Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները

Ապրիլ 11,2022 19:22

2022 թվականի ապրիլի 3-ին կայացած Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է դիտորդական առաքելություն՝ երկու շրջիկ խմբերի կազմով:

Առաքելության նպատակն էր ուսումնասիրել քվեարկության օրվա ընթացքում Հայաստանում և Հունգարիայում ընտրական գործընթացների տարբերությունները։

Առաքելությունը չի դիտարկել նախընտրական քարոզարշավը, մեդիա և քաղաքական միջավայրը և նպատակ չի հետապնդել պարզելու ընտրական խախտումների պատկերը: Քվեարկության օրվա ընթացքում շրջիկ խմբերն այցելել են Բուդապեշտի և հարակից բնակավայրերի տեղամասեր։

Դիտարկման ընթացքում նկատվել են հիշատակման արժանի և Հայաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայից տարբերվող հետևյալ փաստերը.

Կահավորում

Հունգարիայում կահավորումը տարբերվում էր հայաստանյան ընտրատեղամասերի կահավորումից, մասնավորապես, կային երկու տեսակի քվեախցիկներ։

Առաջին տեսակը վարագույրով փակ քվեախցիկն էր, որտեղ ամբողջովին պահպանվում էր քվեարկության գաղտնիությունը։ Քվեախցիկների մյուս տեսակը նման էր Հայաստանում օգտագործվող քվեախցիկներին, որոնք, սակայն, ի տարբերություն Հայաստանի, դրված էին ոչ թե այնպիսի դիքով, որ ընտրողը լիներ դեմքով դեպի քվեարկության սենյակը, այլ՝ հակառակը, ինչի հետևանքով հնարավոր էր բացահայտել ընտրողի քվեարկությունը։

Սակայն ընտրությունների դիտարկման ամբողջ ընթացքում չի նկատվել դեպք, երբ որևէ մեկը փորձեր վերահսկել ընտրողի քվեարկությունը։

Պետք է նշել, որ տեղամասերը, որոնք դիտարկվել են մեր կողմից, հիմնականում հարմարեցված էին անվասայլակով ընտրողների համար՝ և՛ տեղամասի մուտքը, և՛ սանհանգույցները, և՛ քվեախցիկները։

Ընտրական հանձնաժողովներ

Հանձնաժողովները կազմված էին 10 անձանցից, որոնք հիմնականում աշխատանքը իրականացնում էին իրենց համար նախատեսված նստատեղերից․ շատ հազվադեպ էր պատահում, որ հանձնաժողովի անդամների կողմից անհրաժեշտություն լիներ ընտրողներին բացատրել ընտրական կարգը կամ քվեասենյակում կողմնորոշվելու համար ուղղություն ցույց տալ։

Կարելի էր ենթադրել, որ ընտրողները լավ տեղեկացված էին քվեարկության կարգի, թեկնածուների, ինչպես նաև իրենց քվեարկության տեղամասի գտնվելու վայրի մասին։ Պետք է նշել, որ տեղամասերի շրջակայքում կուտակումները նույնպես տարածված չէին։ Հունգարիայում, ի տարբերություն Հայաստանի, քվեարկությունը տևում էր 13 ժամ՝ 06։00-19։00։

Հաշվարկ

Քվեարկության ավարտից հետո քվեատուփերը կնքվում են և չեն բացվում մինչև չօգտագործված քվեաթերթիկների հաշվարկի ավարտը։

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ քվեատուփը բացելուց հետո հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ հանում է քվեաթերթիկների ծրարներն ու հայտարարում դրանցում առկա քվեարկության մասին, Հունգարիայում քվեատուփի/քվեատուփերի բացումից հետո պարունակությունն ամբողջությամբ դատարկվում էր սեղանին, և հանձնաժողովի բոլոր անդամները միաժամանակ սկսում էին տեսակավորել քվեաթերթիկներն ըստ քվեարկության։

Այդ ամենի վերջում արդեն գումարվում էին միևնույն թեկնածուի/քաղաքական ուժի օգտին քվեարկված քվեաթերթիկները, անվավեր քվեաթերթիկները, իսկ տվյալները գրանցվում էին համապատասխան թերթիկում։

Այստեղ ևս հանձնաժողովը կոլեգիալ որոշմամբ էր սահմանում, թե որն է անվավեր քվեաթերթիկը, սակայն ողջ դիտարկման ընթացքում հանձնաժողովի անդամների միջև այդպիսի թեմայի շուրջ որևէ տարակարծություն չի նկատվել։

Հաշվարկի ընթացքում հանձնաժողովականները քվեները հաշվում էին առնվազն երկու անգամ, չհամընկնելու դեպքում հաշվում էին մինչև երկրորդ թվերի համընկնումը, հետո արդյունքները հաղորդվում էին վերադաս հանձնաժողով, այնուհետև՝ վերջիններիս կողմից հաստատում ստանալուց հետո, կարելի էր տեղամասում արձանագրել արդյունքները։ Նշենք նաև, որ ընտրողները քվեաթերթիկները կարող էին քվեատուփի մեջ գցել ծրարով կամ առանց ծրար՝ իրենց հայեցողությամբ։

Հակահամաճարակային միջոցներ

Որևէ տեղ հատուկ հակահամաճարակային պայմանների պարտավորություն սահմանված չէր, ինչի արդյունքում տեղամասերում այդ հարցին ուշադրություն չէր դարձվում, չնայած՝ քաղաքացիների մի մասը կրում էր պաշտպանիչ դիմակներ, պահպանում միմյանցից հեռավորություն: Դա, սակայն, շատ հազվադեպ հանդիպող երևույթ էր և հիմնված էր զուտ անհատական նախաձեռնության վրա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930