Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բաղադրատոմս տոֆուով: Բանջարեղենի հետ գրիլ արված տոֆու եւ «տոֆածեղ»՝ տոֆուով «ձվածեղ» (տեսանյութ)

Ապրիլ 10,2022 15:56

Շատերդ լսած կլինեք տոֆուի մասին, սակայն, երեւի քչերն են հետաքրքրվել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Տոֆուն ստեղծել են ճապոնացիները՝ սոյայից ստացված պանրանման մի զանգված է, որն, ըստ էության, անհամ է, սակայն սպունգի նման կլանում է ցանկացած համ: Շատ օգտակար է, շատ հարուստ է տարբեր սննդանյութերով, եւ քանի որ բուսական է, ամբողջ աշխարհի վեգանների համար լավագույն մթերքներից է: Բարեբախտաբար, Հայաստանում արդեն սկսել են արտադրել տոֆու, որն անհամեմատ մատչելի է, քան մինչ այդ որոշ սուպերմարկետներում վաճառվող ճապոնական տոֆուն: Հայկական արտադրության տոֆուն բարձրորակ է, եւ նրանից կարելի է պատրաստել հարյուրավոր ուտեստներ ինչպես վեգանների, պահք պահողների, այնպես էլ՝ նոր համերի եւ նոր ուտեստների սիրահարների, առողջ եւ օգտակար սնունդ նախընտրողների համար: Առաջարկում եմ տոֆուով երկու բաղադրատոմս՝ բանջարեղենի հետ գրիլ արված տոֆու եւ «տոֆածեղ»՝ տոֆուով «ձվածեղ»: Պատրաստման համար հարկավոր են տարբեր համեմունքներ՝ ըստ ձեր ճաշակի: Քանի որ տոֆուն ինքն իրենով անհամ է, անպայման կարիք ունի համեմելու: Տեսանյութում առաջարկվում են որոշ համեմունքներ, սակայն դուք կարող եք համեմել ձեր սիրած տարբերակով:

Գրիլ բանջարեղեն եւ տոֆու

Անհրաժեշտ մթերքները

Տոֆու- 200 գրամ

Թարմ բանջարեղեն- մի քանի կտոր (կարող եք վերցնել սունկ, պղպեղ, դդմիկ, սոխ, սմբուկ, լոլիկ՝ ինչ ունեք)

Համենունքներ՝ աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած կանաչի՝ ուրց, ծիթրոն եւ այլն

Բուսական յուղ

Սոուսի համար՝ սոյայի սոուս, ձիթապտղի յուղ, չորացրած կանաչի, կիտրոնի հյութ, կետչուպ կամ թայլանդական քաղցրաթթու սոուս կամ տխեմալի:

Պատրաստման եղանակը

Նախապես տոֆուն հանեք տուփից, ազատվեք ավելորդ հեղուկից, ապա փաթաթեք թղթե կամ կտրորե սրբիչով եւ վրան ծանրություն դրեք, որպեսզի հնարավորինս լավ ջրքամվի: Ցանկալի է թողնել առնվազն կես ժամ, բայց եթե 1-2 ժամ թողնեք՝ ավելի լավ:

Բանջարեղենը մաքրեք, լավ լվացեք, չորացրեք: Գրիլ թավան լավ տաքացրեք: Կարող եք երկու ձեւով պատրաստել գրիլը:

Առաջին տարբերակով՝ բանջարեղենը բարակ կտրատեք, դրեք գրիլ թավայի վրա, իսկ տոֆուն կամ ամբողջապես կամ երկար կտորներով կտրատած վիճակում համեմեք բոլոր կողմերից եւ դրեք թավայի վրա: Ինչպես բանջարեղենը, այնպես էլ տոֆուն ամեն կողմից 2-3 րոպե խորովեք՝ բավական է:

Կարող եք պատրաստել նաեւ փոքրիկ փայտե շամփուրիկների վրա: Այդ դեպքում բանջարեղենն էլ, տոֆուն էլ կտրատեք փոքրիկ խորանարդիկներով: Տոֆուն անպայման համեմեք: Այնուհետեւ հերթականությամբ շարեք փայտիկների վրա՝ տարբեր բանջարեղեններ, արանքներում՝ տոֆուն: Տապակեք կրկին գրիլ թավայի վրա՝ բոլոր կողմերից:

Սոուսի համար իրար խառնեք բուսական յուղը, սոյայի սոուսը, կիտրոնի հյութը, չորացրած կանաչին: Կարող եք այս ամենին ավելացնել նաեւ կետչուպ կամ տխեմալի կամ թայլանդական քաղցրաթթու սոուս:

Սոուսը լցրեք գրիլ արած տոֆուի եւ բանջարեղենի վրա, թողեք մեկ-երկու րոպե, ապա մատուցեք:

«Տոֆածեղ»՝ տոֆուով «ձվածեղ»

Անհրաժեշտ մթերքները

Տոֆու- 200 գրամ

Բուսական յուղ-2-3 ճաշի գդալ

Բուսական ոչ քաղցր կաթ-2 ճաշի գդալ

Սննդային խմորիչ (nutritional yeast, չշփոթել հացի եւ խմորեղենի պատրաստման մեջ օգտագործվող բոլորիս ծանոթ չոր խմորիչի հետ) – 1 ճաշի գդալ (սա իրենից ներկայացնում է յուրահատուկ համեմունք՝ վեգանների համար՝ հարուստ բազմաթիվ կարեւոր հանքանյութերով, վաճառվում է նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում)

Դեղին համեմունք- կարող եք վերցնել քարրի, քրքում, տուրմերիկ, ծայրահեղ դեպքում՝ խմելի սունելի կամ համեմի աղացած սերմ

Կարմիր աղացած պղպեղ, սեւ պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Տոֆուն մանրացրեք պատառաքաղով կամ տրորեք քերիչով կամ կարտոֆիլ ճզմելիքով: Ավելացրեք բոլոր համեմունքները, ինչպես նաեւ՝ բուսական կաթը, լավ խառնեք:

Թավան տաքացրեք, ավելացրեք բուսական յուղը: Ավելացրեք տոֆուի զանգվածը: Պարբերաբար խառնելով եփեք 3-5 րոպե, լցրեք մատուցման ափսեի մեջ, վրան թարմ կանաչի կտրատեք եւ մատուցեք:

Եթե ուզում եք կարող եք պատրաստել նաեւ լոլիկով կամ սնկով «տոֆածեղ»: Այդ դեպքում պետք է լոլիկը կամ սունկը նախապես տապակել, որից հետո ավելացնել տոֆուով զանգվածը:

Պատրաստման ողջ մանրամասները կարող եք տեսնել տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930