայց Ռուսաստանի դեմ Արեւմտյան պատժամիջոցները դարձյալ անիմաստ են: Այդ երկրում նույնպես մարդիկ պատրաստ են վատ ապրել, բայց հպարտանալ, որ իրենց երկիրը բարձրացել է ծնկած վիճակից եւ ձեռք է բերել համաշխարհային նշանակություն: Կողքից այդ հպարտությունը գուցե զավեշտալի է թվում, բայց, կարծում եմ, ներկա իրավիճակում դա կարեւոր գործոն է: Եվ հենց այդ պատճառով, ի դեպ, Ռուսաստանի դեմ փափուկ ուժն էլ կիրառելի չէ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարագայում կա եւս մի երանգ, որի մասին, չգիտես ինչու, քիչ է խոսվում: Գերմանացի, բրիտանացի կամ ֆրանսիացի գործարարի համար միեւնույն է՝ Ռուսաստանն ագրեսի՞վ քաղաքականություն է վարում, թե՞ խաղաղասեր է: Եթե այդ գործարարներն իրենց ռուս գործընկերների հետ «մեծ փողեր են սարքում», նրանք կգտնեն (եւ գտնում են) հազար ու մի սողանցք՝ պատժամիջոցները շրջանցելու համար: Իսկ ովքե՞ր են այդ գործարարների ռուսաստանցի խոշոր գործընկերները: Բնականաբար, Պուտինի ամենամերձավոր շրջապատը: Նրանք, ում ՌԴ նախագահն, այսպես ասած, օլիգարխ է «նշանակել»: Այդ նույն մարդկանց դեմ Արեւմուտքը պատժամիջոցներ է սահմանել: Ինձ թվում է՝ ձեւական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հիմա լիքը խելոք ժողովուրդ է եկել մեր երկիր, եթե խելոք ազգային կառավարություն ունենայինք, այս մարդկանց կօգտագործեր ի շահ իրենց երկրների ժողովուրդների, իսկ այդ երկրների ժողովուրդներն՝ ի տարբերություն իրենց կառավարությունների, մեր ժողովրդին բարեկամ ժողովուրդներ են, օրինակ, նրանց կարելի էր պետական մակարդակով պատվիրել ռազմական բարձրտեխնոլոգիական պատվերներ՝ ասենք, ամերիկյան դարպաին մրցակից, վաղ թե ուշ բոլորս էլ կունենանք ժողովրդասեր կառավարություններ, իսկ դարպաի նման դպրոցը երկար տարիների ու մեծ ծախսերի ու խելքի ներդրումներ է պահանջում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930