Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է իր անվան հետ կապվող մի շարք տեղեկությունները, այդ թվում, որ իրեն սպասարկող մեքենան զրահապատ է, 200 հազար դոլար արժե և այլն:
«Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ», – «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա անդրադարձավ նաև մի շարք այլ թեմաների:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նախագահի հետ ասուլիսից.
Կարդացեք նաև
«Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը»
Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են պետական միջոցներից թանկարժեք մեքենաներ գնում և ոչ օրինակ` բանակի համար ծախսեր անում:
«Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ, և այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը հիմա վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որ մոդայիկ են դարձել, պետք է դադարեն, և մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն, որովհետև այն ամենը, ինչ լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջանակում բազմաթիվ կատակների թեմա է դարձել», – ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինձ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, դա իմ ընտրությունը չի` անվտանգության աշխատակիցները: Իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ հեծանիվ քշել: Մի անգամ դա արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցին… Ինձ եթե մի բան է պատահում, օրենքի բերում իրենք պատասխանատվության են ենթարկվում», – պարզաբանեց Սիմոնյանը:
«Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ»
«Այդ գումարները ոչ թե պետբյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում է ԱԺ-ին ու դրանից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները», – նշեց Ալեն Սիմոնյանը` արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է պատերազմում պարտված պետությունը թույլ տալիս մեծ գումար տրամադրել գնելու մեքենա:
«Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած նրան, որ ինձ ամեն օր սպառնում են սպանել, ես ասել եմ` կարևոր չի դա, դնենք մի կողմ, մենք չենք կարող մեզ շատ ավելի մեծ ծախս թույլ տալ», – հավելեց խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի եղել Պաշտպանության նախարարության որևէ դիմում, որը կառավարությունը չբավարարի:
«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք»
Օգտատերերից մեկը խնդրել էր այո կամ ոչ պատասխանել հարցին, թե Սիմոնյանը Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է:
«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում, ու ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու գնալ բանակցությունների կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա», – նշեց ԱԺ նախագահը:
«Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին, մենք մշտապես ասել ենք, որ դա Արցախի բնակչության, Արցախի ինքնորոշման իրավունքի հարց է, մենք տարածքային պահանջներ չենք դրել», – հայտարարեց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին հարցին:
ԱԺ նախագահը նաև ասաց, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ մանրամասներ հայտնի կդառնան այդ 5 առաջարկի ու Արցախում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է մեկ այլ հարցի, թե ինչու ինքը և գործող իշխանությունները չեն օգտագործում ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն անվանաձևերը, նա ասաց. «Որովհետև այս բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում ես»:
Իսկ թե ինչու Արցախ չեն այցելում` օրինակ` տեղում խնդիրներին ծանոթանալու, և հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի կոշտ արձագանքից խուսափելու համար չեն անում դա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օրինակ` Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի, որ ես գնամ, որևիցե բան չի կարող անել: Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա {ադրբեջանական կողմից}:
Ենթադրենք` ես գնացի, անձամբ իմ մասին եմ խոսում, որովհետև մեր պաշտոնյաները այցելում են, ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է: Եթե ես գնամ, ինձ բան չի լինելու, ես գնալու եմ, հետ գամ, բայց եթե ես պիտի գնամ, դրա պատճառով ադրբեջանցիները, առիթ փնտրելով, կրակեն մեր գյուղացիների վրա, մեր քաղաքացիների վրա, ինչի՞ է պետք դա անել: Ուզում եմ հասկանալ` միգուցե սխա՞լ եմ մտածում: Որպեսզի նման հարց չհնչի, որ ասեն` տեսաք` գնացին, Ալենն ինչ ուժեղ տղա է: Ինչի՞ս է դա պետք, եթե դրա պատճառով ես կարող եմ հրահրել այս նուրբ ժամանակահատվածում որևիցե մի բան: Ես համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ, և ես առիթ չպետք է տամ հակառակ կողմին գեթ մեկ կրակոց անելու, իսկ մեր պաշտոնյաները գնում են»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում