Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարի առաջ տեղի ունեցավ Մարաղայի սպանդը․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 09,2022 11:05

Խորհրդային տարիներին հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը, որ ուղեկցվում էր բռնություններով եւ հետապնդումներով, բանտարկությամբ, արցախյան շարժման տարիներին գագաթնակետին հասավ: Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու հանրապետության հայաշատ մյուս բնակավայրերից հետո մարդկանց դեմ իրականացվող հանցագործությունը միջնադարյան դաժանություններով հատկապես առանձնացավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:

Փորձելով գլխատել շարժումը եւ ահաբեկելով մարդկանց՝ ստիպել նրանց ընդմիշտ լքել մշտական բնակավայրերն ու հեռանալ հարազատ օջախներից, Բաքուն շարունակ հանցավոր ծրագրեր էր մշակում ու հետամուտ լինում դրանց իրագործմանը: Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների ծայրամասային բնակավայրերի հայաթափումից հետո Ադրբեջանն աննախադեպ հարձակում ձեռնարկեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի ուղղությամբ:

Մի քանի ժամ տեւած հրետակոծություններից հետո ՄիրԲաշիրի որջից ազերական ստորաբաժանումները 1000-ից ավելի զինվորականներով 1992-ի ապրիլի 10-ի լուսաբացին ներխուժեցին Մարաղա եւ, դիմելով սահմռկեցուցիչ ոճրագործությունների, արյան մեջ խեղդեցին խաղաղ բնակչությանը: Առնվազն 100 մարդ՝ հիմնականում կանայք, ծերեր եւ երեխաներ, նախապես մշակված ռազմագործողության զոհ դարձան:

Վեց տասնյակից ավելի մարդ գերեվարվեց թշնամու կողմից, գրեթե նույնքան մարաղացիներ, դիմադրելու ժամանակ ծանր վիրավորվեցին, ու շատերի ճակատագիրն առայսօր անհայտ է մնում: Ազերիների հանցագործություններին չափ ու սահման չկար: Նրանք առաջնորդվում էին «բոլոր հայերին՝ մահ» կարգախոսով: Հայկական օջախները թալանվում էին, անասունները քշվում էին ՄիրԲաշիրի ուղղությամբ, ապա անմիջապես հրի էին մատնվում բոլոր տները: Իսկ թե արյունարբու գազաններն ինչպես էին ֆիզիկապես հաշվեհարդար տեսնում անմեղ բնակչության նկատմամբ, այսօրվա պես լավ են հիշում դաժան ողբերգության ականատեսները, ովքեր, գյուղն հրդեհելուց հետո, թշնամու կողմից պատանդ էին վերցվել, ծեծի, խոշտանգումների ենթարկվել ու «երջանիկ» պատահականությամբ կենդանի մնացել:

Դժոխքից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանի հավաստմամբ՝ երբ Ադրբեջանի հրոսակները գյուղ են մտել, մարաղացիներից շատերը չեն հասցրել հեռանալ: Երեք հազարից ավելի հրթիռ ու արկ էր պայթել գյուղում, եւ ամբողջովին ծխում էր Մարաղան: «Բոլոր նրանք, ովքեր չկարողացան գյուղը լքել, դաժանաբար անդամահատվեցին, կրակի վրա այրվեցին, 26ամյա մղձավանջից չսթափված՝ հիշում է Վ. Խաչիկյանը՝ արցունքներին հագուրդ տալով: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասվում՝ ռմբակոծությունների ներքո»:

Մարաղայի սպանդի մասին ահա թե ինչ է պատմում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ Վլադիկ Ավագյանը. «Ապրիլի 10-ին, առավոտյան հինգն անց կեսին սկսեցին շատ ուժեղ կրակել մեր գյուղի վրա: Կրակում էին տարբեր տեսակի զենքերից՝ «Գրադ», ծանր հրետանի, տանկեր: Մեր խրամատներում եղած ջոկատի անդամներն այդ կրակն ընդունեցին իրենց վրա եւ պաշտպանվեցին մոտավորապես մինչեւ ժամը 12ը: Դրանից հետո տեսանք, որ ուժերը շատ անհավասար են, ու հնարավոր չէ դիմադրել: Օգնություն խնդրեցինք: Ցավոք, այն ուշացավ: Թուրքն արդեն մտել էր գյուղ: Ստիպված էինք նահանջել: Շրջանից օգնության հասած ջոկատների հայտնվելուց հետո վերակազմավորեցինք մեր ուժերը, եւ դրանից մոտ 45 ժամ հետո թշնամին հետ շպրտվեց: Եթե ադրբեջանցիները միայն իրենց սեփական ուժերով եւ տեխնիկայի միջոցով հարձակվեին, չէին կարող մտնել գյուղ: Այդ տանկերի բոլոր հրամանատարները սովետական սպաներ էին: Նրանցից հետո գյուղ մտան օմօնականները, ապա՝ թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր՝ ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ մեկին, բոլորին մորթում էին: Նման գազանություններ ես կյանքում երբեք չեմ տեսել»:

Գազանային հրետակոծություններից ցնցված էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, ով ողբերգական դեպքերից մի քանի օր անց հայտնվել էր Մարաղայում: Չթաքցնելով իր ծանր ապրումներն ու դժոխքից ստացած տպավորությունները՝ հետագայում Մարաղայի իրադարձությունների վերաբերյալ հրատարակած իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունների, նրանց իրականացրած հայերի սպանդի մասին բարոնուհին նշել է. «Նրանք մարդկային ցեղից չեն: Մարաղայի սպանդի ամենադաժան, ցնցող տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ադրբեջանցիներն ինչպես են անդամահատում հայերին, վառում նրանց դիակները: Դժվար չէր ենթադրել, թե մարդկային խիղճը կորցրած այդ հանցագործներն ինչպես էին կանանց, ծերերին ու երեխաներին կենդանի վառել կրակի վրա»:

 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930