Այսօրվանից նոր ավտոբուսներում պետք է մեծ գումարը մանրելու հնարավորություն լիներ: Խոսքն այն ավտոբուսների ու միկրոավտոբուսների մասին է, որոնք 100 դրամանոց սարքով են աշխատում եւ ուղեվարձը գանձում: 100 դրամանոց չունենալու դեպքում քաղաքացին չէր կարող օգտվել հասարակական այդ տրանսպորտից, կամ էլ գումարը տալիս էր վարորդին: Ինչն էլ հարուցում էր քաղաքացիների դժգոհությունը, կոռուպցիոն ռիսկեր էր ստեղծում:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվեց՝ կարո՞ղ են արդեն քաղաքացիները դրամը մանրել:
Ի պատասխան քաղաքապետին հայտնեցին, որ նրա հանձնարարականով դա արդեն կիրառության մեջ է: Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ բոլորի վարորդներին տրվել է տասը հազարական դրամ ավանսի տեսքով, այսօրվանից կշրջանառվի: Նա նաեւ կոչ արեց քաղաքացիներին պարտադիր ունենալ 100 դրամանոցներ, որովհետեւ վարորդներին տրամադրված տասը հազարական դրամները, ընդհանուր շրջանառության 15 տոկոսն է կազմելու եւ չի բավականացնելու:
Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ ավտոբուսների մյուս խմբաքանակը ե՞րբ է ուղեգծերում լինելու: Ոլորտի պատասխանատուն ասաց, որ հաղթող կազմակերպության մոտ մատակարարմանն առնչվող որոշակի խնդիրներ կան եւ խնդրել են 30 օրով երկարաձգել ժամկետը: Ըստ նրա, մինչեւ մայիսի 20-ը կլուծվեն եւ մինչեւ հունիսի 1-ը պարկն ամբողջությամբ կանցնի նոր ավտոբուսներով աշխատանքի:
Կարդացեք նաև
Քաղաքապետը հանձնարարեց եւս 100 նոր ավտոբուսի մրցութային փաթեթ նախապատրաստել, որի համար տրանսպորտի վարչությանը երկու շաբաթ ժամանակ տվեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ