ՀՀ կառավարության պաշտոնական կայքն ապրիլի 9-ին հայտարարություն էր տեղադրել այն մասին, որ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հատկանշական է, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի եւ ՀՀ կառավարության տարածած մամուլի հաղորդագրություններում տարբերություններ կան։ Նախ, ռուսական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչը մեր կառավարության հաղորդագրությունում չի հիշատակվել։
Երկու կողմերի հաղորդագրությունները համեմատելու համար ներկայացնենք երկուսն էլ․
ՀՀ կառավարության հաղորդագրություն․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում»։
Կարդացեք նաև
Պաշտոնական Կրեմլի հաղորդագրությունը․
«Քննարկվել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը, այդ թվում՝ ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցի նախապատրաստությունը։
Նիկոլ Փաշինյանն իրազեկել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների մասին։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հարցով կայացված՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրագործման կարեւորությունը, այդ թվում՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ստեղծումը եւ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի գործարկումը։ Շոշափվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման թեման։ Տարբեր մակարդակներում ռուս-հայկական ակտիվ շփումները շարունակվելու են»։
Այսպիսով, ՀՀ կառավարության հաղորդագրությունում նշված է, թե «զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին», մինչդեռ ռուսական կողմի հաղորդագրությունում չի ասվում այն մասին, թե ՌԴ նախագահը կարեւորել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մեկնարկի մասին պայմանավորվածությունը, առավել եւս՝ լիարժեք պատրաստակամություն չի հայտնել։
Բացի այդ, ռուսական կողմի հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանն անդրադառնալու մասին եւ այն մասին, թե վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ