Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար դժվար է դատելը, թե ինչու Հայաստանը մինչեւ այժմ չի գործարկել արդյունավետ մեխանիզմներ դատավորների վեթինգի իրականացման համար»

Ապրիլ 11,2022 14:30

Ըստ Փիթեր Բասյագերի՝ Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պիտի որոշի՝ Հայաստանն իր հանձնառություններն իրագործե՞լ է, թե՝ ոչ, քանի որ հանձնաժողովը տալիս է առաջարկություններ։

«Այո, կան հրատապ խնդիրներ, ինչպես մանրամասնել են պաշտոնյաները»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ «Դատական օրենսգրքում» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կարծիքի հեղինակներից Փիթեր Բասյագերը:

Տեղեկացնենք՝ «Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հրապարակել «Դատական օրենսգրքում» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Համապատասխան խնդրանքով հանձնաժողովին էր դիմել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2021-ի դեկտեմբերի 16-ի գրությամբ:
Փիթեր Բասյագերից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեսնո՞ւմ է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը կատարել Վենետիկի հանձնաժողովի պահանջները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ պաշտոնյաները մեզ հետ հանդիպումներում վստահեցրել են, որ իրենք հետաքրքրված են Վենետիկի հանձնաժողովի կարծիքով, որ մեր կարծիքն իրենց աշխատանքում վճռորոշ դերակատարություն ունի: Եվ այս տեսանկյունից, իմ՝ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումներից ստացած տպավորություններով, ես կարող եմ ասել, որ չեմ տեսնում որեւէ պատճառ, որ ՀՀ իշխանությունները չհետեւեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքին»։

Մեր փաստմանը՝ ըստ էության դատավորների վեթինգը չի իրականացվել, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում ընդգծել է, որ Հայաստանի կառավարության իրավական եւ դատաիրավական բարեփոխումների օրակարգում դեռեւս լուծման ենթակա հարցերից մեկը «գործող դատավորների բարեվարքության ստուգումն» էր։ Դա պետք է արվեր ո՛չ այս հարցի վերաբերյալ առանձին նոր օրենք մտցնելով, ո՛չ էլ Սահմանադրության փոփոխությամբ եւ հարցին՝ միայն ընտրված ուղղությո՞ւնն է սխալ ՀՀ կառավարության կողմից ընտրված, թե՞ նաեւ վեթինգի իրագործման համար քաղաքական կամք չեն տեսնում, Փիթեր Բասյագերը պատասխանեց. «Մեզ համար դժվար է դատելը, թե ինչու Հայաստանը մինչեւ այժմ չի գործարկել արդյունավետ մեխանիզմներ դատավորների վեթինգի իրականացման համար։ Իմ կարծիքով՝ արդարադատության ոլորտում շատ անելիքներ կան, ինչպես նաեւ շատ բան կա անելու իրավական նախագծերի շրջանակներում։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու Հայաստանը դեռ չի ներդրել այդպիսի օրենքներ։ Բայց մենք չէ, որ պիտի որոշենք՝ Հայաստանն իր հանձնառություններն իրագործել է, թե՝ ոչ։ Մենք տալիս ենք առաջարկություններ, եւ իմ կարծիքով՝ այս առաջարկությունների նախագծերը նման կանոնակարգերի ներդրման համար ոչ արդարացված գործիքներ են»։ Փաստեցինք, որ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում նշում է, որ փոփոխությունների նախագիծը պետք է նախանշի խախտման մակարդակը սահմանող բարձր շեմ կամ սահմանի աստիճանական պատժամիջոցներ, որպեսզի բոլոր խախտումները չավարտվեն դատավորի լիազորությունների դադարեցմամբ, ուստի հետաքրքրվեցինք՝ սա նշանակում է, որ ՀՀ օրենսդրության մեջ նման հիմքե՞ր են տեսնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շատ դժվար է դատել։ Պետք է այս հարցում հստակություն մտցվի, որպեսզի ամեն ինչ ճշգրիտ լինի»։

Այս համատեքստում հետաքրքրվեցինք՝ իր տեսանկյունից ընդունելի՞ է դատավորների կալանավորումը՝ մասնավորապես Բորիս Բախշիյանի կալանավորումը, Փիթեր Բասյագերը պատասխանեց. «Ցավոք, չգիտեմ դեպքի մանրամասները եւ չեմ կարող մեկնաբանություն տալ»։

Փաստեցինք՝ ՀՀ-ում ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ պնդելով, որ կառավարության կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցելը հակասահամանադրական է։ Հարցրինք՝ իր կարծիքով՝ արդյոք տեղի՞ն է կառավարությանը նման լիազորությունից զրկելը, մանավանդ այն համատեքստում, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներն աճել են, նա պատասխանեց. «ՍԴ-ի առաջ կոնկրետ գործ է դրված, բայց ես տեղյակ չեմ այդ գործի հանգամանքներին։ Չգիտեմ նաեւ արդյոք՝ ՀՀ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներն աճե՞լ են, թե՝ ոչ։ Բայց մեր եւ ՀՀ պաշտոնյաների միջեւ հանդիպումների ընթացքում եկանք այն եզրակացությանը, որ ՀՀ-ում դատական համակարգը շատ նեղ է, շատ գործեր կան դատավորների նկատմամբ հարուցված, ինչը խնդրահարույց է»։

Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք՝ խնդիրների ֆոնին արդյոք դրական առաջընթաց տեսնո՞ւմ են ՀՀ իրավական համակարգում, Փիթեր Բասյագերը պատասխանեց. «Տեսնում եմ, որ ՀՀ կառավարությունն ունի նպատակ առաջընթաց գրանցել իրավունքի գերակայության ոլորտում, միջազգային չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից։ Մենք միայն կողջունենք, եթե ՀՀ կառավարությունը հետեւի Վենետիկի հանձնաժողովի կարծիքին՝ ուղղված արդարադատությանը եւ այլ ասպեկտներին: Վենետիկի հանձնաժողովը չի կարող ստիպել ՀՀ կառավարությանը Հայաստանում իրավունքի գերակայությանն ուղղված կառավարության նախագծերի իրականացման հարցում»։

Հիշեցրինք՝ ՀՀ-ում շատ են քննադատություններ հնչում, որ գործող կառավարությունը, թեեւ խոստացավ, բայց վեթինգ չիրականացրեց եւ հարցրինք՝ վեթինգն այդքան կարեւո՞ր ընթացակարգ է իրավունքի գերակայության հասնելու համար, նա պատասխանեց. «Վեթինգի ընթացակարգերը կարեւոր են օրենքի գերակայությանը հասնելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930