Սիրելի հայրենակիցներ,
Մեզ՝ Ազատության հրապարակում հավաքվածներիս, եւ մեր հանրահավաքները դիտող տասնյակ հազարավոր քաղաքացիներին, առաջին հերթին հետաքրքրում է մեր հայրենիքի վտանգված ճակատագիրը։
Ուստի այստեղ հնչող խոսքն առաջին հերթին պետք է ձեւակերպի մեր առջեւ կանգնած խնդիրները, իսկ մեր առաջարկած գործողությունները պետք է ծառայեն այդ օրհասական խնդիրներին կայուն լուծումներ տալուն:
Սակայն մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները ճիշտ հասկանալու եւ մեր հայրենիքի առջեւ կանգնած խնդիրները ձեւակերպելու համար հարկավոր է դրանք դիտել ավելի լայն համատեքստում, քանի որ մենք գտնվում ենք հետխորհրդային եւ մերձավորարեւելյան տարածաշրջանների տեկտոնական խզվածքի հատման վայրում:
Հետխորհրդային կոչվող քաղաքական տարածքի՝ որպես ռուսական ազդեցության գոտու, ավարտը
Կարելի է ասել, որ մեր նախորդ հանրահավաքից հետո աշխարհը թեւակոխել է մի նոր պատմական դարաշրջան: Ըստ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Ուկրաինա ռուսական ներխուժմամբ հետսառըպատերազմյան դարաշրջանն ավարտվեց: Ըստ այդմ՝ ավարտվում է նաեւ հետխորհրդային կոչվող տարածքի՝ որպես ռուսական ազդեցության գոտու, տրամաբանությունը:
Կարդացեք նաև
Ի դեպ՝ մեր ժողովուրդն այս փոփոխությունը զգացել էր դեռեւս 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին: Սակայն այսօր է հասկանալի դառնում այդ պատերազմի շարժիչ ուժերի՝ առաջին հայացքից անհասկանալի թվացող ռազմաքաղաքական եւ տնտեսական տրամաբանությունը:
Այսօր՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, արդեն հասկանալի է դառնում, որ 44-օրյա պայմանավորված պատերազմը եւ Ուկրաինա ներխուժումը նույն պլանի մաս են կազմում եւ որ այդ պլանը կազմվել ու նախապատրաստվել էր երկար տարիներ։ 44-օրյա դավադիր պատերազմի գլխավոր նպատակը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային կապուղիների բացումն էր Ադրբեջան-Հայաստան (Արցախ-Սյունիքով)-Թուրքիա գծով, ինչի համար անհրաժեշտ էր դրանք ռուսական զորքերով վերահսկել Արցախում եւ Սյունիքում: Միևնույն ժամանակ, այն նաեւ հետապնդում էր Սյունիքի վրայով Ռուսաստանի գլխավոր գազային մրցակից Իրանի գազի արտահանումը դեպի Եվրոպա խցանելու նպատակ:
Ըստ այդ պլանի, դեպի Եվրոպա նախատեսվող կապուղիների նկատմամբ Արեւմուտքի կողմից երկարաժամկետ ցամաքային բլոկադայի պայմաններում Թուրքիան կարող էր ծառայել եւ, ինչպես տեսնում ենք, արդեն ծառայում է ի շահ Ռուսաստանի՝ որպես տնտեսական ներմուծման-արտածման, ինչու չէ՝ նաեւ ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու կարեւորագույն կապուղային հանգույց (հաբ), ընդ որում՝ ունենալով այդ դերը հաջողությամբ կատարելու ժամանակակից փորձ:
Սակայն կյանքը իր դաժան ուղղումները կատարեց այդ պլանի մեջ։ Ուկրաինացի ժողովրդի հերոսական դիմադրությունը եւ Ուկրաինա ռուսական ներխուժման նախապատրաստության խայտառակ վատ ռազմավարական ու մարտավարական պլանավորումը եւ կազմակերպումը հանգեցրեցին անսպասելի արդյունքների:
Ռուսաստանը ոչ միայն չի կարողանում հասնել Ուկրաինա ներխուժման իր հայտարարած եւ Արեւմուտքին ռազմավարապես թուլացնող նպատակներին, այլեւ, ճիշտ հակառակը՝ «հաջողել» է, ըստ ամենայնի հասնել Արեւմուտքի ռազմաքաղաքական համախմբմանն ու հզորացմանը՝ թե՛ ՆԱՏՕ-ի առկա անդամ երկրների միջեւ հակասությունների նվազեցմամբ, թե՛ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ՝ ի դեմս Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության պատրաստակամության, եւ թե՛ ռազմական բյուջեների շեշտակի ավելացմամբ ու ռուսական սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ական ուժերի ընդլայնմամբ։ Եվ, այս ամենին հավելած՝ բուն Ուկրաինան երկարաժամկետ հեռանկարում վերածվում է հակառուսական ռազմական ճամբարի:
Հույսը եւ կողմնորոշումը դեպի Արեւելք՝ դեպի Չինաստան, նույնպես ռազմավարական տեսանկյունից սխալ էր հաշվարկված։ Չինաստանը պատրաստ չէ վտանգելու Արեւմուտքի հետ ունեցած իր ահռելի տնտեսական կապերը, որոնք քսանապատիկ ավելի շատ են Ռուսաստանի հետ ունեցածի եւ պոտենցիալ ունենալիքի համեմատությամբ:
Ռուսաստանը մեծագույն պրոբլեմներ ունի: Ներխուժել է Ուկրաինա եւ պատերազմի վերջը չի երեւում, ենթարկվում է սաստկացող պատժամիջոցների, որոնց կամա թե ակամա մասնակցում է գրեթե ամբողջ աշխարհը։ Ռուսաստանը հայտնվել է անշեղորեն խորացող տնտեսական, դիվանագիտական, մշակութային-քաղաքակրթական մեկուսացման մեջ։
Ուկրաինա Ռուսական ներխուժումը հանգեցրել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած թերեւս ամենաթեժ հակամարտության ծավալման, որը բերելու է թե՛ գործող աշխարհակարգի մասշտաբային կերպափոխման, թե՛ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի, ի մասնավորի՝ դրա հետխորհրդային տարածքի, անվտանգային ճարտարապետության, հիրավի, պատմական փոփոխությունների:
Ինչպես նշում է ԱՄՆ նախագահ Բայդենը, հակամարտությունը կտեւի ամիսներ եւ գուցե տարիներ, ուստի եւ աշխարհակարգի մասշտաբային կերպափոխումը եւս երկարատեւ ընթացք է ենթադրում:
Սակայն հակամարտության ծավալման առաջին մեկ եւ կես ամիսն արդեն իսկ բավարար է անելու հետեւյալ եզրակացությունները․
- Ռուսական ենթադրությունները, թե ուկրաինական ներխուժման արկածախնդրությունը օրեր է տեւելու, եւ թե Արևմուտքը չի կարողանալու միասնական ճակատով հանդես գալ իր դեմ, ամբողջովին սխալ դուրս եկան:
- Խորտակվել է ռուսական բանակի հզորության առասպելը: Պարզվեց, որ ռուսական կոնվենցիոնալ պատերազմ մղող բանակը ընդամենը երկրորդ համաշխարհային պատերազմի բանակ է, եւ անգամ չի կարողանում ծնկի բերել համաշխարհային չափանիշներով երրորդական ուժ ունեցող մանուկ ուկրաինական բանակին:
- Սակայն Ռուսաստանի՝ միջուկային տերություն լինելու հանգամանքը վերականգնում է առաջիկայում սպասվող զինադադարին հետեւող սառը պատերազմի տրամաբանությունը։ Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով ժամանակակից Ռուսաստանի՝ ԽՍՀՄ համեմատությամբ ռեսուրսային սահմանափակությունները, ինչպես նաեւ գաղափարական սնանկությունը եւ հասարակության սոցիալական բեւեռացումը, այն չի կարող տեւել երկար ժամանակ եւ ավարտվելու է ԽՍՀՄ-ի համեմատությամբ Ռուսաստանի համար էլ ավելի անփառունակ ավարտով՝ ամենայն հավանականությամբ հանգեցնելով բուն Ռուսաստանի տրոհմանը եւ Ռուսաստանի կողմից բացառապես իր ներքին խնդիրներով զբաղված լինելուն, ուստի նաեւ՝ հետխորհրդային ազդեցության գոտու անհետացմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում:
Մինսկի խմբի ճակատագիրը
2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմով եւ նոյեմբեր 9-ի հայտարարությամբ վերջնականապես փլուզվեց վերջին 30 տարիներին Հարավային Կովկասում գործող միջազգային անվտանգության փխրուն ճարտարապետությունը: Ըստ ռուս-թուրքական պլանի, ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է փոխարիներ իրենց նախաձեռնած 3+3 ձեւաչափը: Ըստ դրա դավադիր հեղինակների, Հարավային Կովկասի երկրամասը պետք է փակվեր Արեւմուտքի համար։ Եվ այս բոլորը, իհարկե, ի հաշիվ հայկական շահերի:
Աստվածաշնչի Հովնան մարգարեի հայտնի առակի նման, Հայաստանը կուլ էր գնացել ռուս-թուրքական հրեշի երախին եւ արդեն սկսել էր ենթարկվել մարսման գործընթացին՝ օրեցօր կորցնելով իր ինքնիշխանության վերջին մնացորդները: Կուլ էր գնացել , բայց չէր մարսվել:
Հետպատերազմյան ամբողջ ընթացքում, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում, ինչպես վերջերս վկայեց ԵԱՀԿ գործող նախագահը, Արեւմուտքը փորձում էր վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը, ինչին, ի դեպ, հաջողությամբ դիմադրում էին ռուս-թուրք-ադրբեջանական դավադրության, ինչպես նաեւ հայկական 5-րդ շարասյան մասնակիցները:
Վերջին շրջանում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, մենք ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական ոտնձգություններին Արցախում, այս անգամ հենց ռուսական ուժերի վերահսկողության տարածքում, որը, ինչպես եւ սպասելի էր, չստացավ որեւէ ռուսական հակահարված եւ ցուցադրեց ռուսական ռազմական ուժի՝ իր իսկ ստանձնած պարտականությունները կատարելու անկարողությունն ու ողորմելիությունը: Ի տարբերություն դրա թե՛ Ֆրանսիայի եւ թե՛ ԱՄՆ ղեկավարության կողմից հստակ պահանջ հնչեց դադարեցնելու ոտնձգությունները, ինչը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ադրբեջանական կողմի վրա:
Իսկ բառացիորեն երեկ՝ որպես արդյունք իրար հաջորդած Բրյուսելի ու Մոսկվայի հանդիպումների, փաստացի ազդարարվեց տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մաս կազմող Մինսկի խմբի մահվան լուրը, քանի որ պարզ դարձավ, որ այլեւս հնարավոր չէ այն հավաքել մի սեղանի շուրջ:
Պատմական շրջադարձ. Միացյալ արեւմուտքը վերադառնում է մեր տարածաշրջան՝ Ռուսաստանի արտաքսման պայմանով
Տարածաշրջանում առաջացած անվտանգության վակուումը, որը Ռուսաստանի նահանջի եւ դաշնակից Հայաստանին դավաճանելու պայմաններում, սկսել էր լցվել թուրքական ռազմուժի բռնի գործողություններով ու Այսրկովկասում նրա զորքերի ներկայությամբ, այժմ սկսում է լցվել միացյալ Արեւմուտքի ռազմաքաղաքական ներկայությամբ՝ ի դեմս Եվրոպական միության:
Այն կեղծ թեզերը, թե իբր «Հայաստանը գնալու տեղ չունի», «եթե ռուսը գնա, թուրքը մեզ կուտի», «Հայաստանը կարող է լինել կամ Ռուսաստանի գուբեռնիա կամ Թուրքիայի վիլայեթ», այսօր կարող են ընդունելի լինել միայն Ռուսաստանի 5-րդ շարասյան՝ ճակատներին Z տառ գրող դասական ապուշների համար:
Հորիզոնում նորից բացվում է Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) անկախ ապրելու օբյեկտիվ հնարավորությունը։ Ռուսների մոտալուտ հեռացմամբ մենք կարող ենք սկսել պատմական վերամիավորումը ոչ թե թուրքական աշխարհի, այլ քաղաքակիրթ ազգերի Եվրոպական ընտանիքի հետ։
Մի բան, որ պետք է սկսվեր դեռեւս 2014 թ., սակայն կանխվեց Եվրասիական տնտեսական միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա ճակատագրական որոշմամբ։ Մի որոշում, որը հիմնավորվեց Հայաստանի անվտանգության եւ Արցախը կորցնելու կեղծ փաստարկներով, եւ որը չկանխելու համար մենք ազգովին թանկ վճարեցինք թե՛ 2016 թ․, թե՛ 2020 թ․՝ մարդկային, տարածքային եւ նյութական ահռելի կորուստներով, ինչի հետևանքով մսխվեցին մեր վերջին երեսնամյակի հիմնական նվաճումները:
Այժմ, ամենայն վստահությամբ կարող ենք արձանագրել, որ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած ռուս-թուրքական աքցանը ճեղքվում է եւ միացյալ Արեւմուտքը մտնում է խաղի մեջ: 3+3 ձեւաչափը, որով Այսրկովկասի երկրամասը պիտի փակվեր Արեւմուտքի առաջ, ամբողջովին տապալվել է:
Ուշադրություն դարձրեք, որ Արցախյան կարգավորումից դուրս է մղվում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Թուրքիան: Մինսկի խմբի փոխարեն որպես միջնորդ հայտնված Եվրոպական միության կազմում չկա ոչ Ռուսաստանը եւ ոչ Թուրքիան, իսկ Եվրոպական միության թիկունքին կանգնած են Մինսկի խմբի նախկին անդամներ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:
Այդուհանդերձ, տրամաբանական հարց է ծագում․ արդյոք ամեն ինչ անամպ է այս զարգացումների մեջ:
Ոչ: Անամպ չէ:
Մի կողմից՝ 44-օրյա պատերազմից հետո արեւմտյան քաղաքականության հայանպաստ միտումներ են, Էրդողանի եւ, առհասարակ՝ Թուրքիայի նկատմամբ զսպման քաղաքականություն՝ Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ Նախագահի կողմից, Ֆրանսիայի սենատի որոշումներ Արցախի վերաբերյալ, Մեծ Բրիտանիայում ցեղասպանության ճանաչման գործընթաց, ինչպես նաեւ Իրանի հետ սպասվող միջուկային սպասվող գործարքով բացվող Հյուսիս-Հարավ առանցքի փայլուն հեռանկարներ Հայաստանի համար, որի վրա հայտնվելով մենք կլուծենք մեր անվտանգության, տնտեսական ներդրումների եւ տեխնոլոգիական վերազինման համալիր խնդիրները։
Մյուս կողմից՝ թուրքական ռազմաքաղաքական եւ տնտեսական երկդիմի ու նենգ քաղաքականություն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եւ թուրքական ազդեցիկ լոբբի Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ինչպես նաեւ հակահայկական անդրազգային շահերի զգալի առկայություն մեր տարածաշրջանում:
Քաղաքական ազգ դառնալու հրամայականը
Ներկայիս դարակազմիկ աշխարհաքաղաքական փոփոխությունները քանդում են նախկինում ձեւավորված փակուղային տարածություններն ու ճարտարապետությունները եւ տեղ են բացում Հայաստանի ինքնիշխանության համար, ռուս-թուրքական թակարդից դուրս քաղաքակիրթ աշխարհին ինտեգրված Հայաստան ստեղծելու համար։
Եվ այստեղ է, որ պետք է հասկանալ, թե որքան կարեւոր է մեր ժողովրդի քաղաքական ազգ դառնալու, այսինքն՝ մեր ինքնիշխանությանը, ինքնուրույնությանը, սուբյեկտայնությանը հավատալու, մեր ինքնապաշտպանական ուժերն ամեն կերպ հզորացնելու, ինչպես նաեւ մեր շահերը արտաքին աշխարհում ներկայացնելու կարողությունը բացվող լուսավոր հորիզոնում:
Բացառիկ նպաստավոր այս պայմաններում հայ ժողովուրդը պետք է համարձակորեն բարձրացնի իր շահերի դրոշը եւ այն բարձր ու տեսանելի պահի, ինչպես դա արեցին Մուսալեռում ինքնապաշտպանության դիմած մուսալեռցիները, որոնց դրոշն ի վերջո նկատեցին ֆրանսիական նավերը, մոտեցան ափին եւ փրկեցին զինյալ ապստամբներին:
Մեր օրերում դա նշանակում է հասնել միջազգային խաղաղապահների հայտնվելուն Հայաստանում (Արցախը ներառյալ), ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կազմակերպություններից դուրս գալուն եւ ի, վերջո՝ ռուսական օկուպացիոն զորքերի դուրս բերմանը Հայաստանից (Արցախը ներառյալ):
30 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի թելադրանքով վարել են արտաքին լուսանցքայնացման քաղաքականություն եւ կոմպլեմենտարիզմի անվան տակ իրականում հակադրվել են Արեւմուտքին, իսկ Ռուսաստանի շուրջը ստեղծված ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում հիմնականում միայն թշնամիներ են ձեռք բերել, ինչի հետեւանքով Հայաստանը հայտնվել է լուսանցքում եւ մեկուսացվել։
Այդուհանդերձ, եթե նախորդ 30 տարիներին հնարավոր էր այդպես գոյատեւել, քանի որ աշխարհում որոշակի հավասարակշռության վիճակ կար, ապա այժմ աշխարհն է գնում արմատական փոփոխությունների եւ, եթե Հայաստանը շարունակի նույն քաղաքականությունը, ապա բոլոր կողմերից կհայտնվի հարվածի տակ` դրանից բխող աղետալի հետեւանքներով։
Ներկայումս, համաշխարհային մասշտաբի արմատական փոփոխությունների այս շրջափուլում, Հայաստանի կեղծ չեզոքության արտաքին քաղաքականությունը շարունակությունն է 30 տարվա կեղծ կոմպլեմենտարիզմի, որն իրականում Հայաստանի դիրքավորում է որպես Ռուսաստանի խամաճիկ եւ իր շահերի հաշվին օգտագործվող օբյեկտ ու ռեսուրս։
Մինչդեռ Ազգային-ժողովրդավարական բեւեռը հանդես է գալիս ինքնիշխան արտաքին քաղաքականության միջոցով դաշնակիցներ ձեռք բերելու ռազմավարությամբ, որը նաեւ արտացոլում է վաղվա Հայաստանի արտաքին հարաբերությունների համակարգի ամբողջ ներկապնակը։
Ներկայիս բեւեռացվող աշխարհում Բեւեռը ինքնիշխանությունը զիջելուն հավասար չափով կործանարար է համարում կեղծ չեզոքության արտաքին ռազմավարությունը, դրանք երկուսն էլ ըստ էության թելադրվում են Մոսկվայից եւ նույն տեղն են տանելու մեզ։ Ուստի մեր արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը պետք է տանի մեզ դեպի ժողովրդավարության ճամբար` ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի առանցքի շուրջ Ֆրանսիայի, ամբողջ Արեւմուտքի ու նրա այլ երկրների եւ մյուս ապագա դաշնակիցների ու գործընկերների հետ ձեւավորելով Հայաստանի արտաքին հարաբերությունների ապագա համակարգը։
Հայաստանը կանգնած է քաղաքակրթական, հիրավի ճակատագրական ընտրության առաջ: Կամ մենք կմիանանք քաղաքակիրթ ազգերի ընտանիքին ու կփրկվենք, կամ կմնանք կապված դեպի խորտակում գնացող ու տոտալիտարիզմին վերադարձող ռուսական կայսրության նավին ու նրա հետ միասին կկործանվենք։
Պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների իններորդ ալիքը մի քանի ամիս հետո հասնելու է Հայաստան եւ այդ ժամանակ «մութ ու ցուրտ» տարիները երանի են թվալու մեզ համար, քանի որ այն ժամանակվա նման այլեւս մեզ չի հասնելու ամերիկյան օգնությունը, որովհետև մենք շարունակում ենք դիրքավորվել բռնապետության ճամբարում` որպես չարիքի կայսրություն Ռուսաստանի կցորդ եւ ինքնիշխանության դրոշ չենք բարձրացնում։
Այդ մասին է վկայում այն փաստը, որ ԱՄՆ-ն վերջին երկու տարիներին անընդմեջ կրճատում է Հայաստանի օգնությունը, մինչդեռ 2018 թ․ իշխանափոխությունից հետո երկու տարի անընդմեջ ավելացնում էր այն։
Սա առավել քան հստակ նշան է, որ ԱՄՆ-ն հավանություն չի տալիս այս իշխանության վարած քաղաքականությանը։
Հասկանալի է, որ ազատագրումը ռուսական տնտեսական կախվածությունից, որում հայտնվել է Հայաստանը նախորդ բոլոր նորգաղութային իշխանությունների պատճառով, նույնպես հեշտ չի լինելու։ Բայց այս դեպքում, ի տարբերություն անխուսափելի դժվարությունների առաջին տարբերակի, հորիզոնում հստակ երեւալու է արեւմտյան աջակցության ձեռքը:
Ըստ էության Հայաստանը բոլոր պարագաներում առաջիկայում անցնելու է արտակարգ իրավիճակով, որը ենթադրում է ժամանակավոր արտակարգ կառավարում, ուստի եւ՝ ժամանակավոր անցումային կառավարություն:
Մեծագույն մոլորություն է ակնկալել, թե ներկայիս կրավորական, պատերազմը տանուլ տված անձեռնհաս իշխանությունն ի վիճակի է կառավարելու այս մասշտաբային փոփոխությունները: Ակնհայտ է, որ նա ի վիճակի չէ այդպիսի արտակարգ մտածողության եւ գործունեության, մինչդեռ Բեւեռը պատրաստ է ստանձնելու նման պատասխանատվություն` ներառելով Հայաստանում եւ Սփյուռքում առկա ամբողջ առողջ ու կարողունակ ռեսուրսը։
Ժամանակը սուղ է եւ մենք պետք է այսօրվանից պատրաստվենք, իմանանք, թե ինչ ենք անելու։ Պետք է նախապես ստեղծենք մեր ժամանակավոր անցումային կառավարությունը, որը կկարողանա արտակարգ իրավիճակը կառավարել ու արտակարգ քայլերով երկիրը դուրս բերել խորը համակարգային ճգնաժամից։
Կարեւոր ենք համարում ընդգծել, որ ժամանակավոր անցումային կառավարությունը պետք է Հայաստանից բացի նկատի ունենա նաեւ
Սփյուռքի հայության այն հատվածներին, որոնք ապրում են արդեն ճգնաժամի մեջ գտնվող կամ առաջիկայում ճգնաժամի մեջ հայտնվելիք երկրներում, որպեսզի համախմբի համահայկական ռեսուրսն ու կազմակերպի նրանց աջակցությունը, հարկ եղած դեպքում` նաեւ հայրենադարձությունը։
Սիրելի հայրենակիցներ,
Դեպի ինքնիշխանություն տանող ճանապարհն սկսվում է այս հրապարակից։
Ուստի պետք է այնքան ժամանակ եւ այն քանակով հավաքված լինենք ու հրապարակ դուրս գանք, մինչեւ կդառնանք բավարար ուժ եւ կկարողանանք մեր կամքը պարտադրել ուղիղ ժողովրդավարության ճանապարհով: Ահա ինչու է կարեւոր ձեր ներկայությունը, ահա ինչու է պետք յուրաքանչյուրի ներկայությունը այսօրվա եւ առաջիկա հանրահավաքներում:
Միայն հավաքական արժանապատիվ կամքի ձեւակերպմամբ, դրա արտահայտմամբ եւ պարտադրմամբ կարող ենք ապահովել մեր հայրենիքի եւ մեր սերունդների ազատ ու արժանապատիվ ապագան:
Հաճախ ասում են պարզ լեզվով խոսեք ժողովրդի հետ, քանի որ ժողովուրդը, օրինակ, չի հասկանում քաղաքական ազգ, ինքնիշխանություն, սուբյեկտայնություն բառերը:
Դարձյալ կրկնեմ սիրածս օրինակը․ երբ կշեռքի ծանր կշռաքարերը տատանվում են, անգամ թիթեռնիկն իր աննշան կշռով դառնում է որոշող, թե որ կողմ կթեքվի կշեռքը: Առավել եւս, երբ գիտակցում է իր շահերը եւ դրանց համաձայն կատարում է իր գիտակցյալ ընտրությունը։ Մենք, որպես հազարամյակների ազգ, արհամարհում ենք ընդամենը 300 տարի առաջ մեր ճանապարհին հայտնված Ռուսական կայսրության թունավոր ներշնչանքը, թե ինքը մեր փրկիչն է ու վերջին անգամ մեզ իբր թե փրկել է 2020 թ․ դավադիր ռուս-թուրքական «հաջող» օպերացիայով եւ որ առանց իրեն մեր ազգը կորած է:
Ուրեմն՝ հավաքվենք, շատանանք, կազմակերպվենք ու դառնանք իր կամքը դրսեւորելու եւ պարտադրելու ունակ քաղաքական ազգ՝ ձեռք բերելով այն հիմնական հատկանիշը, որով քաղաքական ազգը տարբերվում է ոչ քաղաքական ազգից՝ քաղաքական ազգը իր ճակատագրի գրողն է, եւ ոչ թե ընթերցողը:
2020-21 թթ․ ամբողջ ընթացքում բազմիցս ասել ենք մեր ելույթներում, որ Ռուսաստանը նահանջում է Այսրկովկասից: Սա իր երրորդ եւ, վստահ եմ, վերջնական նահանջն է: Հիշենք, որ նրա նախորդ երկու նահանջներից հետո Հայաստանին հաջողվել է վերականգնել իր անկախությունը:
Այս անգամ էլ է հաջողվելու: Աստված համբուրում է մտադրությունները:
Ինչպես կասեր Վարուժան Ավետիսյանը:
Ի գործ: Ի պայքար:
Գարեգին ՉՈՒԳԱՍԶՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ