Երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 23։00-ի սահմաններում, ինչպես տեղեկացնում է shamsyan.com-ը, սպանություն է տեղի ունեցել Գորիս քաղաքում։ Գորիսի բնակիչ 32-ամյա Հ. Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։
Aravot.am-ի տեղեկություններով, Հ․ Սինանյանն ու Գ․ Խաչատրյանն ապրում էին նույն փողոցում։ Վերջինիս աղջիկը Սինանյանի մտերմուհին է, ու ըստ մեր աղբյուրի, հաճախ էին Սինանյանն ու Խաչատրյանը վիճաբանում, նույնիսկ մի քանի անգամ Սինանյանը ծեծել է Խաչատրյանին։
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասի՝ (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ըստ մամուլի հրապարակումների, Հ․ Սինանյանը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մտերիմ ընկերն է։
Կարդացեք նաև
Հ․ Սինանյանը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես՝ հերթապահ-կարգավարական բաժնի արագ արձագանքման խմբի մասնագետ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ