Անկարեւոր, հասարակական հնչեղություն չունեցող, այսինքն՝ մանրաթեմա հարցերը, ըստ էության, ժողովրդի ուշադրությունը առանցքային հիմնախնդիրներից շեղելու նպատակ են հետապնդում:
Սովորաբար՝ խառնակ ժամանակներում, որպիսիք մենք այսօր ապրում ենք, իշխանությունը հաճախ է գործի դնում նման հնարքներ, որոնցից ամենատարածվածը կեղծ օրակարգերն են, այլ կերպ ասած՝ մանրաթեմայնությունը: ՔՊ-ական իշխանության հասարակական-քաղաքական եւ կառավարչական գործունեության «զինանոցը» հարուստ է մանրաթեմայնության բազմաթիվ դրվագներով: Մերկապարանոց չլինելու համար դիտարկենք Կառավարության մարտի 17-ի նիստում արծարծված մի քանի հարցեր, որոնցից երկուսը գործադիրի ղեկավարի կողմից առանձնացվեցին որպես «ամենախոշոր ռեֆորմներ»: Նման բարձրագոչ ձեւակերպումների հանդեպ Նիկոլ Փաշինյանը միշտ ընդգծված թուլություն ունեցել է՝ «ամենախոշոր ռեֆորմնե՜ր», «խաղաղության դարաշրջա՜ն», «ժողովրդավարության բաստիո՜ն» եւ այլն:
«Ո՞վ է ասում, թե մենք ռեֆորմներ չենք անում: Այսօրվա նիստի երկու թեմաներն ամենախոշոր ռեֆորմների մասին են»,- նշել է Փաշինյանը՝ հիշեցնելով հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի, ինչպես նաեւ աղի օգտագործման կարգի վերաբերյալ որոշումները, որոնք, ըստ նրա, «կարեւորագույն ռեֆորմներ» են: Դրանցից առաջինը՝ «Ծխախոտային արտադրատեսակների ու նրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում ներառված նոր դրույթը, արդեն մարտի 15-ից ուժի մեջ է մտել:
Չգիտես ինչու՝ Կառավարության ղեկավարին եւ մյուս անդամներին թվում է, թե Հայաստանի ամենամեծ սպառնալիքն այսօր շատ ծխելն ու շատ աղ օգտագործելն է, որի դեմ անողոք պայքար են նախաձեռնել, անունն էլ դրել «ամենախոշոր ռեֆորմներ»: Իհարկե, ծխելը լավ բան չէ՝ երկու կարծիք լինել չի կարող: Լավ չէ նաեւ, որ աղի օգտագործման ծավալը ՀՀ-ում կրկնակի գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած շեմը: Անկասկած, մարդկանց առողջության համար վնասակար այդ սովորույթների դեմն առնել է պետք, բայց՝ չափի ու ողջամտության սահմաններում, առանց իրավիճակի համարժեք ընկալման զգացողությունը կորցնելու:
Կարդացեք նաև
Թշնամին հայ-ադրբեջանական սահմանի 4 հատվածներից ներխուժել եւ ամրացել է ՀՀ ինքնիշխան տարածքում, 5-րդ բնագիծն էլ օրեր առաջ արձանագրվեց՝ դա Սյունիքի Ներքին հանդն է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 41 քառակուսի կիլոմետր հայկական հողեր (այլ տվյալներով՝ ավելի քան 100 քառ. կմ) ադրբեջանական զորամիավորումների վերահսկողության տակ են: ՀՀ զինուժն աղետալի վիճակում է, տնտեսությունը՝ քայքայված, մյուս գրեթե բոլոր ոլորտներն ու ծառայությունները՝ կաթվածահար, Արցախը՝ հարձակումների, հոգեբանական գրոհների, դիվերսիաների թիրախ: Ոչ մի ցուցանիշով չունենք առաջընթաց, պետական պարտքը հատել է 9 մլրդ.-ի սահմանը: Համակարգային ճգնաժամը, կարծես թե, հեռանալու միտք չունի:
Եվ հիմնախնդիրների այս պատկառելի բեռը թողած՝ իշխանությունները լուրջ-լուրջ զբաղված են ծխելու եւ չափաքանակից ավել աղ օգտագործելու դեմ պայքարով, ընդ որում իրենց պայքարը ներկայացնելով որպես «կարեւորագույն ռեֆորմներ»: Այսպիսի պայքարը ճնճղուկների վրա թնդանոթից կրակելու տեսարան է հիշեցնում:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 11-րդ համարում