ՀՀ կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին նոր համաձայնագիր է կնքվել ու պետք է վավերացվի: Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում փորձեց նախագիծը ներկայացնել ու անհարմար դրության մեջ հայտնվեց:
Նա նախ զեկուցեց, որ համաձայնագրով նախատեսվում է 116 մլն 400 հազար եվրո տրամադրել, որից 40 մլն-ը վերականգնվող էներգիայի զարգացում ծրագրի համար է, 3 մլն-ը՝ օժանդակություն է կենսաբազմազանության եւ կայուն զարգացման ծրագրի համար: Իսկ 70 մլն-ը՝ արտոնյալ վարկի համար է՝ ՓՄՁ-ների համար:
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ հենց այնպես փո՞ղ են տալիս, եթե վարկ է, ի՞նչ պայմաններով, ի՞նչ տոկոսադրույքով: Փոխնախարարը պատասխանեց, որ «միքս» միջոցներ են՝ ոչ ամբողջությամբ վարկային ու ոչ ամբողջությամբ դրամաշնորհային. «Վարկային միջոցները բավականին արտոնյալ պայմաններով են՝ եվրոպական լիբոր, գումարած 60 բազիսային կետ, որը ապահովում է, որ բացասական տիրույթ չգնանք: Մարումները 6 ամսով են: Այսօրվա տոկոսով մոտավորապես 0.3%-ով է»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց վարկի ժամկետներից: Գեւորգյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, 15 տարի: Վարկային պայմանները տրամադրվում են ըստ տրանշերի: Տոկոսադրույքն էլ որ ասում եմ, միջինացված եմ ասում: Վավերացումից հետո պայմանագրեր են կնքվելու»: Արթուր Խաչատրյանը զարմացավ՝ ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չի: Փոխնախարարը փորձեց լրացնել բացը՝ միջինում 10-15 տարի ժամկետայնություն ունի: Սա բարկացրեց Խաչատրյանին. «Միջինը թիվ կարող է լինի, չի կարող լինի 10-15 տարի»: Ռաֆայել Գեւորգյանը արձագանքեց. «Ուզում եմ հարցս ես տամ, ենթադրենք, 12-13 տարի է, դա մեր որոշումների վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու»: Արթուր Խաչատրյանը դիտողություն արեց՝ սովորաբար գործադիրը գալիս է՝ հարցերին պատասխանելու, ոչ թե հարց տալու. «Հիմա ես հարց եմ տալիս, ունի՞ վարկը արտոնյալ ժամկետ, թե՞ չունի՝ 6 ամիս, 7 ամիս…Տոկոսադրույքը ինչքա՞ն է կազմում, վարկային փաթեթի մանրամասները խնդրեմ ներկայացրեք, առանց «եթե չեմ սխալվում»-ի: Հիմա պիտի քվեարկենք՝ առանց իմանալու ինչքա՞ն է լինելու»:
Կարդացեք նաև
Պարզվեց՝ արտոնյալ ժամկետը 1 տարի է, իսկ ժամկետների հարցում հստակություն չկար՝ նվազագույնը 10 տարի է, առավելագույնը՝ 15 տարի:
Արթուր Խաչատրյանն առաջարկեց չքվեարկել համաձայնագիրը, մինչեւ կառավարության ներկայացուցիչը իրենց հարցերի պատասխանը չիմանա ու չասի:
Այլ հարցեր քննարկելուց հետո նորից անդրադարձան այս համաձայնագրի հարցին: Շատ հարցերի պատասխաններ էլի չտրվեցին՝ հորդորելով լիագումար նիստի ժամանակ գալ պատրաստված: Փոխնախարարն ասաց, որ մեզ էժան ռեսուրս է պետք՝ ՓՄՁ վարկավորման համար, իսկ թե ոնց կտեղաբաշխեն դա, որ բանկերի միջոցով, քննարկելիք հարցեր են:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ