Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոշին մոտիկ ոչ մեկ ոտք չդնի». քաղաքացիներն Արցախի դրոշը պաշտպանում են ԱԺԲ-ականներից

Ապրիլ 09,2022 16:24

Երեւանում գտնվող Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ ԱԺԲ անդամներից պաշտպանելու հրապարակի մեջտեղում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը․ ԱԺԲ-ն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է անում, որից առաջ կենտրոնի փողոցներում իրազեկման գործողություններ եւ երթեր տեղի ունեցան։

Հիշեցնենք, որ օրերս Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու պահանջով խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք եւ երթ էր իրականացրել, Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել Արցախի դրոշը, որը ներկել  էին «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները։ Այդ քայլը դրոշի հանդեպ վանդալիզմ եւ պղծություն էր որակվել․ ՀՅԴ երիտասարդները վերականգնել էին դրոշը։

«Իրենք իբր թե Արցախի դրոշը փոխարինեցին ՀՀ դրոշով։ Իրականում պղծում էին Արցախի դրոշը։ Եկել ենք կանգնենք, որ պաշտպանենք Արցախի դրոշը։ Հեսա իրենց խումբը մոտենում է։ Հուսանք՝ այնքան հիմար չեն գտնվի, որ նույն բանը նորից անեն։ Ոստիկանները մեզ խոստացել են, որ թույլ չեն տա մոտենալ դրոշին։ Իրենք ասում են, թե Արցախի դրոշը ՀՀ դրոշի աղավաղված տեսակն է, իսկ դա սրբապղծություն է։ Հազարավոր տղաներ զոհվել են Արցախի դրոշը կանգուն մնալու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դրոշը պաշտպանելու եկած քաղաքացիներից մեկը։

Այնուհետեւ մոտեցավ ԱԺԲ-ի երթի մասնակիցների խումբը։ Ոստիկաններն ուժով որոշ քաղաքացիների մի կողմ տարան, որ բախումներ չլինեն։ «Դրոշին մոտիկ ոչ մեկ ոտք չդնի»,-բղավեց տղամարդկանցից մեկը։ Ոստիկանները քաղաքացիներին եւ լրագրողներին հորդորեցին դուրս գալ հրապարակի կենտրոնական հատվածից։ ԱԺԲ երթի մասնակիցները շարունակեցին ճանապարհը ոստիկանների ուղեկցությամբ։

Հետո մի տղամարդ բղավեց, որ Հայաստանի դրոշը բերեն դնեն․ «Ապուշներ, Արցախն էլ է Հայաստան»։ «Դու պիտի ասե՞ս»,-պատասխանեց մյուսը։ Ոստիկանների օգնությամբ դեպի փողոց հեռացված տղամարդը վրդովված ասաց՝ ԱԺԲ-ականները դրոշի ուղղությամբ էին շարժվում, սակայն երբ տեսան, որ մյուս խումբ քաղաքացիները վազում են իրենց ընդառաջ, շեղեցին ուղղությունը․ «Իհարկե պատրաստվում էին նույնն անել։ Կանգնելու ենք այնքան, մինչեւ իրենց հանրահավաքը վերջանա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930