Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այդ ողորմելիները հերթապահում են Ֆրանսիայի հրապարակում եւ կարծում, թե գնալու ենք բռնոցի խաղանք»․ Վահե Գասպարյան

Ապրիլ 09,2022 17:41

Ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքն այսօր ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Կոպիրկինի միջոցառում» անվանեց։ Ազատության հրապարակում  «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» հանրահավաքի ժամանակ Գասպարյանը հայտարարեց․ «Այսպես կոչված ընդդիմությունը՝ Կրեմլի խամաճիկները, այսպես կոչված հանրահավաք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն ՀՀ-ի եւ Արցախի։ Երբ կազմակերպողներին եւ ներկաներին էի նայում, զարմանում էի՝ ողբամ քեզ Հայաստան, եթե սրանք են մեզ փրկելու»։

Վահե Գասպարյանը դիմեց հանրահավաքին մասնակցած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին․ «Դու չէի՞ր, որ ասում էիր Աղդամը քո հայրենիքը չէ, դու չէի՞ր, որ 400 հեկտարն անպիտան հող էիր համարում։ Դո՞ւ չէիր ասում, որ պատրաստ էիր վերադարձնել օկուպացված շրջանները։ Հիմա էլ ասում ես, թե նման բան չես ասել, թե այդպես ասողները ղալլաթ են անում։ Մեծ մարդ ես, սպիտակ մազերիցդ ամաչի։ Նայում էի այդ հավաքին ներկաներին՝ հեղափոխական ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյան, որ հետո կաշին փոխեց ու դարձավ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ժողովրդի վրա նռնակ նետող Լեւոն Երանոսյան, Մասիսի քաղաքապետ, կանանց մահակներով ծեծելու հրաման տված Վալերի Օսիպյան․․․ էլ ո՞ր մեկին ասես, եկել էին հայրենիք ու Արցախ փրկեին»։

Վահե Գասպարյանը խոսեց նաեւ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիրների երթից հետո տեղադրված Արցախի դրոշի մասին, որի շուրջ աղմուկ էր բարձրացել․ «Այսպես կոչված անկախ Արցախի դրոշը տնկեցին։ Հետո մենք խորհրդանշական ակցիա արեցինք եւ ներկեցինք ԿԳԲ-ի հրամանով եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայոց եռագույնի վրա նկարած այդ ժապավենը, որի նպատակն էր Արցախն օտարել ՀՀ-ից։ Ներկեցինք, որ ասենք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այդ ակցիայով վերադարձանք արցախյան շարժման միացման գաղափարին՝ ուղղելով երեսուն տարվա սխալը։ Այդ ողորմելիները հերթապահում են Ֆրանսիաի հրապարակում եւ կարծում, թե գնալու ենք բռնոցի խաղանք։ Մենք մեր ասելիքը երեկ ասել ենք»։

Հիշեցնենք, որ օրերս Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու պահանջով խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք եւ երթ էր իրականացրել, Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել Արցախի դրոշը, որը ներկել էին «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» անդամները։ Այդ քայլը դրոշի հանդեպ վանդալիզմ եւ պղծություն էր որակվել․ ՀՅԴ երիտասարդները վերականգնել էին դրոշը, հիմա էլ հերթապահում են ու հսկում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս պահին բոլոր ընդդիմադիրներով միանալու և իշխանափոխություն անելու փոխարեն, ընդդիմության տարբեր թևերով իրար եք ուտում և ուզում եք ապացուցել, թե որ մեկդ եք իսկական ընդդիմությունը։ Սա մեր ազգի դարավոր հիվանդությունն է և իրար ուտոցը ձեռնտու է թե այս ապաշնորհ իշխանությանը, թե ախորժակը բացված թշնամուն։ Խելքի եկեք և փորձեք տարբերել ընդդիմադիրի մարտավարությունը ռազմավարությունից։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930