Բրիտանական հեղինակավոր The Sun և Mirror պարբերականները «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում․ 30 տարի վանդակում փակված կույր արջի տանը» վերտառությամբ հոդված են հրապարակել՝ անդրադարձ կատարելով Հայաստանին։
Մասնավորապես, հոդվածագիրներ Թիմ Ֆրենդը և Չարլի Դաֆիլդը անդրադարձել են Արմավիրի «Փրկության այգի» կենտրոնին՝ անվանելով այն «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգի», որտեղ կույր արջն արդեն 30 տարի է փակված է վանդակում, իսկ տասնյակ այլ կենդանիներ, այդ թվում՝ առյուծն ու կապիկները, պահվում են մթության մեջ խարխուլ անասնագոմում, հայտնաբերվել են, երբ պաշտոնյաները այցելել են կենդանաբանական այգի։
Հոդվածում նշվում է՝ սեփականատերը պնդում է, որ ինքը փրկել է կենդանիներին որսորդներից և թրաֆիքինգից:
Բայց բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկը նկարագրել է տեղի պայմանները որպես «ցնցող և ամենավատերից մեկը, որոնք մենք տեսել ենք»: Հոդվածագիրը նշում է՝ Հայաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ փակելու կենդանիների խարխուլ այգին։ Նշվում է, որ Նելսոն անունով արջի տեսողությունը հնարավոր է վերականգնել՝ իրականացնելով վիրահատություն։ Վատ պայմաններում է նաև 13-ամյա Սառա էգ առյուծը, ինչպես նաև կապիկները։
Կարդացեք նաև
Բրիտանական International Animal Rescue (IAR) կազմակերպությունը փորձում է փրկել Նելսոնին, սակայն «Փրկության այգի» կենտրոնի սեփականատեր 71-ամյա Արմեն Թադևոսյանը հրաժարվում է կենդանուն հանձնել կազմակերպությանը։ IAR նախագահ Ալան Նայթը նշել է․ «Այն պայմանները, որոնցում ապրում են այս խեղճ կենդանիները, դժոխային են։ Վանդակները, մեղմ ասած, փոքր են, կեղտոտ և խարխուլ, և կենդանիներին այլ բան չի մնում, քան ձանձրանալ ու հիասթափություն ապրել։ Գաղափարը, որ մարդիկ կարող են գումար վճարել այս գերի կենդանիներին ճաղերի հետևում տառապող տեսնելու համար պարզապես ծիծաղելի է: Արդեն ամիսներ շարունակ մենք փորձում ենք փրկել Նելսոն արջին, սակայն չունենք հաջողություն, բայց ակնհայտ է, որ այսպես կոչված Փրկության այգում գտնվող բոլոր կենդանիները հրատապ խնամքի և ուշադրության կարիք ունեն: Որպես կենդանիների պաշտպանության կազմակերպություն՝ մենք պատրաստ ենք օգնել, որպեսզի նրանք ստանան այդ աջակցությունը»:
IAR-ը Հայաստանում ունի արջերի փրկարարական կենտրոն և մինչ այժմ փրկել է 30 կենդանու։ Հոդվածում Ալան Նայթը կոչ է արել Հայաստանի կառավարությանն անհապաղ միջամտել և պարտադրել փակել այգին, որպեսզի կենդանիներին առաջին անգամ պատշաճ սնունդ և խնամք ստանան։
Նա շեշտում է՝ Հայաստանի միջազգային հեղինակության վրա բիծ է, որ այն թույլ է տալիս արարածներին ենթարկվել նման դաժանության և անտեսման։