2021թ. սեպտեմբերի 24-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարինե Գրիգորյանի միջնորդությունը՝ հարազատների հետ տեսակցության եւ հեռախոսազանգերի արգելքը վերացնելու մասին: Իսկ այս տարվա հունվարի 27-ին դատարանը ամբաստանյալ Ռաֆաել Հակոբյանի պաշտպան Գիորգի Աղաջանյանի կողմից ներկայացված միջնորդությունն է լսել՝ նրա պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը վերացնելու եւ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու կամ գրավ կիրառելու մասին։ Մերժվել էր: Պաշտպանը մարտի 6-ին դիմել է քրեական վերաքննիչ դատարան, պահանջելով վերացնել ամբաստանյալ Ռաֆաել Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին մարզի դատարանի հունվարի 27-ին կայացված որոշումը եւ որոշում կայացնել նրա նկատմամբ 1.500.000 ՀՀ դրամի չափով գրավ ընտրելու եւ նրան կալանքից ազատելու մասին: Վերաքննիչը ապրիլի 4-ին մերժել է (դատավոր՝ Ա.Դանիելյան): Մարտի 25-ին դատարանը մասնակի բավարարել է ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը՝ տեսակցությունների եւ զանգերի սահմանափակումները վերացնելու եւ ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելու մասին։
Նախաքննության փուլում, «Առավոտը» տեղեկացրել էր, թե ընտրական գործընթացին վերաբերող որ գործն է սա: Հիշեցնեմ, որ Ռաֆաել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու եւ ավելի անձանց առաջարկել ու խոստացել է կաշառք՝ կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար։ Նա ընդգրկված լինելով ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99-Ն հրամանագրով նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում, 2021 թվականի հունիսի 9-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք ընտրողների, այդ թվում՝ Ն. Հ.-ին, Ա. Ա.-ին, վերջինիս միջոցով նաեւ նրա ընտանիքի անդամներին առաջարկել է կաշառք՝ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար։ Մեղադրանքի կողմի համաձայն, Ռ. Հակոբյանը 2021թ. հունիսի 16-ի երեկոյան այցելելով Ն. Հ.-ի բնակարան, հանդիպել է վերջինիս ու նրան որպես կաշառք առաջարկել է որոշակի գումար՝ ավտոմեքենան լիցքավորելու համար։
Ըստ մեղադրանքի, մեկ այլ դրվագով, 2021թ. հունիսի 18-ին, ժամը 23:03-ին Ռաֆաել Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Ա. Ա.-ի հետ, որի ընթացքում Ա.Ա.-ին նրա միջոցով վերջինիս ծնողներին, կնոջը եւ քրոջն առաջարկել է յուրաքանչյուրին 20.000-ական ՀՀ դրամ կաշառք։
Կարինե Գրիգորյանին նույն մեղադրանքն է առաջադրվել: Ըստ մեղադրականի՝ 2021 թվականի հունիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք ընտրողների, այդ թվում՝ Վեներա Գ.-ին, Էլա Բ.-ին, Գայանե Շ.ին, Ասյա Հ.-ին, Ստեփան Բ.-ին, վերջինիս միջոցով նրա ազգականներին ու ծանոթներին առաջարկել է 20.000-ական ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար։ Վեներա Գալուստյանը հանդիպել էր իր ծանոթ Կարինե Գրիգորյանին, նրանից անձամբ «քանիցս պահանջել է կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ՀՀ դրամ գումարը»։ Վեներա Գալուստյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։ Ստեփան Բաղդասարյանին նույնպես մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում՝ ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Կարդացեք նաև
2-ի նկատմամբ կալանավորում էր ընտրվել խափանման միջոց, 2-ի՝ ստորագրություն չբացակայելու մասին: Քրեական գործը դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում է անցյալ տարվա հուլիսի 30-ից, այդ օրվա որոշամբ: Մայիսի 5-ին մարզում դատական նիստն է:
Նշեմ, որ ընտրական գործընթացների հետ կապված, առաջին մեղադրական դատավճիռը կայացվեց Արմավիրի մարզում 2021թ. դեկտեմբերի 23-ին: Նախապատմությունը հետեւյալն էր. Արմավիրի մարզի դատախազությունում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռ. Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ:
Խոսքը 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու եւ վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու մասին էր: Ըստ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության, գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել եւ վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պետրոսյանի տան բակից: Ռ. Խլղաթյանին եւ Գ. Պետրոսյանին մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: Մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. հունիսի 13-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխվել էր գրավով: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021թ. դեկտեմբերի 23-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Խլղաթյանը եւ Գ. Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում, նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 5 տարի ժամկետով փորձաշրջան: Ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9.000.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. ՀՀ դատախազության համաձայն, 2022թ. հունվարի 1-ի դրությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում եւ հետընտրական շրջանում արձանագրված առերեւույթ ընտրական հանցագործություններով դատի տրված անձանց շուրջ 80%-ը եղել են ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար մեղադրվողները: Դատի տրված անձանցից 11-ը հանդիսացել են արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 23-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարած անձինք: Դատարան ուղարկված գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից 3-ով 4 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը, որոնցից 3-ի պարագայում դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Իսկ 2 գործով 2 անձ դատապարտվել է տուգանքի: Դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատական քննությունը շարունակվում է:
«Առավոտ» օրաթերթ
09.04.2022