«Գրանդ Սպորտ» մարզահամալիրի լողավազանում այսօր լողի Հայաստանի առաջնության վերջին օրն էր: Երեւանի, Գյումրու եւ հանրապետության այլ տարածաշրջանների 124 լողորդներ երեք օր պայքարում էին ըստ մրցաձեւերի եւ մրցատարածությունների չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցում է 124 մարզիկ-մարզուհի, ինչը նախորդ տարվա հետ համեմատած գրեթե կրկնապատկվել է: Պարոն Մեսրոպյանը շատ կարեւորեց, որ անգամ կորոնավիրուսի համավարակի հետ կապված տեւական խիստ սահմանափակումներից եւ 44-օրյա պատերազմին հետեւած հանրային դեպրեսիայից հետո մասնակիցների քանակը կտրուկ մեծացել է:
Կարդացեք նաև
«Հավաքականների մարզիչները գոհունակություն են հայտնում, որ լողորդները, հատկապես պատանիները, նաեւ անձնական արդյունքներն են բարելավում, իսկ մեր անվանիները հանրապետության ռեկորդներ են թարմացնում: Մրցումները միայն այսօր պետք է ավարտվեն, սակայն արդեն Հայաստանի չորս բարձրագույն նվաճում թարմացվել է եւ չի բացառվում, որ դեռ էլի նոր ռեկորդներ գրանցվեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ