Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդը, որը 10 հազար դրամ աշխատում ու բուքմեյքերականներում պարտվում էր, ստիպված պիտի բանկային հաշիվ բացի. ՔՊ-ի նոր նախագիծը՝ խաղամոլների դեմ

Ապրիլ 11,2022 13:39

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Այսօր բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, անկանխիկ եւ էլեկտրոնային դրամապանակներից: Նախագծով առաջարկվում է օրենքն ընդունվելուց 10 օր հետո արգելել բուքմեյքերական հաշիվները կանխիկ ձեւով լիցքավորելը, իսկ 6 ամիս հետո նաեւ հնարավոր չի լինելու լիցքավորել էլեկտրոնային դրամապանակով: Ստացվում է, որ 6 ամիս հետո մարդիկ կարող են բուքմեյքերական հաշիվները լիցքավորել միայն անկանխիկ եղանակով: Պապոյանն ասաց, որ նախագիծը իրենց նախընտրական խոստումներից է, ուզում են սահմանափակել կամ թափանցիկ դարձնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը կամ մեր քաղաքացիների՝ դրանց հասանելիությունը. «Վերջերս վարչապետի կողմից մի թիվ նշվեց՝ 3,9 տրիլիոն դրամի շրջանառություն, որը հետեւյալ կերպ է լինում, օրինակ, եթե քաղաքացին լիցքավորում է իր հաշիվը 5000 դրամ խաղադրույք է կատարում ու շահում է օրինակ 25 հազար դրամ, հետո այդ 25 հազարը ամբողջությամբ պարտվում է, ստացվում է, որ 30 հազար դրամի խաղադրույք կատարեց, բայց իրականում 5000 դրամ է լիցքավորել»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ մեր քաղաքացիները գիտության, կրթության, առողջապահության մեջ այդ գումարները ուղղելու փոխարեն այդ դաշտին են ուղղում ու խնդրահարույց հարցեր են սրանից առաջանում:

Նա ասաց. «Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, կարող է իր ստացած գումարի մի մասը ծախսել իր ժամանցի վրա: Բայց եթե մարդը սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, չունի բնակարան, նվազագույն աշխատավարձ է ստանում, այդ քաղաքացու երեխայի համար պետությունը նպաստ է վճարում, որ կարողանա իր երեխային պահել, բայց միեւնույն  ժամանակ այդ քաղաքացին գումար է ուղղում բուքմեյքերներին՝ խաղալու, բնականաբար, այստեղ պետությունն անելիք ունի ու գործիքակազմ է պետք կիրառել: Դրա համար պետք է թափանցիկացնենք, տեսնենք ով է խաղում, ինչքանով է խաղում, որ կարողանանք քաղաքականություն մշակել: Դրա վրա կառավարությունը հիմա աշխատում է, բայց մենք պետք է հասցեականությունը բարձրացնենք: Այս ոլորտի շրջանառությունը մեծ է, թվերը երկրաչափական պրոգրեսիայով են աճում: Եթե մենք մի 2 տարի առաջ մենք խոսում էինք 1-1,5 տրիլիոնի մասին, հիմա արդեն խոսում ենք 3,9 տրիլիոնի մասին, մինչեւ օրենքը ուժի մեջ մտնի, խոսելու ենք 4-4,5 տրիլիոնի մասին»:

Պապոյանն ընդգծեց, որ շատ քաղաքացիներ ստանում են որոշակի եկամուտներ, որոնք չեն հաշվառվում որեւէ կերպ, օրինակ, տաքսի ծառայություն, գյուղմթերքի արտադրություն. «Ստացվում է, որ մարդը ամբողջ օրը աշխատում է, հետո այդ գումարը հանգիստ կարող է պարտվել բուքմեյքերական գրասենյակներում: Հիմա ասում ենք, որ չես կարող դա անել: Նվազագույնը ինքը պետք է գնա, բանկային հաշիվ բացի, իսկ գիտենք, որ այդ քաղաքացիների մեծ մասը ԴԱՀԿ-ում պրոբլեմ ունի, իրենք չեն կարող գնալ բանկային հաշիվ բացել, ստացվում է, որ չի կարողանալու խաղալ: Իր համար խաղալը դառնալու է պրոբլեմ ու այդ 10 հազար դրամը, որ խաղում էր, գնալու է իր տուն, դառնալու է սննդամթերք իր երեխաներին, առողջապահության գումար: Իհարկե, ես իրավունք չունեմ որոշելու քաղաքացին  իր գումարը ոնց ծախսի, բայց նվազագույնը ծախսման այդ ուղղության մասով թափանցիկություն պետք է ներդնենք, որպես պետություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930