Տեսակետներ` դաջվածքների մասին…
«Շատ կարեւոր է տատու-արտիստի դերը, որն առաջին հերթին պետք է լինի հոգեբան, անծանոթ մարդու մեջ արագ տեսնի էն գծերը, էն բնավորությունը, ինչը կխանգարի իրեն տատուի առումով փոշմանելուն կամ չփոշմանելուն: Այսինքն՝ միանգամից պետք է տեսնել, ճանաչել ու հասկանալ անծանոթ մարդու հետ ոնց շփվել, ինչ խորհուրդ տալ. շատ բան կախված է հենց տատու արտիստից՝ որպես հոգեբան: Ու շատ կարեւոր է, որ դաջվածք անողը հասկանա էն մարդկանց, որոնք շատ արագ փոշմանող են, փորձի հակառակ բաներ ասել, ստուգի՝ ինչքանով է վերջնական իր որոշումը, ինչքանով է համոզված դա անելու համար: Պարզապես գումար աշխատելու համար ամեն պատահական ներս մտած մարդուն ուղղակի ասել՝ հա՛, իհարկե, նստի՛ր տատու անեմ, ես դա չեմ ընդունում, չեմ հարգում, որովհետեւ շատ ավելի լուրջ եմ վերաբերվում էս արվեստին»,-պարզաբանեց դաջվածքի մասնագետ Գագիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, հաճախ փոշմանում են այն այն մարդիկ, որոնք իրենց մարմնին դաջել են անուններ: Դաջվածքի մասնագետը խորհուրդ է տալիս նման քայլի դիմելուց առաջ մի լավ մտածել, որովհետեւ փոշմանելուց հետո այն կա՛մ պետք է փակել մեկ այլ դաջվածքով, կա՛մ էլ հեռացնել լազերային տարբերակով, որը երկար է տեւում, բավականին ցավոտ է ու թանկ ու նաեւ ոչ այնքան արդյունավետ:
Կարդացեք նաև
Դաջվածքի ջնջումը պայմանավորված է մի շարք գործոններով. մարմնի այն հատվածը, որտեղ կա դաջվածք, դրա չափը, գույները եւ ժամանակը (մի քանի տարվա վաղեմություն ունեցող դաջվածքը հեռացնելը նույնը չէ, ինչ մի քանի ամիս առաջ արվածը): Դաջվածքները ջնջելու տարբերակ է լազերային հեռացումը: Սակայն այն հեռացնելը բավականին երկար ժամանակ է պահանջում՝ հաշվի առնելով մաշկի վերականգնման ժամանակահատվածը եւ մի շարք այլ գործոններ: Մեկ այլ հնարավորություն է վիրաբուժական հեռացումը. ծայրահեղ դեպքերում դա լավագույն տարբերակն է: Նախքան դաջվածքի հեռացման մեթոդն ընտրելը՝ շատ կարեւոր է խորհրդակցել մասնագետի հետ:
«Երբ ասում են, որ մարդ տատուներից հոգնում է, դա սուտ է: Եթե մտածված անես, հասուն տարիքում, ապա դու չես հոգնի, այլ հակառակը՝ ավելի ու ավելի կսիրես քո տատուները»,-վստահեցրեց Անուշ Լալայանը:
Հոգեւոր կյանքում ցանկացած արարք կամ ցանկացած գործողություն գնահատվում կամ որակվում է կախված նրանից, թե ինչ նպատակով է այն արվում, եւ որքանով է այդ նպատակը բարի, նաեւ՝ տրամաբանված: Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է, որ այդ առումով դաջվածքները երբեւէ արդարացված չեն. «Որեւէ բացատրություն, որ մենք լսում ենք դաջվածքների պարագայում, ոչ մի կերպ չի կարող հոգեւոր տեսանկյունից լինել արդարացված»: Նա խորհուրդ է տալիս չհետեւել նման սովորությունների, որոնք որ եւ հոգեւոր, եւ բարոյական առումով որեւէ կերպ մարդու նկարագրին փոփոխություն չեն բերում. «Ամեն մոդայիկ բան չէ, որ կարելի է ընդունելի համարել, եւ ամեն մոդայիկ բան չէ, որ մարդուն ավելի յուրահատուկ է դարձնում»:
Դանիելա Զանազանյանը դեռ 15-16 տարեկան էր, երբ որոշեց, որ անպայման պետք է դաջվածք ունենա: Ներկայումս նա 20 տարեկան է եւ ունի արդեն 2 դաջվածք. «Ներկայիս տատուներիցս մեկը գրվածք է՝ soul, որը թարգմանաբար նշանակում է հոգի: Նշանակությունը չեմ կարող բարձրաձայնել. միայն կասեմ, որ մարդու եւ նրա հոգու կապն է, հոգու հավերժականության գաղափարը»:
Խոսելով ծնողների արձագանքներից՝ Դանիելան նշեց, որ նրանք ի սկզբանե դեմ չեն եղել. «Երբ 15-16 տարեկանում ասացի, որ տատու եմ ունենալու, հայրս ասաց՝ դարձիր 20 տարեկան նոր, եթե որոշումդ չփոխես, չեմ խոչընդոտի: Ուստի 20 տարեկանիս նախաշեմին՝ առանց տեղեկացնելու արել եմ, ու հայրս շատ նորմալ է վերաբերվել դրան: Իր գլխավոր նախապայմանը, որ դաջվածքս շատ մեծ չլիներ…
Շրջապատում քննադատությունների շատ եմ բախվել, ու հենց դա էր պատճառը, որ երկրորդ դաջվածքի մասին քչերն իմանան: Շատերի աչքին դաջվածք անելը ասոցացվում է ազատամիտ լինելու հետ, բայց ես ինքս կարծում եմ, որ դաջվածքով բազմաթիվ մարդիկ շատ ավելի ազգայնական են, քան նրանք, ովքեր չունեն, ու, կոպիտ ասած, էդ նկարը չի որոշում քո մտածելակերպը»: Ի տարբերություն Դանիելայի, Լենա Կարապետյանը դեմ է դաջվածքներին: Այն իր համար նշանակություն չունեցող, անկարեւոր մի բան է. «Չեմ սիրում դաջվածքներ, ես պահպանողական եմ: Մյուս կողմից էլ, եթե անձը անում է դաջվածք, նորմալ եմ վերաբերվում, իր մարմինն է, ինչպես ցանկանում է, թող այդպես էլ վարվի. Ի վերջո, 21-րդ դարն է»:
Դաջվածքներին կարելի է նայել որպես ինքնարտահայտման ձեւ, միջոց. դրանք էլ արվեստի մի մաս են կազմում: Դաջվածքի կիրառումը հնում երկու հիմնական նպատակ էր հետապնդում` ծառայել որպես «այցեքարտ», երբ դաջվածքը պատմում էր մարդու մասին ամեն ինչ՝ նրա տոհմական պատկանելությունը եւ նույնիսկ կենսագրությունը, եւ երկրորդ՝ դաջվածքը կիրառվում էր որպես դրոշմ, որով խարազանում էին հանցագործներին եւ ստրուկներին։ Ամեն դեպքում, դաջվածքը որոշակի տեղեկատվություն է հաղորդում մարդու կյանքում տեղի ունեցած, ունեցող իրադարձությունների մասին։ «Մարդիկ շատ հաճախ այն շփոթում են ազատ, բաց մտածելակերպի հետ ու ասում՝ եթե դու դաջվածք ունես, ուրեմն վերջ՝ մեր ազգի ամենավատ ու չընդունվող բոլոր երեւույթների կրողը դու ես: Իրականում, դրան կարելի է ուղղակի վերաբերվել որպես ինքնաարտահայտման միջոց: Բայց քանի որ սա Հայաստանն է, մի քիչ բարդ է էդ ամեն ինչի դեմ պայքարելը»,-կարծում է Դանիելան:
Լուսանկարները՝ Ռոզա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2022