JAMnews. Վերջին կես տարվա ընթացքում Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկրորդ հանդիպումը Բրյուսելում դարձել է թիվ մեկ քննարկման թեման Հարավային Կովկասի երկու երկրներում։ Հանդիպման արդյունքների մասին խոսել են ինչպես իշխանությունները, այնպես էլ քաղաքական մեկնաբանները Բաքվում և Երևանում։
Մեկնաբանություններ Բաքվից
«Կընդունի՞ Կրեմլը Բրյուսելի ակտիվ միջնորդությանը»
Քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի խոսքով՝ Բրյուսելում չորս ժամից ավելի տևած հանդիպման մի քանի արդյունքներ կարելի է մատնանշել․
Կարդացեք նաև
«Առաջինը կողմերը ընդգծեցին հումանիտար հիմնախնդիրների լուծման կարևորությունը: Սա ներառում է ԵՄ աջակցությունը ականազերծման գործում, օգնություն հակամարտությունից տուժած բնակչությանը, փորձագիտական և ֆինանսական աջակցություն վերականգնողական և շինարարական աշխատանքների համար: Հայկական կողմն ամենուր բարձրացնում է «հայ գերիների վերադարձի» հարցը։ Դրան հակառակ, ադրբեջանական կողմը բարձրացնում է Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած հազարավոր ադրբեջանցիների ճակատագրի հարցը։ Հայաստանը գերադասում է լուռ անցնել այս խնդրի վրայով։
Երկրորդ՝ նախատեսվում է մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծումն ու առաջին նիստի անցկացումը։ Հանձնաժողովի մանդատը ներառելու է սահմանագծում, ինչպես նաև սահմանի երկայնքով կայուն և անվտանգ իրավիճակի ապահովում։
Երրորդ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին է վստահվել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որտեղ կլուծվեն բոլոր անհրաժեշտ հարցերը։
Չորրորդ՝ քննարկվել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերականգնման հարցը։
Հայտարարության մեջ ոչ մի տող չկա Մինսկի խմբի և Ղարաբաղի վերաբերյալ։ Սա Ադրբեջանի օգտին է։
Ադրբեջանը շահագրգռված չէ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններով և պատերազմից հետո չի ցանկանում միջազգային կազմակերպություններին ներգրավել Ղարաբաղի հարցի քննարկմանը։ Սա ներքին հարց է։
Եվրամիության շրջանակներում բանակցություններն օգտակար են Ադրբեջանի համար։ Մեր երկիրը շատ սերտ կապեր ունի ԵՄ-ի և միության անդամ երկրների հետ։ Ուկրաինայի պատերազմի ֆոնին Եվրոպան ադրբեջանական նավթի և բնական գազի կարիքն ավելի շատ ունի։ Հաշվի առնելով միջնորդության Բրյուսելի շահագրգռվածությունը՝ պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է արագացնել Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացը։
Այսպիսով, Բրյուսելում նշանակված կետերը ձեռնտու են Ադրբեջանին։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ հայտարարության մեջ համաձայնեցված կետերն անմիջապես կիրականացվեն։
Սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը նշվել է հետպատերազմյան մի քանի փաստաթղթերում։ Չնայած դրան՝ Հայաստանը ժամանակ է ձգում և այդ առիթով որևէ ճնշման չի ենթարկվում։ Միջանցքի հարցում նույնպես առաջընթաց չկա։
2021 թվականի դեկտեմբերին նույն Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը։ Բայց մինչ օրս Երևանն այս ուղղությամբ ոչ մի քայլ չի արել։ Իսկ Ադրբեջանը հուշագիր է ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։
ԵՄ միջնորդական նախաձեռնություններում չի կարելի անտեսել Ռուսաստանի գործոնը։ Բրյուսելում առաջին հանդիպման ժամանակ Ուկրաինայի պատերազմը դեռ չէր սկսվել, և այն ժամանակ Կրեմլը դեռ կարող էր համբերատար լինել ԵՄ միջնորդության հարցում։ Սակայն Ուկրաինայում ռազմական միջամտության մեկնարկից և ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառումից հետո Կրեմլը կփորձի միջամտել Ադրբեջանի և Հայաստանի միջև Եվրոպայի միջնորդական գործունեությանը։
Պատահական չէ, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաք է տեղի ունեցել, երբ նա Բրյուսելում էր, սահմանին խախտվել է հրադադարի ռեժիմը՝ Թովուզի շրջանի ուղղությամբ։ Մյուս կողմից, Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվա է կանչել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Հավանաբար կպահանջի մանրամասն հաշվետվություն Բրյուսելի հանդիպման վերաբերյալ»։
«Կայուն խաղաղության եզակի հնարավորություն է ի հայտ եկել»
«Բրյուսելի հանդիպումը շատ կարևոր էր, նման շփումները շատ անհրաժեշտ են խաղաղության հաստատման համար։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները կստեղծեն հանձնաժողով, որը կաշխատի ադրբեջանական կողմի առաջարկած հինգ սկզբունքներով, բանակցությունները կդառնան ինտենսիվ։
Եզրափակիչ հայտարարության մեջ անդրադարձ կա Սոչիի պայմանավորվածություններին, և դա արվում է Մոսկվային հանգստացնելու համար։ Հասկանալի է, որ անհնար է Մոսկվային ամբողջությամբ մի կողմ թողնել այս բանակցություններից։
Բայց ձեռնարկումը լավն է, իսկապես քաղաքական: Հիմա ամեն ինչ կախված է տեղում գործնական քայլերից։ Երկու երկրներն էլ պետք է պաշտպանվեն սադրանքներից, որոնք հիմնականում գալիս են հյուսիսից, պետք է փորձեն գործել համակարգված։ Կայուն խաղաղության եզակի հնարավորություն է ի հայտ եկել, այս հնարավորությունը պետք չէ բաց թողնել»,- գրել է ադրբեջանցի քաղաքական գործիչ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: