Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ամփոփ

Ապրիլ 11,2022 13:46

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա ամփոփ

Կարևոր իրադարձությունները հակիրճ

Ռազմական իրադրություն

  • Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։
  • Պենտագոնը պնդում է, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանին «Точка-У» հրթիռով հարվածել է Ռուսաստանը։
  • Ուկրաինան և Ռուսաստանն իրականացրել են գերիների երրորդ փոխանակումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկա բնակավայրի մոտ գտնվող զինամթերքի խոշոր պահեստը։ Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքի ռազմական օդակայանում ոչնչացվել է ուկրաինական մեկ МиГ-29 կործանիչ և Ми-8 ուղղաթիռ, ինչպես նաև ավիացիոն խոցման միջոցների պահեստ։ ՀՕՊ միջոցներով Բելոգորկայի, Կրասնոգորովկայի և Կրուտայա Բալկայի մոտ խոցվել է ուկրաինական չորս անօդաչու։ Ռուսական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի ռազմական 85 օբյեկտ, այդ թվում կառավարման երկու կետ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք կայան, չորս ինքնագնաց հրետանային միավոր, նյութատեխնիկական ապահովման երկու պահեստ, ինչպես նաև չորս հենակետ և ուկրաինական ռազմատեխնիկայի կենտրոնացման շրջան։
  • Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստությունները Ուկրաինայի արևելքի վրա հարձակման համար, որպեսզի ամբողջական վերահսկողություն հաստատի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքների վրա։ Իզյումի ուղղությամբ հակառակորդը առանց հաջողությունների հարձակումներ է իրականացրել Բրաժկովա և Սուլիգովկա բնակավայրերի ուղղությամբ։ Դոնեցկի ուղղությամբ ռուսական կողմը շարունակել է հարձակողական գործողությունները։ Հրետակոծության են ենթարկվել Մարյանսկոյե, Նովովորոնցովկա, Նովոգրիգորովկա և Շևչենկովո բնակավայրերը։ Ղրիմի տարածքից շարունակվում են հրթիռակոծվել Օդեսայի մարզի բնակավայրերը։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը հետ են շպրտել թշնամու յոթ հարձակում, ոչնչացրել 9 տանկ, 7 միավոր զրահապատ և 5 միավոր ավտոտեխնիկա։ Մեկ օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի չորս օդային թիրախ. երկու ուղղաթիռ, մեկ անօդաչու և մեկ թևավոր հրթիռ։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական С-300 համակարգի և «Днепр» գումարտակի բազայի խոցման մասին։ ՌԴ ԶՈւ-ն Ստարոբոգդանովկայի մոտ և Չուգուևի օդակայանում խոցել է ուկրաինական С-300 կայաններ։ Խոցվել է ուկրաինական 8 անօդաչու։ Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է 436 անօդաչու, համազարկային կրակի 232 համակարգ, 2052 տանկ և այլ զրահամեքենա։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրվա մեջ խոցել է Ուկրաինայի 86 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կառավարման երկու կետ։
  • Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Մարիուպոլի նավահանգստում «ազգայնականները» օտարերկրյա երկու նավ են գրավել և գերության մեջ պահում են անձնակազմին։

Բանակցային գործընթաց

  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա այն բանից հետո, երբ Ուկրաինան կհաղթի խոշոր մարտերում, այդ թվում՝ Դոնբասում։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է ուժեղանա, իսկ Ուկրաինային օգնությունը, այդ թվում՝ ռազմական, պետք է մեծանա։ «Այս պատերազմը կհաղթվի մարտի դաշտում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բորելը։
  • ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից այդ խոսքերից հետո, որ Ուկրաինայում պատերազմը «կհաղթվի մարտի դաշտում»։
  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դատապարտում է Բուչայում սպանություններն ու ամբողջությամբ աջակցում միջազգային հետաքննությանը, որն ուղղված է արյունահեղության մեղավորների հայտնաբերմանը։
  • Ուկրաինայից անմիջապես հետո Եվրամիության անդամակցության բանակցությունների նախապատրաստման հարցաթերթ կստանան նաև Վրաստանն ու Մոլդովան։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Օլիվեր Վարհեյին։
  • Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը, անձնակազմի համալրման նպատակով, հավաքագրումներ է իրականացնում ինքնահռչակ Մերձդնեստրի բնակչության շրջանում։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ընդգծել ենք, որ ռազմական հանցագործություններում բոլոր մեղավորները պետք է անհատականացվեն և պատժի ենթարկվեն։ Քննարկել ենք հակառուսական պատժամիջոցները, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցությունը»,- գրել է նախագահ Զելենսկին։
  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հայտարարել է. «Գործընթացը տարիներ է պահանջում, սակայն արտակարգ իրավիճակներում մենք պետք է պատրաստ լինենք ոչ ստանդարտ քայլերի»։
  • Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան «վճարում է Ֆրանսիայի և Գերմանիայի սխալի համար»։ Նրա խոսքով՝ Բեռլինի ու Փարիզի սխալ որոշումները հանգեցրին Ուկրաինայի դեմ պատերազմի։

Ներքաղաքական իրադրություն

  • Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Ջոնսոնը հանդիպումից հետո հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար պատրաստում է ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ։
  • Օդեսայում մտցվում է երկարաժամկետ պարետային ժամ։ Ինչպես մեկնաբանել են տեղական իշխանությունները, դա պայմանավորված է Կրամատորսկի ողբերգության հետ։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է մեկնել ավելի քան 2,6 միլիոն մարդ։ Իսկ ՄԱԿ-ի տվյալներով 11,4 միլիոն ուկրաինացի պատերազմի պատճառով լքել է իր տունը։
  • Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վլադիմիր Զելենսկին ներում է շնորհել 363 դատապարտյալների, որոնք պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու երկրի պաշտպանությանը։
  • Իսրայելն սկսել է «օդային կամրջով» Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկել։ Կիևում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին գրել է, որ Ուկրաինա, ընդհանուր առմամբ, կուղարկվի դեղամիջոցներ և սննդամթերք տեղափոխող 6 բեռնատար ինքնաթիռ։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ հասցվել է։
  • Պատերազմից ուկրաինական տնտեսության վնասները կարող են հասնել 1 տրիլիոն դոլարի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսանդր Գրիբանը։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի սահմանին ձերբակալվել է գրեթե 2.200 զինապարտ տղամարդ, որոնք փորձել են լքել երկիրը։

Միջազգային մամուլ

  • Ռուսական զորքերը վերախմբավորվում են Ուկրաինայի արևելքում՝ Խարկովի վրա հարձակումից առաջ։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինվորական հետախուզության պետ, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը։
  • «Welt am Sonntag» գերմանական պարբերականը գրել է, որ Ուկրաինան մտադիր է ձեռք բերել գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի Marder տեսակի 35 ՀՄՄ։ Բացի այդ, Ուկրաինան Գերմանիայի դեսպանություն հայտ է ուղարկել 1000 հատ Panzerhaubitze-2000 հաուբից ձեռք բերելու համար։
  • «Handelsblatt» գերմանական պարբերականին տված հարցազրույցում BOSH ընկերության ղեկավար Սթեֆան Խարթունգը հայտարարել է, որ ռուսական գազից Գերմանիայի հրաժարումը կհանգեցնի Bosch ընկերության գործարանների արտադրության ամբողջական կանգնեցման։
  • «CNN»-ը գրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կարող են հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցության իրենց մտադրության մասին։
  • «Bloomberg» գործակալությունը հայտնում է, որ արևմտյան երկրների կառավարությունները սառեցրել են Ռուսաստանի արժույթային պահուստների մոտ կեսը։

«Հենակետ» վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930