Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հաստատ ամբողջությամբ չի հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ հօգուտ Թուրքիայի՝ տարածաշրջանում իր խոշոր դաշնակցի. Իլգար Վելիզադե. JAMnews

Ապրիլ 11,2022 11:30

JAMnews. Ուկրաինա ներխուժումից առաջ Ռուսաստանը մեծ ազդեցություն ուներ հարավկովկասյան տարածաշրջանի, մասնավորապես՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա։

Սակայն այժմ ՌԴ-ն փաստացի մեկուսացման մեջ է հայտնվել արևմտյան պատժամիջոցների պատճառով և իրեն վարկաբեկել համաշխարհային քաղաքական հարթակում։ Իսկ փետրվարի 22-ին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից երկու օր առաջ, Ալիևն ու Պուտինը հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին, որն Ադրբեջանում շատերը համարում են գրեթե գործարք սատանայի հետ, որը հղի է լուրջ խնդիրներով։

Այն մասին, թե ինչպես դա կարող է ազդել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման վրա, և ով կարող է Ռուսաստանի փոխարեն զբաղեցնել միջնորդի դերը, խոսում են ադրբեջանցի փորձագետները։

«Որպես միջնորդ՝ Ռուսաստանը փոխարինող չունի»

«Ռուսաստանի մեկուսացումը գործնականում անհնար է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Ռուսաստանը ՄԽ համանախագահ էր՝ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ միասին, իսկ այժմ այս երեք երկրների միջև լուրջ հակասություններ են առաջացել», – ասում է քաղաքագետ Իլգար Վելիզադեն։

Սակայն նա համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, այնուամենայնիվ, Ռուսաստանին չեն կորցնի՝ որպես միջնորդի։ Այս պահի առկա պայմանավորվածությունների համաձայն՝ հենց եռակողմ ձևաչափի շրջանակում պետք է լուծվեն հետկոնֆլիկտային կարգավորման գործնական հարցերը, օրինակ՝ հաղորդակցության ուղիների ապաարգելափակումը կամ երկրների միջև սահմանազատումը։

«Անգամ ԵՄ ներկայացուցիչներն են դեռևս ընդունում Ռուսաստանի դերն այս գործընթացում։ Հնարավոր է, որ ապագայում արևմտյան երկրներից մեկն իր վրա վերցնի այս դերը, ավելի արդյունավետ մոդել առաջարկի և ապահովի դրա իրագործումը։ Սակայն դեռևս Ռուսաստանն այս կարգավիճակում փոխարինող չունի»։

Կարծես թե հենց հիմա, քանի դեռ Ռուսաստանն ամբողջությամբ կլանված է պատերազմով, Երևանն ու Բաքուն կարող էին փորձել ուղիղ ձևով պայմանավորվել։ Սակայն Վելիզադեն կասկածում է, որ դա հնարավոր է, և կարծում է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը միմյանցից չեն կարող ազատվել, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Եվ Ադրբեջանը հաստատ ամբողջությամբ չի հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ հօգուտ Թուրքիայի՝ տարածաշրջանում իր խոշոր դաշնակցի։

Քաղաքական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Գիաս Իբրահիմովը ենթադրում է, որ, եթե պատերազմն Ուկրաինայում ձգձգվի, Ռուսաստանը կաշխատի ուժեղացնել իր վերահսկողությունը Հարավային Կովկասում։

Իբրահիմովի կարծիքով՝ Ռուսաստանը միշտ էլ եղել է ոչ այնքան միջնորդ, որքան երրորդ շահագրգիռ կողմ, և միջնորդի անվան տակ պահպանել է ղարաբաղյան հակամարտությունը թույլ վառվող կարգավիճակում։

«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասություններ կան։ Սակայն նույնպիսի հակասություններ են եղել ողջ աշխարհի մյուս շատ ժողովուրդների միջև։ Եվ այն, որ Ղարաբաղյան խնդիրը մինչ օրս լուծված չէ, մեծ մասամբ կապված է հենց նրա հետ, որ դա շահեկան է կայսրական ուժին՝ ի դեմս Ռուսաստանի»։

Իրաջ Իսքենդերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930