Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեմպիոնական ճակատամարտ Էտիհադում

Ապրիլ 10,2022 18:42

Անգլիայում չեմպիոնության համար պայքարը մոտ է իր հանգուցալուծմանը։ Մրցաշրջանի սկզբից էլ Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականի համար պայքարը ձևավորվել էր երկու թիմերի միջև։ Մանչեսթեր Սիթին և Լիվերփուլը վերջին տարիներին անզիջում պայքար են մղում ոչ միայն ներքին առաջնությունում, այլ նաև եվրոպական ասպարեզում։ Այս երկու թիմերը ներկա պահին համարվում են մոլորակի լավագույն ֆուտբոլային ակումբներից և հանդիսանում են Չեմպիոնների լիգայի այս խաղարկության հիմնական ֆավորիտներից։

Հատկանշական է, որ և՛ Մանչեսթեր Սիթին, և՛ Լիվերփուլը պայքարում են երեք ճակատներում էլ՝ Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում։ Նշենք նաև, որ այս մրցաշրջանում Լիվերփուլը նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը և եթե հաջողության հասնի մյուս մրցաշարերում էլ, ապա այս մրցաշրջանում կնվաճի միանգամից չորս տիտղոս։

Մրցաշարային աղյուսակում այս պահին առաջատարը Սիթին է, սակայն առաջ է մերսիսայդյան ակումբից ընդամենը մեկ միավոր։ Հաշվի առնելով երկու թիմերի բավական հաջող մրցելույթները՝ կարելի է ասել, որ այս հանդիպումը ոչ թե 6 միավորի դիմակայություն է, այլ հենց չեմպիոնական խաղ է։ Եթե քաղաքայիններին ձեռնտու կլինի հաղթանակը կամ ոչ-ոքին, ապա Լիվերփուլին օդ ու ջրի պես անհրաժեշտ է միայն հաղթանակ։ Կարելի է ենթադրել, որ առաջնության մնացած հանդիպումները այս գրանդ ակումբները այլևս չեն սխալվի և ամեն ինչ կորոշվի հենց Էտիհադում։

Մանչեսթերյան ակումբը ընդամենը մի քանի ամիս առաջ զգալիորեն առաջ էր անցել իրեն հետապնդող թիմերից։ Ֆուտբոլային մասնագետների մեծ մասը կանխատեսում էին Սիթիի վստահ հաղթանակը առաջնությունում, սակայն Պեպ Գվարդիոլայի սաները վերջին շրջանում սխալներ թույլ տվեց, և Լիվերփուլը այնքան մոտեցավ, որ մեկ խաղով կարող է փոխվել առաջատարը։ Լիվերփուլը թափ է հավաքել այս տարի և Պրեմիեր լիգայում հաղթում է տասը խաղ անընդմեջ։ Վերջին անգամ Անգլիայի առաջնությունում մերսիսայդյան գրանդը չի հաղթել հունվարի երկուսին՝ Չելսիի հետ մրցավեճում, որտեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք։

Լիվերփուլը և Սիթին հաջող են հանդես գալիս նաև եվրագավաթում։ Ընթացքի մեջ են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղերը։ Մանչեսթերյան ակումբին բաժին է հասել Մադրիդի Ատլետիկոն։ Չնայած Սիմեոնեի սաների պրոֆեսիոնալ պաշտպանական խաղին՝ Սիթին կարողացավ առաջին հանդիպմանը առավելության հասնել նվազագույն հաշվով, և շանսերը մեծ են, որ քաղաքայինները դուրս կգան կիսաեզրափակիչ։ Իսկ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը լուրջ խնդիրներ չունեցավ Լիսաբոնում։ Բենֆիկայի հարկի տակ մերսիսայդցիները հաղթեցին 1-3 հաշվով և գործնականում ապահովեցին կիսաեզրափակչի ուղեգիրը։

Խոսելով եվրագավաթների մասին՝ պետք է փաստել, որ երկու թիմերի մոտ էլ կարող է լինել հոգնածություն։ Առանց այն էլ անգլիական ֆուտբոլի գրաֆիկը բավական հագեցած է, իսկ Չեմպիոնների լիգան կարող է ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության վրա։ Բայց այս ամենը մեզ չի խանգարի վայելել մրցաշրջանի ամենաինտրիգային դիմակայություններից մեկին, քանի որ երկու թիմերն էլ հասկանում են, որ այս հանդիպմանն է որոշվելու չեմպիոնության հարցը։

Հատկանշական է, որ երկու թիմերի գլխավոր մարզիչները բավական լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Խաղից առաջ Յուրգեն Կլոպը կատալոնացի իր գործընկերոջը համարել է աշխարհի լավագույն մարզիչը։ Երկուսն էլ բավական համեստ և պրոֆեսիոնալ մարզիչներ են և բավական հետաքրքիր կլինի հետևել նրանց սաների մասնակցությամբ դիմակայությանը։

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին Մանչեսթերի Էտիհադ մարզադաշտում։ Անկախ դիմակայության ելքից՝ մենք ականատես կլինենք ինտրիգային հանդիպման։

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930