Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կա՞ ընկերություն, թե՞ կան լոկ շահեր

Ապրիլ 09,2022 13:00

Հայերը հիմնականում զգացմունքային եւ ինչ-որ իմաստով նաեւ ծայրահեղական ժողովուրդ են: Նրանք օտարներին երբեք չեն նախանձում, նախանձում են միմիայն իրենց ազգակիցներին՝ հայերին: Կխոսենք հայի տեսակի մասին՝ մի կողմ թողնելով բացառությունները: Իհարկե, թեման շատ ընդգրկուն է, ուստի կփորձենք վերլուծել մարդկային՝ միայն միմյանց նկատմամբ գոյություն ունեցող ընկերական հարաբերությունները: Կարծում եմ ակնհայտ է, որ ընկերական հարաբերությունները պետք է լինեն անշահախնդիր, դրանք պետք է կառուցվեն միմիայն վստահության եւ ընկերական զգացմունքների հիմքի վրա: Վստահությունը եւս մի շարք բաղկացուցիչների հանրագումար է եւ անհրաժեշտության պարագայում դրանց մասին կարելի է առանձին-առանձին խոսել:

Ամենակարեւոր բաղկացուցիչը հարաբերությունների անշահախնդրությունն է, որը իր հերթին եւս մի շարք որոշիչ ենթաբաղկացուցիչների հանրագումար է, որոնք հիմնավորապես որոշում են, թե տվյալ հարաբերությունները կարելի է անվանել ընկերություն, թե ոչ: Ընկերությունն սկսվում է մանուկ հասակից, որը մինչեւ երեխայի գիտակցության հիմնական ձեւավորումը, լիովին ձեւավավորվում է անշահախնդրության հիմքի վրա: Վերջին ասվածը գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է: Սրանից աներկբա հետեւում է, որ շեղումը հիմնականում որոշվում է հետագա տարիներին՝ գիտակցության աստիճանաբար ձեւավորմամբ, որը մշտապես՝ մահակի նման իշխում է մարդուն, այլ խոսքով՝ գիտակցությունը շարունակաբար ճնշում է զգացմունքներին, նրան համարյա դուրս հանելով հարաբերությունների դաշտից: Գիտակից լինելը շատ լավ բան է, սակայն ընկերական հարաբերություններում նրա որոշիչ դառնալը խախտում է մարդու զգացմունքային դաշտը եւ հարաբերությունների անշահախնդրության դաշտը վերափոխում է ձեռնտուության դաշտի, իսկ այդ պարագայում արդեն ընկերական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է:

Նման իրավիճակներում, այդ հարաբերություններում գլուխ է բարձրացնում էգոիզմը, արդյունքում նաեւ շահը, որը ջնջում է այդ հարաբերությունների մնացած բոլոր բաղկացուցիչները: Այդ մարդկանց միջեւ միակողմանիորեն կամ երկկողմանի աշխատում է միմիայն շահը, որը լիովին ջախջախում է այդ հարաբերությունների ընկերության հատվածը, թողնելով միայն շահի դաշտը: Բազմիցս ենք լսել, որ իսկական ընկերությունն այն է, երբ նրանք պատրաստ են անգամ իրենց կյանքը տալ ընկերոջ համար:

Պարզից էլ պարզ է, որ ընկերության մեջ շահի հայտնվելուց հետո, դրա մասին տեղյակ կողմը երբեք չի գնա նման քայլի, քանզի մի կողմը կամ երկուսն էլ տեղյակ են լինում, որ այդ հարաբերություններն արդեն վերածվել են շահի հարաբերությունների: Իհարկե, լինում են բացառություններ, երբ մի կողմը դեռ տեղյակ չի լինում մյուս կողմի մտադրությունների մասին եւ անշահախնդրորեն պատրաստ է լինում կյանքը չխնայել ընկերոջ համար: Դա այն է, երբ ժողովուրդն ասում է. մեկը հիմար էր, մյուսը՝ տականք: Բացառված չէ, որ նման պարագայում անգամ շահամոլ կողմը փոքրիկ ցավ ապրի եւ արագ մոռանա կատարվածը: Նշեմ, որ ընկերությունը հիմնականում վերածվում է շահի հարաբերությունների, երբ կյանքի կամ բախտի բերումով նրանցից մի կողմի վիճակի՝ հնարավորությունների դաշտն էապես մեծանում է, ասենք, օրինակ՝ նրանցից մեկը մեծ պաշտոն է ստանում, որի հետեւանքով նրանց միջեւ էական խզում է առաջանում:

Հիմնականում՝ էապես կրճատվում է նրանց շփման դաշտը՝ պաշտոնյա ընկերոջ կողմից պատճառաբանությամբ, թե չնայած ինքը շատ-շատ է ուզում իրենց ընկերական կապն անընդհատ ու շարունակական լինի, սակայն չի կարողանում, քանի որ էդ անտեր գործն այնքան շատ է, որ չի կարողանում՝ չի ստացվում: Էլ չեմ ասում, որ այդ ընկերը կարող է տվյալ պաշտոնին նշանակված լինի հենց ընկերոջ անմիջական օգնությամբ:

Այստեղ ուզում եմ խոսել սրան առնչվող, շատ ավելի հաճախակի հանդիպող այն դեպքերի մասին, երբ ընկերության ընթացքում՝ նախքան կողմերից մեկի պաշտոնի անցնելու պահը, մյուս կողմն՝ անգամ զոհողությունների միջոցով այնքան բան արած լինի պաշտոնի անցած կամ բախտի բերմամբ՝ գործերն աջ գնացող ընկերոջ համար, ու այդ ընկերը՝ աշխատելու ողջ ժամանակահատվածում, որքան էլ փորձի ուշադիր լինել եւ օգնել ընկերոջը, միեւնույն է՝ չկարողանա փոխհատուցել այն լավությունը, ինչ իր համար արել է ընկերը: Շատ հաճախ, հանդիպում ենք նաեւ այլ զավեշտների, երբ այդքան բան արած ընկերոջ գործերն անսպասելի վատանում են եւ ինքը մեծ կարիք է ունենում հենց այդ ընկերոջ օգնությանը, անգամ պարտադրված դիմում է նրա օգնությանը. աշխատանքի տեղավորվելու կամ պարտքով գումար վերցնելու խնդրանքով ու նրանից՝ ոչ ավելի, ոչ պակաս, ստանում է հետեւյալ պատասխանը. աշխատանքը չի լինի, քանզի դա մրցույթով է լինում, իսկ գումարի մասին՝ հարց չկար, եթե իր ունեցած մի քանի կոպեկը գործի մեջ դրած չլիներ:

Ահա քեզ հրաշք ընկերություն…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930