«Հայաստանում քննչական մարմինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում. ինչը թույլատրելի է Նիկոլ Փաշինյանին եւ նրա շրջապատին կամ, ինչը կիրառելի է Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի համար՝ կիրառելի եւ թույլատրելի չէ ընդդիմադիր գործիչների համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքին:
Հիշեցնենք, օրերս Ռուբեն Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Մեղադրանքի համար հիմք է ընդունվել 2021 թվականի նոյեմբերի 25-ին, լսումների ժամանակ, ԱԺ ամբիոնից Ռուբեն Հակոբյանի ունեցած կոշտ ելույթը: Քննչական մարմինը որոշել է, որ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք հասցնելու» հատկանիշներ կան։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
«Գործի տարբեր փուլերում հարցնում էին՝ ո՞ւմ եք նկատի ունեցել: Չգիտեին, փաստորեն, թե ո՞ւմ ենք նկատի ունեցել: Հետո, վերլուծեցին ինչ-որ կերպ եւ հասկացան, որ այդ «վիժվածք սրիկան» Նիկոլ Փաշինյանն է: Շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են եկել այդ եզրահանգմանը: Ի սկզբանե քրեական գործը հարուցել էին ո՞ր անձին վիրավորելու կապակցությամբ»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հստակեցնելով՝ այս մասով բացատրություններ իրենց չեն տրվել:
Պաշտպանի համար անհասկանալի է նաեւ, թե ինչպե՞ս է քննչական մարմինը որոշել՝ այդ անձի համար դա ծանր վիրավորա՞նք է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ, գործը նա համարում է շինծու։ Վարազդատ Հարությունյանը վստահեցնում է, որ այս գործն ուղղված է Ռուբեն Հակոբյանի քաղաքական գործունեության դեմ:
Այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ իրեն մեղադրանք է առաջադրվել, ըստ Ռուբեն Հակոբյանի, կարելի է Հայաստանի բնակչության 90 տոկոսին մեղադրանք առաջադրել: Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մեր արդարադատության վիճակը շատ դաժան է. «Երբ լրատվամիջոցներից մեկը հարցում էր ուղարկել ոստիկանություն, թե ինչպե՞ս են արձագանքել, երբ Փաշինյանը շատ հասցեական ասում էր՝ «մատ եմ թափ տալիս, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», պատասխանել էին՝ դա հասցեական չէ։ Պետք է տգետ լինես, որ այդպես ասես՝ անուղղակիորեն ընդունելով, որ դա խուլիգանական վարքագիծ է։ ՄԻՊ-ն էլ այդ նույն հարցով ասել է, թե դա քաղաքական հայտարարություն է։ Այսինքն, սեռական բնույթի հայտարարությունները ՄԻՊ-ը դիտում է որպես քաղաքական հայտարարություն, իսկ պատասխանողին մեղադրյալ են նշանակում։ Ես արհամարհում եմ նման դատական համակարգը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ