Պռոշյան 19 հասցեում գտնվող «Քարանձավ» ռեստորանային համալիրի տարածքում այսօր կեսօրից ոստիկանների ուղեկցությամբ չափագրումներ են անում՝ սեփականատերերին տարածքից վտարելու նպատակով։
Այս տարածքի վեճը դեռ երկուհազարականներից է սկսվել։
Aravot.am-ի հետ զրույցում սեփականատեր Լեւոն Թելոյանը պատմեց, որ դատարանը որոշել էր քանդել տարածքը, բերել հին տեսքի ու տալ տիրոջը․«Բայց ամբողջ գործընթացն ու փաստաթղթերը կեղծ են, տերն էլ՝ չգիտենք ով է։ Մենք հասել էինք նրան, որ կալանք էին դրել գույքի վրա, բայց հարկադիրը բանի տեղ չդրեց, եկան մտան չափագրում են անում»։
Բանն այն է, որ դեռ 1996 թվականին այս հասցեի գույքի մի մասը՝ 17 քմ շինություն իր հողամասով, Էմմա Թելոյանը նվեր է ստացել, պաշտոնապես վկայական էլ ստացել է, հետագայում Թելոյանները տարածքի մի մասն էլ՝ առաջին հարկը, գնում են մյուս սեփականատիրոջից, եւ հետեւաբար սեփականության երկու վկայական են ունենում։ Որոշ ժամանակ անց հայտնվում է մի քաղաքացի, լիազորագիր է ներկայացնում, որը նրան իբրեւ տրամադրել է ԱՄՆ քաղաքացի Գեւորգ Դնգիկյանը։ Լիազորագիր ներկայացրած անձը պնդում է, որ թե այդ տան երկրորդ հարկի մոտ 40 քմ իր բարեկամինն է, դա վկայող կտակ կա ԱՄՆ-ում, ապա դիմում է դատարան՝ պահանջով՝ Թելոյանների սեփականության վկայականներն անվավեր ճանաչել։ Դատարանը բավարարում է հայցը, եւ վիճելի տարածքի սեփականատեր ճանաչում Դնգիկյանին։ Լեւոն Թելոյանն ասում է՝ Գեւորգ Դնգիկյանը երբեք, այս քսան տարիների ընթացքում չի էլ ներկայացել դատարան․«Չկա էդպիսի մարդ, գոյություն չունի։ Դատարանում ներկայացրած փաստաթղթերն էլ սաղ քսերոքսներ էին, մի հատ օրիգինալ փաստաթուղթ չկար»։
Թելոյանի փաստաբանն էլ ասում է՝ վիճելի գույքի սեփականությունը Թելոյանները ստացել են կադաստրի եւ նոտարի հաստատմամբ։
Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշմամբ այս հասցեի շինության մի մասը պետք է քանդվեր․ «Էմմա Թելոյանին թողնում են 17 քմ օրինական շինություն, առանց հողի, անվավեր են ճանաչում վկայականը, իբր հող նվեր չի ստացել, բայց դա էլ գրանցում են ամերիկացու անունով։ Ապօրինի վճիռների հետեւանք է։ Հինգ անգամ քրեական գործ է հարուցվել ամերիկացու եւ դատավոր Կարինե Հակոբյանի ամուսնու դեմ։ Իրենք հզոր են կարողացել են որոշումները վերացնել»։
Առավոտը դեռ 2004-ին անդրադարձել էր այս դեպքին, Դնգիկյանի լիազոր ներկայացուցիչը Գ. Խուդավերդյանն է, որը դիմել էր դատարան՝ որպես սեփականատեր տան գնման նախապատվությունը իրեն փոխանցելու եւ Էմմա Թելոյանի կողմից կառավարության 114 որոշմամբ օրինականացված կառույցները (որոնց մեջ մտնում են թե բնակարանը, թե օբյեկտը) քանդելու պահանջով։ Ըստ հայցվորի, Գագիկ Խուդավերդյանը վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանի ամուսինն է:
Այսօր Հարկադիր ծառայողները չափագրում են տարածքի այն հատվածը, որի վրա արգելանք է դրված, եւ ըստ Լեւոն Թելոյանի, հարկադիրն ասում է՝ ոչինչ, եկել ենք նորից չափագրում ենք։
Սննդի օբյեկտի տնօրեն Վալենտինա Թելոյանն էլ պատմում է, որ այսօր կարմիր բերետավորներն թոռնիկին եւ այլ երիտասարդների բերման են ենթարկել․«Թոռնիկս չափագրողի թուղթը ձեռքից փախցրեց, կարմիր բերետավորները ոտքերը դրեցին էրեխու կոկորդին, մյուսները վրա տվին, քաշքշելով տարան։ Թոռներս պատերազմի մասնակից են, ինչի՞ համար են տենց քաշքշելով տանում»։
Նշենք, որ Դնգիկյանը տարիներ առաջ դիմել էր ՄԻԵԴ, գանգատը վերաբերում էր սեփականության (Պռոշյան 19 հասցեում գտնվող տարածքի սեփականություն) իրավունքի վեճին։ 2017-ին «Գեւորգ Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել եւ ՀՀ կառավարությանը պարտավորեցրել տուժածին փոխհատուցել 3 հազար 6 հարյուր եվրո։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ