Համաշխարհային վիճակագրական տվյալները փաստում են, որ կանանց կյանքի տեւողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը։
Հերոնտոլոգիային առնչվող այս հարցը դեռեւս մնում է անպատասխան։ Երեւույթի վրա ազդող մեխանիզմների բացատրության բազմաթիվ վարկածները կան, սակայն դրանցից եւ ոչ մեկը վերջնականապես հաստատված կամ հերքված չէ։
Կենսաբանորեն կանանց իմունային համակարգի վրա տեստոստերոնների արգելակող ազդեցությունն ավելի թույլ է, քան տղամարդկանց դեպքում։ Մոլորակի բոլոր երկրներում, անկախ ռասայական կամ կրոնական պատկանելությունից, կանայք 1-3 անգամ ավելի երկար են ապրում։ Մի շարք փաստեր հաստատում են այս պնդումը, մասնավորապես այն, որ տղամարդիկ ավելի շատ են օգտագործում ալկոհոլ, ծխում, ֆիզիկապես ակտիվ են եւ հաճախ են հայտնվում ռիսկային իրավիճակներում։ Կինը համարվում է վերարտադրության, սերունդների մեծացման արժեքավոր օղակ, ինչը ենթադրում է մարմնի ավելի մեծ պլաստիկություն եւ բարելավված գոյատեւման պայմաններ։ Աշխարհի երկարակյաց մարդկանց ցուցակն, իհարկե, գլխավորում են կանայք. առաջին տեղում Ժաննա Կալմանն է, այսօրվա դրությամբ միակ մարդն է աշխարհում, ով ապրել է ավելի քան 120 տարի (1875 – 1997): Կինը տնային տնտեսուհի էր, ուներ մեկ որդի, ապրում էր սովորական կյանքով ու կենցաղով։ 95 տարի օգտագործել է ծխախոտ, խմել ֆրանսիական գինի, զբաղվել է սուսերամարտով եւ մինչեւ 100 տարեկանը վարել հեծանիվ։
Երկարակյաց կանանց մեծ մասը եղել է բժիշկների եւ հերոնտոլոգների հսկողության տակ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ դաշտանադադարը շարունակվել է մինչեւ 65-75 տարեկան։ Ինչը վկայում է այն մասին, որ նրանց օրգանիզմում գտնվող էնդոկրին գեղձերը հատկապես՝ թիմուսը եւ էպիֆիզը մինչեւ կյանքի ավարտը եղել են ակտիվ ֆունկցիոնալ վիճակում։
Թերեւս չենք տեսել արու կապիկների՝ ծխախոտը բերանին եւ մեկ շիշ գարեջուրը թաթում, սակայն, միեւնույն ժամանակ, արու կապիկների կյանքի տեւողությունը եւս ավելի ցածր է, քան իգական սեռի ներկայացուցիչներինը։ Կանանց ավելի երկար ապրելու պատճառը կապված է սեռական հորմոնների դերի եւ առաջին հերթին տեստոստերոնների առկայության հետ։ Վերջինն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Տղամարդկանց օրգանիզմում այս հորմոնն արտադրվում է 10-18 անգամ ավելի, քան կանանց օրգանիզմում։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ միջինում 35 տարեկանից սկսված թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց տեստոստերոնի քանակը նվազում է տարեկան 1-1,5 %-ով, բայց տղամարդիկ այդ հորմոնն արտադրում են մինչեւ 80-90 տարեկան, իսկ կանանց մոտ դաշտանադադարից հետո դրա քանակը նվազում է եւս 25-50%-ով։
Այնուամենայնիվ, չինացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 75-87 տարեկան տղամարդկանց ամենատարեց խմբի ընդհանուր տեստոստերոնների քանակը էականորեն չի տարբերվել 20-24 տարեկան տղամարդկանց խմբում առկա քանակից։ Պրոֆեսիոնալ բոդիբիլդերները օգտագործում են տեստոստերոնների եւ արդյունավետությունը բարձրացնող դեղամիջոցների բարձր չափաբաժիններ։ Նման բոդիբիլդերների շրջանում մահացության թիվը եղել է 34%-ով ավելի բարձր, քան նույն տարիքի սովորական տղամարդկանց մոտ։ Մարզիկների մահվան տարիքը տատանվել է 37,6-43,6 տարիքային շրջակայքում։
Կյանքի տեւողությունը երկարացնելը բժշկության ամենահրատապ խնդիրներից է։ Մարմնի ծերացումը կապված է բոլոր օրգանների եւ համակարգերի բազմաթիվ փոփոխությունների հետ։ Բժիշկները՝ հատկապես հերոնտոլոգներն իմունային համակարգի փոփոխության միջոցով կյանքի առավելագույն տեւողությունը երկարացնելու եղանակ են առաջարկում։ Այն է՝ էմբրիոնալ իմունմոդուլյատորի եւ էնդոկրին իմունոսիմուլյատորի ագենտի ստեղծումը եւ նրա փոխպատվաստումը մարդու օրգանիզմում։ Էնդոկրին իմունոսիմուլյատորը պատրաստվում է 1-2 ամսական կաթնասունների թիմուսի եւ էպիֆիզի բջիջներից եւ փոխպատվաստվում որովայնի ենթամաշկային առաջին պատին։ Փոխպատվաստումը կատարվում է զուգահեռաբար։ Այս միջոցի շնորհիվ մարդկանց մոտ վերականգնվում է թիմուսի եւ Էպիսիզի ֆունկցիան, ինչը հնարավոր է դարձնում մաքսիմալ երկարացնել կյանքի տեւողությունը՝ մինչեւ 125 տարի, իսկ կանանց մոտ դաշտանադադարի տեւողությունը երկարում է մինչեւ 60-70 տարեկան։ Թիմոսը հանդիսանում է մարդու կյանքի բիոլոգիական ժամացույցը։ Վերականգնելով թիմուսի եւ Էպիֆիզի ֆունկցիոնալ ակտիվությունը՝ հնարավոր է դառնում առավելագույն երկարացնել կյանքի տեւողությունը։ Այս գեղձերի միջեւ ֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրությունների շնորհիվ եղան բացահայտումներ՝ տարիքի հետ կապված ինվոլուցիան եւ իմունային, ինչպես նաեւ էնդոկրին փոփոխությունները հասկանալու համար։
Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
09.04.2022