Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ձևավորվող շուկայական և զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն, ասվում է Համաշխարհային բանկի այսօր լույս տեսած՝ «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարկման մեջ։
Այժմ կանխատեսվում է, որ տարածաշրջանի տնտեսության ծավալներն այս տարի կկրճատվեն ավելի քան 4.1 տոկոսով 3 տոկոսանոց աճի նախապատերազմյան կանխատեսման համեմատ, քանի որ պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները խորացնում են ՔՈՎԻԴ-19 համավարակի շարունակվող ազդեցությունները։ Այս կրճատումը վերջին մի քանի տարում երկրորդը և 2020 թ․ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կրճատումից երկու անգամ մեծ կլինի։
Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի տնտեսության ծավալների 45.1 տոկոսանոց կրճատում է կանխատեսվում, թեև կրճատման մեծությունը կախված կլինի պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից։ Աննախադեպ պատժամիջոցների հարվածը կրելով՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խորն անկման մեջ է հայտնվել, ընդ որում 2022 թ․ կանխատեսվում է թողարկման ծավալների 11.2 տոկոսանոց կրճատում։
«Պատերազմի պատճառով անարգել խորացող հումանիտար ճգնաժամը ազդեցիկ չափերի է։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տնտեսությանը հուժկու հարված է հասցնում և ենթակառուցվածքներին հսկայական վնաս է պատճառել»,-ասաց Համաշխարհային բանկ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Ուկրաինան զգալի ծավալի ֆինանսական օժանդակության անհապաղ կարիք ունի, քանի որ այն պայքարում է իր տնտեսությունը և կառավարության աշխատանքը պահպանելու համար՝ օժանդակելու ծայրահեղ իրավիճակից տուժող և դրան դիմակայող Ուկրաինայի քաղաքացիներին»։
Կարդացեք նաև
Պատերազմը համաշխարհային տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղման, բարձրացող գնաճի և պարտքի և աղքատության մակարդակի կտրուկ աճի ավելացող մտահոգություններին է գումարվել։ Տնտեսական ազդեցության արձագանքը դրսևորվել է բազմակի ուղիներով, այդ թվում՝ ապրանքային և ֆինանսական շուկաներ, առևտուր ու միգրացիոն կապեր և վստահության վրա անբարենպաստ ազդեցություն։
Պատերազմը նաև ծանր հարված է հասցնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող և զարգացող տնտեսություններին՝ տարածաշրջան, որտեղ արդեն այս տարի համավարակի շարունակվող ազդեցությունների հետևանքով տնտեսական աճը դեպի դանդաղում էր գնում։ Ռուսաստանից և Ուկրաինայից բացի, կանխատեսվում է, որ Բելառուսը, Ղրղըզստանը, Մոլդովան և Տաջիկստանն այս տարի տնտեսական անկման մեջ կընկնեն, իսկ աճի կանխատեսվող ցուցանիշները բոլոր տնտեսություններում իջեցվել են՝ պայմանավորված պատերազմի ազդեցությունների տարածմամբ, եվրագոտում սպասվածից թույլ տնտեսական աճով և ապրանքային, առևտրի և ֆինանսական ցնցումներով։
Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում տարածաշրջանում ցորենի ներմուծման 40 տոկոսը և Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում շուրջ 75 տոկոսից ավելին։ Ռուսաստանը նաև արտահանման խոշոր ուղղություն է շատ երկրների համար, իսկ Կենտրոնական Ասիայի որոշ տնտեսություններում (Ղրղըզստան, Տաջիկստան) Ռուսաստանից դրամական փոխանցումները ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսն են կազմում։
«Ուկրաինայի պատերազմը և համավարակը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ ճգնաժամերը կարող են համատարած տնտեսական վնասի պատճառ դառնալ և մեկ շնչի հաշվով եկամուտներն ու զարգացման ուղղությամբ ձեռքբերումները մի քանի տարով հետ գցել»,- ասաց, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Քանտը։ «Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի կառավարություններն ամրացնեն իրենց մակրոտնտեսական բուֆերները և բարձրացնեն իրենց քաղաքականության վստահելիությունը՝ ռիսկերը զսպելու և առևտրի ու ներդրումային ուղիների հնարավոր հատվածականությունը հաղթահարելու, սոցիալական ապահովության իրենց ցանցերն ամրապնդելու համար՝ առավել անապահովներին, այդ թվում՝ փախստականներին պաշտպանելու համար և էներգախնայողության բարելավման շեշտադրումը չկորցնեն՝ կայուն ապագա ապահովելու համար»։
Պատերազմի պատճառով առաջացած հումանիտար խորը ճգնաժամը համաշխարհային ցնցման սկզբնական ալիքներից առավել արտահայտվածն էր և հավանաբար հակամարտության թողած ամենատևական ժառանգությունների թվին կդասվի։ Ուկրաինայից դեպի հարևան երկրներ փախստականների ալիքի պատճառով սպասվում է, որ նախորդ ճգնաժամերի նշանակությունը դրա համեմատ կփոքրանա։ Դրա հետևանքով առանցքային կլինի ընդունող երկրին և փաստականների համայնքներին օժանդակությունը, և Համաշխարհային բանկը ծրագրային աջակցություն է նախապատրաստում՝ փախստականների հոսքերի մեծացմամբ պայմանավորված ֆինանսավորման կարիքները հոգալու համար։
Պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճը ևս ընդգծում է էներգաանվտանգության անհրաժեշտությունը՝ խթանելով վերականգնվող աղբյուրներից էներգամատակարարումը և էներգախնայողության լայնամասշտաբ միջոցառումների նախագծման և իրականացման արագ ընթացքի ապահովումը։
Համաշխարհային բանկի խմբի արձագանքն Ուկրաինայի պատերազմին
Համաշխարհային բանկի խումբն արագ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից Բանկի խումբը մոբիլիզացրել է 925 միլիոն դոլարի հրատապ ֆինանսավորման փաթեթ՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Արագ հատկացվող աջակցությունը կուղղվի հիվանդանոցների աշխատակիցների աշխատավարձերի, տարեցների կենսաթոշակների վճարմանը և անապահովների համար սոցիալական ծրագրերին օգնելուն։ Արագ ֆինանսավորումը աջակցության 3 միլիարդ դոլարանոց փաթեթի մաս է, որը Բանկի խումբը Ուկրաինայի համար առաջիկա ամիսներին կնախապատրաստի։ Ներխուժումն արդեն Եվրոպայում երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո փախստականների ամենամեծ ճգնաժամի պատճառ է դարձել։ Բանկի խումբն ուսումնասիրում է, թե ինչպես է ընդունող երկրներում աջակցելու փախստականներին։
Համառոտագիր
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնության ներխուժումն Ուկրաինա ցնցեց ողջ աշխարհը: Պատերազմը կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա և տնտեսական ավերածություն է առաջացնում երկու երկրներում էլ: Այն նաև զգալի տնտեսական կորուստների կհանգեցնի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում և մնացած աշխարհում: Սա երկու տարվա ընթացքում գրանցված երկրորդ խոշոր ցնցումն է, որի հետևանքով 2022 թվականին կանխատեսվում է թողարկման ծավալների 4.1 տոկոսով կրճատում` ցուցանիշ, որը կրկնակի անգամ գերազանցում է 2020 թվականին Քովիդ-19-ի հետևանքով գրանցված տնտեսական անկման ցուցանիշը:
Տարածաշրջանի երկրներն արդեն պատրաստվում էին 2021 թվականին սկսված Քովիդ-19-ի հետևանքների հաղթահարման տեմպի դանդաղմանը, ինչը պայմանավորված էր աճի և առևտրի ծավալների նվազմամբ, գնաճի առաջացրած լարվածությամբ, պարտքի կայունության հետ կապված խնդիրներով և տոկոսադրույքների բարձրացմամբ:
Մտահոգության տեղիք էին տալիս նաև Քովիդ-19-ի առաջացրած խաթարումներն ու աշխարհաքաղաքական լարվածության աճը: Պատերազմը խորացրեց ապագայի վատթարացած հեռանկարը, իսկ հակամարտության տնտեսական հետևանքները զգացվում են բազմաթիվ խողովակներով` սկսած հումքային ապրանքների և ֆինանսական շուկաներից, առևտրից և միգրացիոն կապերից մինչև ներդրողների վստահություն:
Հարևան ԵԿԱ երկրներն, ըստ ամենայնի, զգալի տնտեսական վնասներ կկրեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ամուր առևտրային, ֆինանսական և միգրացիոն կապերի պատճառով:
Ռուսաստանը էներգիայի և արդյունաբերական մետաղների հիմնական արտահանող է, իսկ Ռուսաստանը և Ուկրաինան միասին ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան 25 տոկոսը: Հատկապես մեծ է Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, քանի որ բնական գազի 47 տոկոսը և նավթի 25 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից:
Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան իրենց ցորենի ավելի քան 75 տոկոսը ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ երկրներ ապավինում են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի և այլ հումքային ապրանքների ներմուծմանը, ինչը կարող է հանգեցնել պարենային անապահովության: Մատակարարման ծավալների կրճատումն ու էլեկտրաէներգիայի և պարենի գների բարձրացումը կնպաստեն գնաճին` անդրադառնալով տարածաշրջանի երկրների, ինչպես նաև աշխարհի վրա: Ավելին, թեև արտահանման գլոբալ ծավալների ընդամենը 3 տոկոսն են ապահովում Ռուսաստանն ու Ուկրաինան, սակայն պատերազմն ու պատժամիջոցները խաթարել են միակցվածությունը` խափանելով առևտրաշրջանառության ուղիներն ու բարձրացնելով բեռնափոխադրումների և ապահովագրության արժեքը: Այս ամենն ահագնացնում է գլոբալ արժեքի շղթաներում առկա լարումները` բացասական անդրադառնալով տնտեսության մի շարք ոլորտների վրա, այդ թվում` պարենային, ավտոմոբիլային, նավթաքիմիական և տրանսպորտային: Հումքային ապրանքների գների բարձրացման հետ մեկտեղ` գլոբալ արժեքի շղթաներում առկա լարումները խթանում են գնաճային ճնշումները: Ռուսաստանը շատ կարևոր արտահանման ուղղություն է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Բալթյան երկրների համար` ընդունելով նրանց արտահանման ծավալների 10 տոկոսը, Հայաստանից` մոտ 25 տոկոսը, իսկ Բելառուսից` ավելի քան 40 տոկոսը: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, ինչպիսիք են Ղրղըզստանի Հանրապետությունը և Տաջիկստանը, կազմում են համախառն ներքին արդյունքի մոտ 30 տոկոսը: Ոուս և ուկրաինացի զբոսաշրջիկները ժամանողների ավելի քան 10 տոկոսն են կազմում ԵԿԱ երկրների գրեթե կեսում, այդ թվում Վրաստանում, Չեռնոգորիայում և Թուրքիայում, որոնք մեծապես տուրիստական երկրներ են:
Պատերազմը և Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները ծանր են անդրադարձել երկրի ֆինանսական համակարգի վրա և սահմանափակել ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ ազդելով ֆինանսական համակարգերի վրա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս: Շարունակվող հակամարտությունն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ներդրողների վստահության հետագա թուլացման և պորտֆելի վերաարտահոսքին և արժույթի արժեզրկմանը տարածաշրջանում: Հատկապես ռիսկային են այն երկրները, որոնց ընթացիկ հաշվի պակասուրդը մեծ է կամ ձևավորված է ոչ ռեզիդենտների արտարժույթով արտահայտված մեծ մասնաբաժիններով կամ կարճաժամկետ պարտքային պարտավորություններով, և այդ երկրները կարող են խնդիր ունենալ պարտքի մարման ժամկետները տեղափոխելու հետ կամ առերեսվել պարտքի սպասարկման պարտավորությունների էական ավելացման:
Պատերազմն առաջացրել է փախստականների ապակայունացնող ալիք: Ավելի քան 4 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, որոնցից կեսն անցել է Լեհաստան, շատերն էլ` Հունգարիա, Մոլդովա և Ռումինիա: Առաջիկա ամիսներին սպասվում է փախստականների թվի աճ, և ընդունող երկրները պետք է դիմագրավեն նրանց կացարանով ապահովելու մարտահրավերը: Պետք է արագ ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և մարդասիրական օգնություն` հիմնական ծառայությունների մասշտաբները մեծացնելու և դրանց տրամադրումն ապահովելու համար: Պատերազմի հետևանքով աղքատության մակարդակը տարածաշրջանում կբարձրանա, և դա պայմանավորված կլինի տնտեսական անկմամբ ու պարենային գների աճով:
Ուկրաինայում 6,5 միլիոն մարդ արդեն իսկ ներքին տեղահանված է, և բնակչության մոտ մեկ երրորդը շտապ մարդասիրական օգնության կարիք ունի: Տարածաշրջանի տնտեսական հեռանկարի վրա պատերազմի ազդեցությունը կախված է լինելու նաև նրանից, թե շարունակական հակամարտությունն ինչ զարգացում կունենա: Եթե առաջիկա ամիսներին հակամարտությունը հանգուցալուծվի, կորուստները հնարավոր կլինի զսպել, և սկսել վերականգնման գործընթացը:
Հակամարտության ձգձգման պարագայում կավելանան մարդկային և տնտեսական կորուստները, քաղաքական անորոշության աստիճանը, տարածաշրջանային ինտեգրումը կմասնատվի և կխաթարվեն կարևոր առևտրային ու ներդրումային կապերը: Այս դժվարին ժամանակաշրջանում քաղաքականության մշակման պատասխանատուները պետք է ուժեղացնեն մակրո տնտեսական քաղաքականության բուֆերները և հաստատությունները` կայունության բարձրացման նպատակով, ինչպես նաև խրախուսեն ներառական ու ավելի հավասար վերականգնման գործընթաց` ամրապնդելով սոցիալական պաշտպանության համակարգերը` ավելի անապահով խավին, այդ թվում` փախստականներին պաշտպանելու նպատակով, և ուշադրության կենտրոնում պահեն էներգախնայողությունն ու անցումը կանաչ տեխնոլոգիաներին, ինչը կերաշխավորի կայուն ապագա: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները չեզոքացնելը ևս մերօրյա ամենահրատապ խնդիրներից է:
Պատերազմը և ավանդական էներգակիրների գների թռիչքային աճը ևս մեկ անգամ ցույց է տալիս վերականգնվող էներգակիրների գրավչությունը և ավելի էժան, մաքուր ու հուսալի էներգամատակարարման անցնելու կարևորությունը: Էներգախնայողությունը բարելավելով, էներգիայի սպառման ընթացքում թափոնները կրճատելով և նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով տարածաշրջանի տնտեսությունները հնարավորություն կունենան մեղմելու տնտեսական աճի վրա պատերազմի ունեցած ազդեցությունները:
Համաշխարհային բանկ