Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի թատերական փառատոնը բացվեց «Եվ նորից գարուն» ներկայացմամբ

Ապրիլ 09,2022 22:50

Ապրիլի 8-ին Հրազդանի համայնքապետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Հրազդանի դրամատիկական թատրոնում մեկնարկել է հանրապետական երիտասարդական թատերական փառատոնը: Այն Հրազդանում առաջին անգամ է կազմակերպվում` Հրազդանը երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հրազդան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, թատերական գործիչներ, հյուրեր:

Փառատոնի բացումը մեկնարկել է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը՝ «Եվ նորից գարուն» ներկայացմամբ, որի բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` նպատակ են ունեցել թատրոնը տանել մարզեր, և այդ ծրագիրն իրեն արդարացրել է:

«Երկար դադարից հետո մենք կրկին վերականգնում ենք մեր ծրագիրը: Ես շատ ուրախ եմ, որ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն անմիջապես արձագանքել է մեր առաջարկին: Եվ քանի որ Հրազդանը հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք, որոշել ենք երիտասարդական թատերական փառատոն կազմակերպել հենց Հրազդանում՝ երիտասարդ բեմադրիչների և դերասանների մասնակցությամբ:
Ի ուրախություն մեզ՝ հրաշալի ծրագիր է կազմվել, և մեր լավագույն թատրոններն իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալու ծրագրի շրջանակներում:
Հավելեմ, որ այդպիսի մակարդակի ծրագիր երբևէ որևէ մարզում չի իրականացվել»,- մեզ հետ զրույցում ասել է նա:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ պատիվ է բացել փառատոնը, այն էլ` Հրազդան քաղաքում:

«Ես փոքր տարիքում թատերական խմբակ էի հաճախում Հրազդանում: Այդ ժամանակ թատրոնի շենքն անբարեկարգ էր և ցրտի պատճառով կարգին չէր գործում: Դեռ մանկուց երազել եմ այդ բեմում հայտնվել, և վերջապես իմ բեմադրությամբ՝ «Եվ նորից գարուն» ներկայացումով բացել ենք փառատոնը: Փորձել եմ իմ հոգու երջանկության գարնանային խորհուրդն փոխանցել հանդիսատեսին:
Եվ քանի որ Հրազդանում գարունը ուշ է գալիս, ճիշտ ժամանակն է գարունը դիմավորելու», -ասել է Նարինե Գրիգորյանը:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` փառատոնի տասը թատերական օրերն իսկապես երևույթ են դառնալու մեր իրականության մեջ:

Իսկ դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հրազդանի համայնքապետարանին և նշել, որ փառատոնը ոչ միայն թատերական, այլև մշակութային կյանքն աշխուժացնելու լավագույն գրավականն է:

Նշենք, որ Հրազդանի հանրապետական երիտասարդական թատերական փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 16-ը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարների մի մասը տրամադրել է Հրազդանի համայնքապետարանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930