Ռուսաստանի իրական ազդեցությունը
Փետրվարից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, ի աջակցություն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, Հայաստանում փորձ արվեց ոչ իշխանական ուժերի կողմից (այդ թվում նաև մեր) այս կամ այն կերպ կազմակերպել ու իրականացնել մի քանի հրապարակային միջոցառումներ:
Ազնիվ լինելու համար պետք է արձանագրել, որ այդ միջոցառումները սակավամարդ էին, անշուք և ոչ ազդեցիկ: Սա կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հետևողականորեն կորցնում է դիրքերը, մարդիկ հիասթափված են այդ երկրի մեր նկատմամբ վարած արտաքին ու ներքին քաղաքականությունից, դադարել են Ռուսաստանն ընկալել որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի, հզոր մի ուժի, որը կկարողանար կանխել Հայաստանի և Արցախի հնարավոր նվաճումը ադրբեջանաթուրքական ուժերի կողմից:
Շարունակաբար տարածվում է այն ապատեղեկատվությունը, թե իբր 44-օրյա պատերազմը սկսվել է ռուսների գիտությամբ ու համաձայնությամբ, նրանք էականորեն չեն աջակցել մեզ, իսկ միջամտել են միայն վերջին պահին` այն էլ սեփական շահերից դրդված, երբ որոշել են Արցախում զորք տեղակայել: Ներկայումս էլ շահարկվում է, թե իբր Ուկրաինայի հարցում Թուրքիայի լոյալությունն ապահովելու համար, Ռուսաստանը մեր ազգային շահերի և տարածքների հաշվին անվերջ զիջումների է գնում, նույն այդ նպատակով հովանավորում է հայաստանյան օրվա իշխանություններին, քանի որ պաշտոնները պահելու մոլուցքով տարված` վերջիններս կատարում են ի վնաս մեզ տրված բոլոր հանձնարարությունները:
Կարդացեք նաև
Ռուսաստանի ազդեցության էական անկման մասին են վկայում նաև տարաբնույթ սոցհարցումները, որոնք ճշգրիտ արտացոլում են այդ երկրի նկատմամբ մարդկանց բացասական տրամադրվածությունը: Այլ կերպ ասած` հայ մարդը սկսել է մոռացության մատնել, թե Ռուսաստանը վերջին շուրջ 300 տարվա ընթացքում ինչ ահռելի դերակատարություն է ունեցել մեր հայրենիքի, ժողովրդի փրկության, զարգացման հարցերում և ինչ կլիներ, եթե այդ աջակցությունը չլիներ, իսկ ռուսներն անտեսում են, որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանային իրենց միակ ու հուսալի դաշնակիցը եղել է հայ ժողովուրդը:
Հարկ է նշել, որ Հայաստանում տարբեր կազմակերպություններ և անհատներ, այդ թվում նաև մենք, այնուամենայնիվ փորձել ենք կանխել Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը սակայն հաջողությամբ չի պսակվել, քանի որ գործող իշխանություններն այդ գործընթացում չեն ներգրավվում, իսկ նրանց սատելիտ քաղաքական գործիչներն ու ուժերը բացահայտ պրոթուրքական քարոզչություն են իրականացնում:
Մեր երկրների, ժողովուրդների միջև առկա դաշնակցային կապերի թուլացմանը նպաստել է նաև Հայաստանում ներկայացված ռուս պաշտոնյաների ակնհայտ պասիվ, ավելի շատ իմիտացիոն, իներտ, ոչ ճիշտ ուղղվածության գործունեությունը:
Այսպիսով` Ռուսաստանը, եթե ուզում է շարունակել ներկայացված մնալ տարածաշրջանում և հատկապես Հայաստանում, ստեղծված իրավիճակից պետք է լրջագույն հետևություններ անի և շուտափույթ միջոցներ ձեռնարկի հայ ժողովրդի մոտ որպես ռազմավարական դաշնակցի իր վաղեմի հեղինակությունը վերականգնելու և վստահությունը բարձրացնելու համար, այլապես ևս մեկ-երկու տարի, և ռուսները դուրս կմնան Հայաստանից ու Արցախից:
Միամիտ է կարծել, որ ռուսներն այս ամենը չեն տեսնում և չեն հասկանում, այլ հարց է, թե արդյո՞ք կարողանում են կանխատեսել Ռուսաստանի ապագան մեր տարածաշրջանում իրենց դիրքերը վերջնականապես կորցնելուց հետո:
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր