Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է ոչ թե թակել ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի դռները, այլ մասնակցային անվտանգային կուռ համակարգ ստեղծել»

Ապրիլ 11,2022 15:00

Թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ իր շահերն իրացնելու համար։ Եթե հնարավորություն են տեսնում դա անել Ռուսաստանի շահի հաշվին, ապա իրականացնում են. «Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը։

-Պարոն Ղեւոնդյան, եթե փորձենք սահմանել, թե Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետեւանքով ինչպիսի՞ ելք կգրանցի Ռուսաստանը, ապա երկու պարագայում էլ ի՞նչ դիրքերում են հայտնվելու Հայաստանը եւ Արցախը։

-Ի տարբերություն գծային մտածելակերպի՝ չեմ կարծում, որ այնպիսի գերտերությունը, ինչպիսին Ռուսաստանն է, ունի միայն մեկ սցենար, եւ պարտությունը կամ հաղթանակը կարելի է ձեւակերպել մեկ բնորոշմամբ։ Ավելի շուտ կարելի է ասել, որ կան տարբեր սցենարներ, եւ այդ պլանների շրջանակներում Ռուսաստանը, հավանաբար, որոշակի հաջողության կհասնի եւ որոշակի առումով էլ չի հասնի։ Արդեն պարզ է, որ բլիցկրիգը չի հաջողվել, եւ Ռուսաստանն իր «պլան Ա»-ն չի իրականացրել եւ չի հաղթել այն մտածելակերպով, ինչով սկսել էր պատերազմը։ Պարզ է, որ Ուկրաինան մաս չի կազմի ՌԴ-ի կողմից ծրագրված եւ հետեւողականորեն իրագործվող կայսերապաշտական, միութենական ծրագրերին, իսկ սա նշանակում է, որ մեր համար որոշակի հնարավորություն է բացվում մանեւրելու եւ քաղաքական խաղում ավելի մեծ հավակնություններ ունենալու։ Մյուս կողմից, պարզ է նաեւ, որ ՌԴ-ն չի պարտվի վերջնական ջախջախման իմաստով, ինչը մեր համար հնարավորություն է մեր տարածաշրջանում ՌԴ կողմնորոշումների, թուրք-ադրբեջանական գործոնը զսպելու եւ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու առումով։ Այսինքն, իրավիճակն այնպիսին է, որպիսին կարելի էր ենթադրել. Ռուսաստանը միանշանակորեն չի հաղթում եւ միանշանակորեն չի պարտվում, եւ դա լավագույնն էր, ինչ հնարավոր էր սպասել մեր համար այս կոնֆիկտում։

-Ի՞նչ հնարավորությունների եւ հետեւանքների մասին եք ակնարկում, եւ, եթե իրավիճակը կապենք Արցախի խնդրի հետ, ի՞նչ է հնարավոր նախանշել այս պահին։

-Ռուս-թուրքական համաձայնությունները գոնե այն առումով, որ ՀՀ անվտանգությունը որոշակիորեն ապահովվում է, դեռեւս ուժի մեջ են։ Այսինքն, Ռուսաստանն այնքան չի թուլանում, որպեսզի համաձայնություններն ուժը կորցնեն։ Մյուս կողմից, միութենական ծրագրերն առանց Ուկրաինայի ՌԴ-ի համար խնդրահարույց են եւ գուցե նաեւ իմաստն են կորցնում, եւ ՀՀ-ն այս պահին, հաշվի առնելով, որ ՌԴ-ն վերջնական իմաստով չի հաղթում, հնարավորություն ունի այդ ծրագրերից զերծ մնալու եւ պետականությունն ամրապնդելու։ Մենք ժամանակի առումով հնարավորություն ենք ստացել, որը պետք է օգտագործենք թե Արցախի հարցում, թե ՀՀ-ի ամրապնդման համար։

-Հակառակ ճամբարում պնդում է հնչում, որ միջազգային պատժամիջոցների եւ ճնշումների արդյունքում Ռուսաստանի թուլացումն ի վերջո մեր վրա էլ է ազդելու, որովհետեւ ՌԴ-ն է Արցախում անվտանգության երաշխավորը եւ տարածաշրջանում մեր միակ դաշնակիցը։

-Որոշակի առումով դրանում կա ռացիոնալ մոտեցում, բայց շեշտեմ, որ ՌԴ դիրքերի թուլացումը չի նշանակում նրա վերջնական պարտություն կամ ջախջախում, եւ եղած համաձայնությունները, ՌԴ-ի՝ մեզ տված անվտանգային հնարավորությունները դեռեւս գործում են, եւ դրանց դեռեւս ոչինչ չի սպառնում։ Ասում եմ դեռեւս, որովհետեւ աշխարհում իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների։ Պատրաստ պետք է լինել՝ անվտանգությունը 1 կենտրոնից չկախելու միջոցով եւ դիֆերսիֆիկացիայի միջոցով։ Անհրաժեշտ է ոչ թե գնալ եւ թակել ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի դռները, ինչպես որոշներն են ասում, այլ անվտանգային կուռ համակարգ ստեղծել, որում մասնակցություն կունենան ոչ միայն ՌԴ-ն կամ ՆԱՏՕ-ն, այլեւ այլ դերակատարներ եւս։ Իհարկե, նրանց համամասնությունը կլինի տարբեր՝ մեկի հետ ավելի սերտ հարաբերություններ, մյուսի հետ՝ ավելի նվազ, բայց, այնուամենայնիվ, այդ համակարգն անհրաժեշտություն է։

-Արցախի Ասկերանի շրջանում Քարագլխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումը, ձեր վերլուծությամբ, միայն այն հանգամանքով էր պայմանավորված, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայո՞վ, թե այլ գործոններ էլ կարող եք նշել։

-Չեմ կարծում, որ բացառապես դրանով էր պայմանավորված։ Իհարկե, դա կապ ունի, բայց ամբողջապես՝ ոչ։ Գործում է սողացող պատերազմի տրամաբանությունը, եւ Ադրբեջանը շատ լավ օգտագործում է հնարավորությունները՝ բոլոր կետերում ՀՀ-ի հանդեպ ճնշում գործադրելու եւ սեփական նպատակներն իրագործելու համար։ Փառուխը, ցավոք, վերջինը չէ. նման գործողություններ լինելու են թե Արցախի տարածքում, թե ՀՀ սուվերեն տարածքում, եթե ՀՀ-ն հետեւություններ չանի եւ չփորձի նշյալ անվտանգային համակարգը ձեւավորել եւ գոնե որոշ չափով վերականգնել այն անվտանգային համակարգը, որը կար մինչեւ 2020թ.-ի պատերազմը։

-Որքանո՞վ է հիմնավորված պնդումը, որ Արցախում նշյալ առաջխաղացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը «դանակ է խրում» Ռուսաստանի մեջքին։

-Իրականում այդպես չէ, համաձայն չեմ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ իր շահերն իրացնելու համար։ Եթե հնարավորություն են տեսնում դա անել Ռուսաստանի շահի հաշվին, ապա իրականացնում են։ Եթե վաղը հնարավորություն լինի իրականացնել Ռուսաստանի հետ միասին, ապա դա էլ կիրականացնեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930