Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքում մի անգամ եմ շահումով խաղ խաղացել, տնեցիները «շան լափ» թափեցին գլխիս». Արթուր Խաչատրյան

Ապրիլ 11,2022 14:43

«Իհարկե, գովելի է, որ պայքար է տարվում տոտալիզատորների դեմ, սա խայտառակություն է, ու ինչ-որ բան պետք է արվի»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ՔՊ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:


Այսօր բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, անկանխիկ եւ էլեկտրոնային դրամապանակներից: Նախագծով առաջարկվում է օրենքն ընդունվելուց 10 օր հետո արգելել կանխիկ ձեւով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները, իսկ 6 ամիս հետո նաեւ հնարավոր չի լինելու լիցքավորել էլեկտրոնային դրամապանակով:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն ասաց, որ այս ճանապարհով չէին գնա, եթե ֆինանսական գրագիտություն լիներ, մարդիկ իմանային, որ խաղում են՝ պարտվելու համար, բայց, ցավոք, գովազդներում խոսում են մեծ շահումների մասին, իսկ խաղացողները խաղում են վատ օրից՝ այդ շահումներին հասնելու ձգտումով: Բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք ավելի գրագետ կլինեն ու կհասկանան բոլոր ռիսկերը: Փոխնախարարն ասաց, որ հիմնականում խաղացողները էլեկտրոնային դրամապանակով կամ Telcell-ով են վճարում, որ հետագծելիությունը չերեւա, օրենքի այս փոփոխությամբ կբացահայտվեն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ վիճակագրությունը մտահոգիչ է ու ցավոտ հարց են քննարկում՝ անաշխատ եկամուտները կանոնակարգելը. «2018-2020-ին մասնակիցները 18 հազար 93-ից դարձել է 44 հազար 82, սա սարսափելի ցուցանիշ է»:

Նա հետաքրքրվեց, թե կազմը ինչպիսին է, արդյոք օտարերկրյա քաղաքացինե՞ր են,շարժառիթը ո՞րն է այս աճի: Վերլուծություն կա՞, թե ինչն է պատճառը ու ինչպես կարելի է այս գումարները մղել տնտեսության իրական սեկտոր, ոչ թե վիճակախաղերի կամ շահումով խաղերի դաշտում թողնել:

Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ իսկապես թվերը արագ են աճում, կրկնապատկվել են վերջին 2 տարիներին: Մտահոգիչ է սա սոցիալական խոցելիության տեսանկյունից: Եթե իմանանք, որ խաղում են սոցիալապես ապահովները զուտ ժամանցի համար, մտահոգվելու խնդիր չենք ունենա: Վարչապետի հանձնարարականն ունենք երկու կարեւոր ուղղությամբ ռիսկերը գնահատելն է, թե սոցիալապես անապահով, պետության կողմից աջակցություն ստացողները ինչքանո՞վ են ներգրավված այս համակարգում:

Ըստ Արծվիկ Մինասյանի, լուծումներից մեկն այն է, որ շահումից հարկ վճարվի. «Այսօր իմ անշարժ գույքը վաճառում եմ՝ հարկ եմ վճարում: Սա մի մոդել է, որ առաջիկայում պետք է քննարկվի: Գաղափարներից մեկն էլ այն է, որ պետական այնպիսի վիճակախաղ կազմակերպել, որը կբերի պետության, տնտեսության բազմաթիվ խնդիրներ լուծել: Մասնավորից կբերվի պետություն ու պետության ուղիղ մասնակցությունը կարող էր լինել»:

Պապոյանի համար ընդունելի էր, որ եթե քաղաքացին, օրինակ, շահել է 20 մլն դրամ, հարկվի, շահումը պետք է ճանաչել եկամուտ:

Ուշագրավ է, որ նախագծով ամրագրվում է, որ շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ, նմանատիպ սպորտային խաղերը շահումով խաղ չեն համարվում: Արթուր Խաչատրյանն ասաց, որ եթե բիլիարդով շահում են, ուրեմն շահումով խաղ է, բացի այդ, տիրը սպորտային խաղ չի՝ կրակում են. «Չինգաչունգը կարող ես ասել, բայց եթե բիլիարդով շահում ես, ուրեմն շահումով է, ձեւակերպումն անհասկանալի է»: Պապոյանն ընդունեց դիտողությունը, կլրամշակվի նախագիծը. «Բեսեդկայում պապիկների նարդին չենք համարի շահումով խաղ, եթե անգամ շահում լինի»:

Արթուր Խաչատրյանն էլ պատմեց, թե ինչպես է սպրինտ խաղացել. «Կյանքում մի անգամ եմ շահումով խաղ խաղացել, տնեցիները «շան լափ» թափեցին գլխիս: Դա 40 տարի առաջ էր, հիմա գիտելիքներիս բացը լրացրեք»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930