Զբոսաշրջային քաղաքի վերածվող Գյումրիում հասարակական զուգարանների հարցը մնում է ամենաարդիականներից․ քաղաքը զուրկ է զուգարաններից։ Իսկ Գյումրիում զբոսաշրջային սեզոնն արդեն իսկ սկսվել է։
Թե ինչ լուծում է տեսնում Գյումրու համայնքապետարանը, Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ քննարկվում է բաց մրցույթ հայտարարելու գաղափարը։
«Համայնքապետարանը հանրային զուգարան չի կարող աշխատեցնել, ամբողջ աշխարհում դրանք մասնավորն է աշխատեցնում։
Նորաստեղծ զբոսաշրջային խորհրդին առաջադրանք է տրվել՝ ուսումնասիրել, թե որ վայրերում է հարմարավետ այդ զուգարանները տեղադրել։ Ներդրող չենք գտնելու, մեզ տեղերը կառաջարկեն, մենք ճարտարապետի հետ կքննարկենք, թե այդ տեղերում հնարավո՞ր է թույլատրել զուգարանների տեղադրումը և կհայտարարենք բաց մրցույթ։
Կարդացեք նաև
Օրինակ՝ ասենք 5 հատ զուգարան պիտի տեղադրվի այս կամ այն փողոցներում։ Կհայտարարենք բաց մրցույթ, թող գործարարը գա, ցույց տա արտաքին տեսքը, պայմանները ներկայացնի, մենք իրեն կասենք՝ այս չափի պիտի լինի ու միանման, Գյումրին պիտի դիզայն ունենա։ Նույնիսկ զբոսաշրջային սանհանգույցը պետք է լինի միանման, ոչ թե մեկը կապույտ, մյուսը՝ կանաչ, երրորդը՝ քարից, չորրորդը՝ փայտից։
Չի կարող լինել նման բան, քաղաքը նման ձևով չի ունենա դեմք, լուրջ դիզայներական աշխատանք է պետք։
Գյումրին այդ փուլը որ մտել է՝ զբոսաշրջային քաղաք դառնալու, միայն ճարտարապետը բավարար չէ, դիզայներ էլ պիտի ունենա, որպեսզի մարդը հեռվից տեսնի, հասկանա, որ դա սանհանգույց է, բոլորը նույն դիզայնով՝ միանման։
Կհայտարարվի բաց մրցույթ, եթե կլինեն գործարարներ, որոնք կուզենան մասնակցել այդ մրցույթին, կներկայացնեն բիզնես-նախագիծ, թող գան մասնակցեն։ Բայց նորից եմ ասում, շատ նախնական քննարկման փուլում է, դա գաղափար է այս պահի դրությամբ»,- ասաց Դավիթ Առուշանյանը։
Գյումրեցի զբոսավարներից մեկն էլ՝ Գոռ Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշեց՝ հասարակական զուգարաններ չունենալը լուրջ խնդիր է, որը մի քանի տարի է՝ բարձրաձայնում են ու լուծում չի տրվում։
«Զբոսաշրջիկները, երբ գալիս են, խնդրում ենք թանգարանների, ռեստորանների, սրճարանների, գեղեցկության սրահների աշխատակիցներին, որ թույլատրեն օգտվելու իրենց զուգարաններից։ Եթե նախատեսված է սննդի որևէ կետ մտնել, այդտեղից են օգտվում, եթե չկա, կոնկրետ ես մտնում ու խնդրում եմ այդ տարածքի աշխատողներին կամ տերերին, որ թույլ տան օգտվելու իրենց զուգարաններից։ Մարդ կա, թողնում է օգտվել, մյուսը չի թողնում, մեկը մուննաթ է գալիս, մյուսը սիրալիր ասում է՝ խնդրեմ, եկեք։ Սա անհապաղ լուծման կարիք ունեցող հարց է, որովհետև Գյումրիում անցած տարվանից սկսվել է զբոսաշրջային պիկը, բոլորն ասում են 2018, 2019 թվականից է սկսվել, բայց ես կասեմ՝ անցած տարվանից է սկսվել ու, ցավոք, մեր քաղաքի ենթակառուցվածքները պատրաստ չեն այս պիկին»,- ասում է Գոռ Թորոսյանը։
Ըստ զբոսավարի, վերջերս հանդիպում է տեղի ունեցել, որտեղ ինքը բարձրաձայնել է այս խնդիրը ու նշել, որ սրանով ընկնում է քաղաքի վարկանիշը։
Ըստ նրա, նախատեսածից կրկնակի ու եռակի անգամ շատ զբոսաշրջիկներ են այցելում Գյումրի, սակայն նրանց չեն կարող ըստ արժանվույն սպասարկել։
«Կարևոր հարցերից մեկը զուգարանի հարցն է, մարդիկ գնացքով գալիս են Գյումրի, իջնում են կայարան ու մտնում կայարանի զուգարանը, որն ահավոր վատ վիճակում է՝ սանիտարահիգիենիկ առումով, գարշահոտ է։ Մարդիկ կան հոտի պատճառով այլևս չեն ուզում ներս մտնել կամ ինչքան ստիպված են լինում, որ մտնում են։ Իսկ քաղաքի կենտրոնում զուգարաններ չկան, մնում ենք թանգարանների, ռեստորանների հույսին։ Մի քանի անգամ ներս թողել են, մի քանի անգամ չեն թողել, բայց իրենց էլ կարելի է հասկանալ՝ հանրային զուգարան չէ մարդկանց օբյեկտը, որ օրվա մեջ մի քանի հարյուր հոգի խնդրի մտնելու»,- ասում է Գոռ Թորոսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, մասնավորը Գյումրիում երբեք զուգարան չի տեղադրի, որովհետև այն որպես բիզնես շահութաբեր չէ։
«Գյումրին այն վայրը չէ, որտեղ մասնավորը գա, զուգարան սարքի և որը կծառայի որպես բիզնես։ Օրինակ՝ ես եթե ունենամ գումար, երբեք զուգարան չեմ սարքի, զուգարանի շահութաբերությունն այն կարգի չի լինի, որ մարդը լուրջ գումար ներդնի, զուգարանի սարքի ու դրանով փող աշխատի։
Լավ, ենթադրենք զբոսաշրջային պիկին աշխատեց, բա ձմռանն ի՞նչ պիտի անի։ Զուգարանները չեն կարող շահույթ ապահովել։ Կամ եթե մտադիր են մասնավորին հանձնել, ապա շահագրգռող մի բան պիտի անեն․ հարկերից ազատեն կամ տարածք տրամադրեն կամ շինարարության մեջ պետությունն իր մասնաբաժինն ունենա, որ մասնավորը շահագրգռված լինի սարքելու։ Քաղաքի կենտրոնում զուգարան սարքելը հեշտ չէ, ճարտարապետական տեսքի, կոյուղու խնդիր կա, հիգիենայի,մաքրության խնդիրներ կան։
Առաջին հայացքից թեթև հարց է թվում, բայց սա լուրջ հարց է՝ առանց պետության կամ ՏԻՄ մասնակցության միանշանակ չլինող հարց է, ինչքան էլ մասնավորն ուզի։ Քանի տարի է՝ բարձրաձայնում ենք, բայց այդպես էլ որևէ մարդու չենք տեսնում, որ ասի՝ կգամ, փողս կներդնեմ, զուգարան կսարքեմ»,-ասում է զբոսավարը։
Ըստ Գոռ Թորոսյանի, քաղաքապետարանը ճիշտ կանի ինքն այդ զուգարանները տեղադրի ու ողջ եկամուտը փոխանցի բյուջե, այլապես մասնավորի վրա անիմաստ է հույս դնել։
«Թե՛ նախանցած տարի, և թե՛ անցած տարի մարզպետարանում էլի քննարկումներ եղան այս թեմայով, այդ հարցը նորից բարձրաձայնեցինք, շատ-շատ ենք բարձրաձայնել, մարզպետներից Արթուր Խաչատրյանը կարծես թե լեզու գտել էր, հարցը պիտի լուծվեր, հեղափոխություն եղավ ու այդպես էլ կանգ առավ։
Մի անգամ մարզպետարանում զբոսաշրջային պետական կոմիտե ներկայացուցիչների հետ հանդիպում էր, այդ հարցը բարձրաձայնեցինք, մեզ ասին, որ բենզա-գազալցակայանները պարտավոր են ունենալ զուգարան, համոզենք ներդրողներին, գազի, բենզինի լցակայաններ բացեն, մարդիկ էլ գան, օգտվեն։ Ասեցի՝ ավելի հեշտ է երկու քառակուսի մետրանոց զուգարան սարքե՞լ, թե՞ ինչ-որ մեկին ասես՝ արի քաղաքի կենտրոնում գազալցակայան բաց, որը նաև որպես զուգարան ծառայի։ Ընդ որում բենզալցակայնների հիմնումը քաղաքի կենտրոնում չի էլ թույլատրվում»,-ասում է Գոռ Թորոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ HumansOfGyumri էջից