«Ազգային-ժողովրդավարական բեւեռի» այսօրվա հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները ծափերով ողջունեցին Ուկրաինային, սատարեցին Ուկրաինայի բանակի եւ ժողովրդի՝ հանուն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պայքարը։ Հավաքին մասնակցում էին նաեւ ռուսներ, ուկրաինացիներ։ Ելույթ ունեցավ նաեւ Եվգենի Տուրչինը, որին ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ներկայացրեց որպես պուտինյան ռեժիմից հեռացած անձ։
«Շատ երեւանցիներ զարմանում են, որ վերջերս քաղաքում շատ ռուս երիտասարդներ կան։ Պատասխանը պարզ է․ նրանք մարդիկ են, որոնք փախչում են ֆաշիստական ռեժիմից, որը մեր երկրում ձեւավորվել էր վերջին տասնամյակներին։ Շատերն ասում են, որ Ռուսաստանում ապրելը լավ է։ Շատ երեւանցիներ ասում են՝ ինչո՞ւ եք դուք եկել ՌԴ-ից, այնտեղ լավ աշխատավարձեր կան, աշխատատեղեր, կրթություն, բժշկություն․․․Իրականում մարդիկ նման բաներից չեն փախչում, այլ նրանից, որ ուղղակի չեն կարող ասել այն, ինչ մտածում են»,-հայտարարեց երիտասարդը։
Եվգենի Տուրչինի խոսքով՝ եթե անգամ քո մտքերը հակառակ են Պուտինին, ապա քեզ կբանտարկեն, կհետապնդեն․ «Դրա համար տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Ռուսաստանից։ Շատերը համոզված են, որ վերջնականապես պետք է հրաժեշտ տալ խորհրդային անցյալին, դեն նետել դա գլխից։ Դա առաջին հերթին պետք է դուրս շպրտել Կրեմլից, որը կործանում է ռուս երիտասարդությանը եւ երկրի ապագան։ Միլիոնավոր մարդիկ այսօր աղոթում են ազատ Ուկրաինայի համար։ Հենց այd ԽՍՀՄ-ն է այսօր հարձակվել Ուկրաինայի վրա»։ Ըստ Տուրչինի՝ թե իրենք եւ թե Հայաստանը պետք է կողմնորոշվեն դեպի արեւմուտք եւ մոռանան սովետական անցյալը։
Կարդացեք նաև
Վահե Գասպարյանն իր հերթին հավելեց, որ միայն նոր, ժողովրդավար ՌԴ-ի հետ կարող ենք համագործակցել․ «Ովքեր մեզ մեղադրում են հակառուսական ուժ լինելու մեջ, գլուխները պատով են գալիս։ Մենք պուտինյան ՌԴ-ի դեմ ենք, մենք ռուս ժողովրդի դեմ չենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ