«Այն, ինչ կատարվել է ՀՀ-ում 2018-ին, և այն կառույցները, որոնք թավշյա հեղափոխության կողմնակիցն են եղել՝ ունեն նույն ծագումը»,- «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության գործադիր վարչության անդամ Արմեն Պետրոսյանը: Այնուհետև շարունակեց. «Ժիրայր Սեֆիլյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժերը նույնն են: Այն, ինչ կատարվել է Բերձորում՝ կապված Ժիրայր Սեֆիլյանի ավտոշարասյան երթի հետ, եթե այդ ամենին մենք ճիշտ գնահատական տայինք, երևի այսօր Արցախի դրոշը, որը նաև հաղթանակի խորհրդանիշ է, չէր պղծվի»:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ հակառակորդը ՀՀ-ում իր դիրքերն ամրացնելու համար իրականացրել է հինգ ռազմավարական օպերացիաներ: Նա մանրամասնեց. «Միջնադարյան ասացվածք կա՝ անառիկ ամրոցը գրավում են ներսից: Մեր ամրոցը գրավելու համար իրականացրել են հինգ ռազմավարական օպերացիաներ: «Ելք կա» կոդային ամրագրմամբ, «Հարյուրամյակն՝ առանց ռեժիմի», «Քայլ արա, մերժիր Սերժին», «Ապագա կա» և «խաղաղության դարաշրջան» այս կոդային անվանումներով: Դրանց նպատակը հասարակության մեջ սևերի-սպիտակների բաժանումն էր, պառակտելը, մարդկանց միջև թշնամանք առաջացնելն էր, ինչպես նաև որոշ կարողություններ ունեցող, հարուստ մարդկանց նկատմամբ ատելություն սերմանելն էր»:
Մի շարք արտաքին գործոններ ևս, ըստ նրա, ունեցել են ազդեցություն, մասնավորապես Նախիջևանում իրականացված թուրք-ադրբեջանական զորավարժությունը, որի խորագիրն էր՝ «երկու պետություն, մեկ ազգ»: Նա պարզաբանեց. «Այդ բանաձևի միջոցով նրանք կարողացել են օրինականացնել Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս: Մենք հակառակն ենք արել. փչացրել ենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ»:
Վկայակոչելով հայկական իմաստնությանը՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Իմաստնությունն ասում է՝ մի ձեռքը ծափ չի տալիս: Բայց մենք այդ իմաստնությունից չօգտվեցինք: Եթե մեր մյուս ձեռքը ՌԴ-ն էր, որ մինչև այսօր խաղաղապահներով հսկում է մեր սահմանները, մենք այդ ափից չօգտվեցինք, ամեն ինչ արեցինք, որ այդ հարաբերությունները փչանան, և դրա գագաթնակետը թավշյա-թուրքական հեղափոխությունն էր: Ադրբեջանն օգտվեց մեր նախնիների իմաստնությունից, ձեռք բերեց դաշնակիցներ՝ հանձին Թուրքիայի, որի ցամաքային զորքերը ՆԱՏՕ-ում երկրորդն են: Այդ բանաձևն օգտագործելով՝ երկու պետություն մեկ ազգ, օրինականացրին Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս և երկաթյա բռունցք կոդային անվանմամբ ռազմական գործողություններ իրականացրին ու մեծ հաջողությունների հասան Արցախում՝ գրավելով Շուշին»:
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ 44-օրյա պատերազմում մեր գործած սխալներից էր այն, որ խանգարել են բանակին: Նա պարզաբանեց. «Զինկոմիսարիատի զորահավաքին պետք է ոչ մեկ չխանգարի: Չպետք է խանգարեն բանակին, բանակը մեկն է, այլ կազմավորումներ չպետք է լինեն, եթե կան էլ, դրանք պիտի լինեն այն մարդկանցից բաղկացած, որոնք չկան մոբռեսուրսում, այլ կատարեն թիկունքային աշխատանքներ, այլ ոչ թե 30 տարեկան, մկաններ ունեցող տղաները ձեթ, վերմիշել բաժանեն: Իմ տեսած ամենամեծ սխալն այն էր, որ զինկոմիսարիատներին խանգարել են»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ոտք դնել Արցախ: Ես նրան Արցախում տեսել եմ դեռ շատ տարիներ առաջ, երբ պատգամավոր էր, ես նրա աչքերում տեսել եմ ատելությունն Արցախի նկատմամբ: Ինչքան այդպիսի աչքերով մարդիկ կային, կանգնած էին նրա կողքին: Բոլոր նրանք, որոնք Արցախը համարում են բեռ, եղել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխության լոկոմոտիվները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ