Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունն ապրիլի 8-ին կազմակերպել է «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բուհերի ուսանողներ:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Վերջինս մասնավորապես նշել է, որ Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա ուսանողական նստաշրջանը նպատակ ունի բացահայտել գիտական ներուժ ունեցող երիտասարդներին, խթանել նրանց նոր գաղափարների իրագործմանը:
«Յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է, իսկ երիտասարդության շարժիչ ուժը՝ գիտելիքը: Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է նպատակասլաց, ստեղծարար մտքի տեր երիտասարդություն, որը կարող է գերազանցել ավագ սերնդին, և իր գիտելիքները ծառայեցնել հայրենիքի՝ շենացմանն ու հզորացմանը»,-հավելել է ռեկտորը:
Կարդացեք նաև
ՎՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Տատյանա Օհանյանն էլ իր ելույթում նշեց, որ սիրով են համագործակցում տարբեր համալսարանների ուսանողական գիտական ընկերությունների հետ:
Նա նշեց, որ գիտաժողովի շուրջ 85 զեկուցումից 25-ը այլ բուհերի ուսանողների կողմից է: Գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ ինչպես Վանաձորի պետական համալսարանից, այնպես էլ Երևանի, Արցախի, Գորիսի, Գավառի պետական համալսարաններից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան պետական հավատարմագրված համալսարանից:
Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Տաթևիկ Ղահրամանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տպավորված են ջերմ ընդունելությունից և առհասարակ վանաձորյան այցից:
Նշենք, որ գիտաժողովի ավարտին Արցախից, Գորիսից և Երևանից գիտաժողովի մասնակից ուսանողների համար կազմակերպվեց շրջայց Վանաձոր քաղաքում: Շրջայցին ուսանողներին ուղեկցում էր ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Տատյանա Օհանյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ