Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի միջանցքի ու Նախիջեւանին միացնող ճանապարհի միջեւ զուգահեռներ անցկացնելու ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ իրավական հիմքեր չկան. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 09,2022 10:30

Նախորդ տարի Ալիեւն իր հայտարարություններից մեկում ակնարկել էր պաշտոնական Բաքվի տեսակետը, ըստ որի՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի երթեւեկությանը հայկական կողմը կարող է հետեւել, բայց չմիջամտել: Ալիեւը համեմատություն էր տարել Բերձորի միջանցքի ներկայիս կարգավիճակի հետ, որտեղ ադրբեջանցիները որոշ հատվածներում դիտարկում կատարում են, սակայն հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը:

Ադրբեջան-Նախիջեւան եւ Հայաստան-Արցախ կապերի միջեւ զուգահեռների անցկացումը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ չունի իրավական հիմքեր: Նախ՝ Բերձորի միջանցքում ադրբեջանական զինուժը կանգնեցվել էր եռակողմ հայտարարությամբ, որով ամրագրվեց, որ կողմերի զինված ուժերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, չնայած դրանից գրեթե մեկ ամիս անց Հին Թաղեր եւ Խծաբերդ համայնքների հատվածն անհասկանալի ձեւով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ դա այն դեպքում, երբ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա քարտեզով այդ գյուղերի հատվածը մինչեւ Շուշի ընդգրկված էր ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում:

Պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը մի քանի անհաջող փորձեր էր արել՝ գրավելու Բերձորի միջանցքը եւ անհաջողության էր մատնվել՝ տալով 1000-ից ավելի զոհեր: Այդ հատվածում ադրբեջանական զինուժին չկանգնեցնելը կնշանակեր Արցախի լիակատար հայաթափում, այսինքն՝ էթնիկ զտում եւ ցեղասպանություն: Եթե դա չպահպանվեր, ապա զինադադար ընդհանրապես չէր լինի, եւ պատերազմը կշարունակվեր մինչեւ վերջ՝ անկանխատեսելի վերջաբանով:

Այլ կերպ ասած՝ Բերձորի միջանցքը Ադրբեջանը չի նվիրել Արցախի Հանրապետությանը, դրա պահպանումը հրադադարի առաջնային նախապայմաններից է եղել, ավելին՝ Բաքուն դեռ պետք է պատասխան տա Հադրութի, Շուշիի, Մարտունու ու Մարտակերտի տարածքները բռնազավթելու, տեղի հայ բնակչությանը գնդակահարելու եւ գաղթի մատնելու համար: Հայաստանի տարածքով միջանցքի մասին հիշատակում չկա ոչ մի փաստաթղթում: Այսինքն՝ Բերձորի միջանցքի ու Նախիջեւանին միացնող ճանապարհի միջեւ զուգահեռներ անցկացնելու ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ իրավական հիմքեր չկան: Այս դեպքում առողջ տրամաբանությամբ հասկանալի չէ, թե ինչու են Ադրբեջանը եւ Թուրքիան ձգտում դեմ գնալ միջազգային հիմնարար իրավունքի նորմերին եւ լարել հարաբերությունները Հայաստանի, տարածաշրջանի մյուս երկրների եւ քաղաքակիրթ աշխարհի հետ:

Հաղորդակցության ուղիների բացման դեպքում կողմերը հավասար իրավունքներով օգտվելու են դիմացինի ինքնիշխան տարածքներով անցնող ճանապարհներից՝ ենթարկվելով այդ պետությունների իրավական կարգավորումներին: Վերջին հաշվով երկրները կարող են միջպետական պայմանագրերով միմյանց միջեւ սահմանային հատումների արտոնյալ պայմաններ սահմանել՝ առավելագույնս դյուրացնելով դրանցից օգտվելը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930