Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ուժեղ և բարգավաճող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը. ԱՀ ԱԳՆ

Ապրիլ 10,2022 11:13

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի կողմից 1991 թ․ ապրիլի 10-ին կազմակերպված դաժան հաշվեհարդարի 30-րդ տարելիցն է։ Կոտորածի արդյունքում շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 30 կին, ենթարկվել է կտտանքների և գազանաբար սպանվել, մի քանի տասնյակը՝ գլխավորապես կանայք և երեխաներ, գերեվարվել է, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Մարաղայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ․ նպատակը տարածքի գրավումն ու այնտեղ ապրող մարդկանց ոչնչացումն էր։ Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Մարաղայի ջարդը, որը ծրագրվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից նաև որպես ահաբեկման ակտ, ի ցույց դրեց Բաքվի ցեղասպան ծրագրերն Արցախի ամբողջ բնակչության նկատմամբ։

Այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերի՝ Մարաղայում պատերազմական հանցագործություններ կատարած ստորաբաժանումների հրամանատար Շահին Տագիևն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, ևս մեկ անգամ փաստում է, որ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը ադրբեջանական զորքի առջև դրված գլխավոր խնդիրներից էր։ Ադրբեջանական իշխանությունների այդ քայլը վերահաստատեց, որ նրանք են կրում Մարաղայում իրականացված միջազգային հակաիրավական գործողությունների ողջ պատասխանատվությունը։

Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածը ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 30 տարի կանոնավոր կերպով վարվող ցեղասպան քաղաքականության մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչև 2020 թ․ 44-օրյա զինված ագրեսիայի ընթացքում իրագործված պատերազմական հանցագործություններ։

Միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930