Հայաստանի լողի հավաքականի մարզիչ Արման Վահանյանը, ամփոփելով Հայաստանի առաջնությունը, Aravot.am-ին ասաց. «Մեզ շատ ուրախացնում է, որ հատկապես պատանիները իրենց արդյունքներում նշանակալի աճ են արձանագրում: Դա մեզ վաղվա հույս է տալիս, քանի որ տեսնում ենք հերթափոխը աճում է: Իսկ առաջատար լողորդները նաեւ Հայաստանի ռեկորդներ են սահմանում կամ դրանց շատ մոտ արդյունքներ են ցույց տալիս: Սա հնարավոր է դարձել շնորհիվ տեղերում մարզիչների աշխատանքի եւ կազմակերպչական այն գործունեության, որ իրականացնում է մեր դաշնության նախագահը: Հենց այնպես չի լինում, որ մեր երկրին պատուհասած այսքան արհավիրքների պայմաններում լողի մասսայականություն է ավելանում: Այն էլ այն դեպքում, որ Հայաստանում ավանդաբար ավելի զարգացած ու հենակետային են համարվում մենապայքարային, ուժային մարզաձեւերը:
Առաջնության արդյունքներով ձեւավորելու ենք Հայաստանի հավաքականների հիմնական կազմերը, որոնք կմասնակցեն միջազգային մեկնարկներին: Իսկ դրանք այս տարի քիչ չեն. աշխարհի առաջնություն, Եվրոպայի պատանիների եւ մեծահասակների առաջնություն ու նաև կարճ լողատարածությունների՝ 25 մետրանոց լողուղյակներում, աշխարհի առաջնություն: Միջազգային ֆեդերացիայի տարեկան օրացուցային պլանում հիմա մի տեսակ քաոսային վիճակ է: Օրինակ, այս տարի Ռուսաստանի Դաշնությունում նշանակված բոլոր պաշտոնական առաջնություններն ու մրցումները հայտնի պատճառով չեղարկվել են: Ու դժվար է գուշակել, թե էլ ինչ զարգացումներ կլինեն: Մինչդեռ, մրցումներին նախապատրաստվել է հարկավոր, ուսումնամարզական հավաքներ կազմակերպել: Բայց, կարծում եմ, մենք ամեն դեպքում կգտնենք դրանց հնարավորինս պատշաճ նախապատրաստվելու տարբերակներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ