Ապրիլի 10-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շուրջ 100 ծրագրավորող պայքարում էին միմյանց դեմ գիտելիքի ուժով։
Հայաստանում առաջին անգամ կայացավ մեծ Code Battle ծրագրավորողների մասնակցությամբ։
Մրցույթը կազմակերպել է Full Learning ընկերությունը։
«Առաջադրվել էին տարբեր խնդիրներ՝ յուրաքանչյուրին իր գիտելիքին համապատասխան։ Մասնակիցներն արեցին առավելագույնն արդյունք ցույց տալու համար։ 300-ից ավելի հայտ էինք ստացել, ընտրել ենք 100 մասնակից,-նշեց միջոցառման կազմակերպիչ, Full Learning ընկերության հիմնադիր-տնօրեն Գագիկ Ազոյանը և հավելեց»,- մեր գլխավոր նպատակը՝ մեկ թիմ, մեկ ընտանիք դառնալն էր, կարծում եմ՝ ստացվեց»։
Գագիկ Ազոյանի խոսքով՝ Code Battle-ներ կազմակերպելն իրենց մոտ ավանդույթ է դարձել, որի շնորհիվ ձևավորվել են նոր թիմեր, իրագործվել են «ստարթափ»-ների գաղափարներ. «Մենք ուզում ենք ծրագրավորողները սովորեն մրցակցել գիտելիքով, ոլորտում, համեմատաբար, նոր մասնագետները ձեռք բերեն ծանոթություններ, փորձ և հմտություններ»,-նշեց Գագիկ Ազոյանը։
Ծրագրավորողներին ողջունելու էին եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։
«Շնորհակալ ենք կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար։ Ծրագրավորումը կարևոր և արդի մասնագիտություն է, ձեռք բերված խորը գիտելիքներն ու հմտություններն էլ՝ անփոխարինելի։ Հաջողություն եմ մաղթում ձեր ընտրած ճանապարհին»,-նշեց Հայկ Ասլանյանը։
Մրցույթի արդյունքում հաղթեցին երեք մասնակից՝ Գեղամ Սամվելյանը, Արման Թորոսյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, ևս 20 մասնակից ստացան «Լավագույն կոդ գրող»-ի սերտիֆիկատներ։
«Այս մրցույթից ինձ հետ տանում եմ ոչ միայն հաղթանակ, այլև մեծ փորձ և ջերմ հիշողություններ։ Ոգևորված եմ, հիանալի տպավորություններ ունեմ»,- նշեց մրցույթի հաղթողներից Գրիգոր Հովհաննիսյանը։
Գեղամ Սամվելյանի համար հաղթանակն անսպասելի էր և շատ ոգևորող․ «Չէի սպասում, որ կհաղթեմ, մասնագիտական երկար տարիների փորձ ունեմ, սակայն նման մրցույթի չէի մասնակցել։ Այլ բան է, երբ աշխատում ես գրասենյակային պայմաններում, այլ է, երբ պետք է մասնագիտական հմտություններդ ցույց տաս սահմանափակ ժամկետում»,-ասաց նա։
«Տպավորված եմ մրցույթով, կազմակերպվածությամբ։ Ծրագրավորողի համար փորձը օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Ինձ հետ տանում եմ ոչ միայն մեծ փորձ, այլև հետագայում ավելի բարդ մարտահրավերներ հաղթահարելու պատրաստակամություն»։
Նշենք, որ մրցույթին մասնակցությունն անվճար է, տարիքային սահմանափակում չկա։ Հաղթողները Full Learning ընկերության կողմից խրախուսվեցին դրամական պարգևներով, բոլոր մասնակիցները դահլիճից հեռացան նվերներով։
Full Learning