Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
Ինչպե՞ս ընդունեցին Քրիստոսին Երուսաղեմում
Քրիստոսին Երուսաղեմում ընդունեցին մեծ ցնծությամբ։ Մարդիկ ընդառաջ եկան Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերով, իրենց զգեստները Տիրոջ ոտքերի առաջ տարածելով և փառաբանությամբ․ «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
Եկեղեցու հայրերը բացատրում են, որ ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում, և Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը մահվան հանդեպ հաղթանակի խորհուրդն ուներ:
Կարդացեք նաև
Բա՞ց, թե՞ փակ խորանով է այսօր մատուցվում տոնական Սուրբ և Անմահ Պատարագը
Ծաղկազարդի նախորդ` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ի՞նչ են խորհրդանշում եկեղեցում այս օրը օրհնվող ու բաժանվող ոստերը
Ծաղկազարդի առավոտյան բոլոր եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտւուղ ոստերը, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
Ո՞րն է տոնի խորհուրդը
Ծաղկազարդը ցնծության օր է։ Մարդիկ Քրիստոսի դիմավորում էին որպես Թագավորի՝ փառաբանելով Նրան։ Թվում էր, թե Քրիստոս հյուրընկալվում է մի իսկական դրախտում, ուր ճանաչում ու ընդունում են Նրան, ուր Նա ունի հետորդներ։ Սակայն ի՞նչ եղավ հետո։ Հաջորդող շաբաթը ցույց տվեց, որ Քրիստոս այս ցնծությամբ իրականում մտնում էր ոչ թե մի դրախտ, այլ ընդհակառակը՝ իր չարչարանքների վայրը։ Ընդ որում Նա իր իսկ կամքով է գալիս Երուսաղեմ՝ ցույց տալով, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
Ծաղկազարդի հաջորդ օրվանից սկսվում են Քրիստոսի չարչարանքները, որոնք ավարտվում են խաչելությամբ։ Այն նույն մարդիկ, ովքեր այս օրը դիմավորում էին Թագավորին՝ փառաբանելով ու մեծարելով, հետագայում պահանջում են չարչարանքների ենթարկել Նրան և մահվան դատապարտել։
Այսօր մեր՝ քրիստոնյաներիս համար ստեղծված է ևս մեկ առիթ՝ մտածելու՝ մենք ո՞վ ենք։ Արդյո՞ք այն մարդկանց շարքերում ենք, ովքեր ժպիտներով ու փառքով դիմավորեցին Տիրոջը, սակայն հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց խաչը հանեցին նրան, թե՞ հասկանալով մարդկության կատարած սխալն՝ այժմ արդեն հետնորդն ենք Քրիստոսի։ Այս օրը առիթ է՝ խորհելու՝ մենք ինչպե՞ս ենք վարվում, երբ Քրիստոս ընդառաջ է գալիս մեզ։ Փառաբանությամբ ընդունո՞ւմ ենք Քրիստոսին, իսկ դժվարությունների պահին մերժում, կամ գուցե մնո՞ւմ ենք Նրա կողքին՝ ամեն մի փորձության մեջ, թե՞ անգամ չենք էլ նկատում՝ որ Նա գալիս է։
Մերն է ընտրությունը, թե ինչպես կվարվենք և մերն է նաև պաասխանատվությունը։ Կընդունե՞նք Քրիստոսին՝ մենք էլ ընդառաջ գնալով, թե՞ կխաչենք Նրան։ Սակայն ընտրությունը կատարելիս հիշենք, որ մի դեպքում չորանալու ենք, ինչպես անպտուղ թզենին՝ Քրիստոսի պատմած առակում, մյուս պարագայում ծաղկելու ենք, լցվելով հույսով ու լույսով։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այսօր ԱՀԹ բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Աղբյուր՝ Qahana.am