Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տիեզերքում ու լուսանկարչության մեջ լույսն ամենակարեւորն է»

Ապրիլ 09,2022 12:30

Սամվել Սեւադան` ցուցահանդեսի, համապարփակ մտածելու ու անհատականությունների մասին

Ապրիլի 2-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Ներկայացված են 200 գեղարվեստական լուսանկարչության նմուշներ՝ բնանկարներ, դիմանկարներ, քաղաքային տեսարաններ ու նատյուրմորտներ, թեմատիկ կոմպոզիցիաներ:


«Առավոտի» հետ զրույցում վարպետն ասում է, որ ցուցահանդեսում շեշտադրված է լույսի գաղափարը, որը նրա ձեւակերպմամբ, տարողունակ գաղափար է, լույսը մեր կյանքի ու բնության հիմքն է: «Տիեզերքը լույսի վրա է ստեղծված, Աստված լույս է տվել մեզ` «Եղիցի լոյս եւ եղեւ լոյս»: Լուսանկարչության մեջ լույսն ամենակարեւոր բանն է, դրա համար էլ կոչվում է լուսանկարչություն: Ուզում եմ այդ գաղափարը զարգացնել, իմ առաջ նման խնդիր եմ դրել: Հերթական քայլերից մեկն էլ այս ցուցահանդեսն է»,- ասում է Սամվել Սեւադան ու հավելում, որ ցուցահանդեսը որեւէ գաղափարական ուղղվածություն չունի, այն ամփոփում է տարբեր ժանրերի ու ոճի աշխատանքներ` նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, սեւուսպիտակ եւ գունավոր լուսանկարներ… «Գեղանկարչական պրինցիպներն օգտագործելով լուսանկարների մեջ, որոշեցի ցուցահանդես բացել, եւ ուրախ եմ, որ մարդիկ հաճույքով գալիս են, նայում ու լավ են զգում իրենց»,-ասում է վարպետը:


Լինելով անհատականություն ու անչափ կոլորիտային մարդ եւ յուրահատուկ արվեստագետ` ինքն էլ անմահացրել է մի շարք այլ անհատականությունների` Հրանտ Մաթեւոսյան, Ազնավուր, Արմեն Շեկոյան, Գալյա Նովենց, Տիգրան Մանսուրյան… Քանի որ ամեն լուսանկար իր պատմությունն ունի, վարպետին խնդրեցինք որոշ դրվագներ պատմել: Նա ասաց, որ օրինակ՝ Հրանտ Մաթեւոսյանը, ում հետ ծանոթացել ու մտերմացել էր ԱՄՆ-ում, չէր սիրում նկարվել. «Միացյալ Նահանգներում ամեն օր միասին էինք, ես նկարում էի իրեն: Ինքը գլուխը թեքում էր զգուշորեն, որ չվիրավորվեմ, երբեմն էլ ձեռքով ցույց էր տալիս, որ պետք չի նկարել: Բայց հետո սովորեց, նույնիսկ երբեմն դիրք էր ընդունում, թեեւ դիրք ընդունող մարդ չէր… Մաթեւոսյանը չհանդիպած տեսակ էր: Այնքան էինք մտերմացել, որ շատ ժամանակ պետք չէր խոսել, ինքը լուռ քայլում էր` ձեռքերը ծոծրակին, աշխարհի ծանությունը վերցրած, ես էլ նկարում էի»:


Արմեն Շեկոյանի մասին խոսելիս Սամվել Սեւադան ասաց, որ նա յուրահատուկ էր` եւ ընկերության մեջ, եւ իբրեւ գրող: Ապա հավելեց, որ ինքը հատկապես Շեկոյանի պոեզիան է սիրում: «Մի օր ասացի` արի գնանք քեզ նկարեմ: Հաճույքով եկավ, գնացինք իմ արվեստանոց, նկարեցի տարբեր դիրքերում` բնության մեջ, արվեստանոցում, քաղաքում… Սիրտս մի բան վկայում էր»,-հիշում է նա:

Հետաքրքրվեցինք, թե սաների հետ աշխատելիս շեշտը հատկապես ինչի վրա է դնում: «Երեխեքի հետ իմ աշխատանքն այնքան տարողունակ է, լիքը բաներ կան, որ փորձում եմ տեղ հասցնել, բացի լուսանկարչությունն ու նկարչությունը, նաեւ մտածել եմ սովորեցնում… Ճիշտ ու համապարփակ մտածելը կարեւոր է, մտածողությունն էլ պետք է խառնիճաղանջ չլինի, պետք է բալանս լինի, որ մարդը հասկանա` ինքն ի՞նչ է ուզում էս աշխարհից… Թե չէ ապրում ենք մի 70 տարի, ու վերջում էդպես էլ չենք հասկանում` ինչի՞ ապրեցինք, մեր ուզածն ի՞նչ էր, ինչի ենք գնում… Բայց եթե դու խորությամբ հասկանաս, ամեն ինչ ըմբռնես, հանգիստ կհեռանաս էս աշխարհից»,- նշում է մեր զրուցակիցը:


Սամվել Սեւադան սպասում էր, որ ցուցահանդեսի բացմանը ասեղ գցելու տեղ չի լինելու, հիմա էլ ամեն օր 200 այցելու է լինում. «Նախ մարդիկ սպասում էին այդ ցուցահանդեսին: Եվ հետո ես շատ ակտիվ եմ Ֆեյսբուքում, ճանաչողները շատ են: Ֆեյսբուքյան հայտարարության մեջ գրել էի, որ ուղղակի եկեք իրար տեսնելու, ախր արդեն քանի տարի է՝ իրար երես չենք տեսնում, լավ էր, որ այդպես եղավ… Շատ հաճելի էր»:

Հարցրինք` ինչո՞ւ քաղաքական գործիչների նկարներ ցուցադրված չեն: «Նկարներ ունեմ, բայց ցույց չեմ տալիս, որովհետեւ քաղաքական գործիչները ժամանակավոր են, ոչինչ չասող են: Բացի այդ, ես համարում եմ, որ մեր քաղաքական գործիչները դեռ հասունացած չեն, որովհետեւ եթե հասունացած լինեին, երկիրն այս վիճակում չէր լինի»,-պատասխանեց արվեստագետը:


Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նրա մանկության մի դրվագին, երբ Գյումրիում այցելել էր Յուսուֆ Քարշի ցուցահանդեսին: «Ես փոքր տղա էի, սովորում էի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 60-ականների սկիզբն էր, երբ բացվեց Յուսուֆ Քարշի դիմանկարների ցուցահանդեսը, դա ինձ համար իրադարձություն էր: Պատերին կախված շքեղ շրջանակներից էլ էի զարմացել նաեւ… Չերչիլն էր, Գագարինն էր, նշանավոր մարդկանց դիմանկարներ.. Ինքն էլ շատ չէր խոսում…

Նույնն էլ Արա Գյուլերի մասին պետք է ասեմ, որի հետ մոտ էինք, իր մասին ֆիլմ ենք նկարել… Արա Գյուլերը սարսափելի շատ նկարներ ուներ արած, ու ես ցանկություն ունեի դրանք տեղափոխել Հայաստան, բայց այնպես ստացվեց, որ թուրքերը թույլ չտվեցին, ուղղակի ստվերի պես հետապնդում էին… Մի շաբաթ չպոկվեցին ոչ մի վայրկյան… Ընդ որում, Գյուլերի անհատական ցուցահանդեսը հետմահու բացվեց Նյու Յորքում, եւ Էրդողանն անձամբ գնաց բացմանը… «Ստամբուլի աչք» անունն էլ Գյուլերին Օրհան Փամուկն էր տվել… Գյուլերն ասում էր` անիկա ինձնով դարձավ Փամուկ… Դալիին, Պիկասոյին ու մնացածի իր արած լուսանկարների մասին խոսելիս Գյուլերն ասում էր, որ նրանք կմնան պատմության մեջ, մեկ էլ ինքը»,-հիշում է Սամվել Սեւադան:


Արվեստագետը հավելում է, որ հաճույք է ստանում պարզ մարդկանց նկարելիս, սիրում է նրանց հետ խոսել. «Իսկույն մտերմանում եմ 3-4 րոպեում, շոֆեր տղերքը, ձկնորսները, գյուղացի մարդիկ սկսում են վստահել ինձ, հրավիրում են միասին հաց ուտելու, իրենց տուն են տանում: Օրինակ, Լոռվա գյուղերից մեկում մտել էի խանութից օղի առնելու, մի տղա ինձ տուն հրավիրեց, ասաց` եկել եմ քեզ մեր տուն տանեմ, երեխեք ունեմ, կին ունեմ, մայր ունեմ, պիտի գաս մեր տուն… Ի դեպ, վաճառողից հարցրել ու նույն օղուց էր դրել սեղանին, որը ես գնել էի խանութից…»:

Հարցրինք` ինչ ցանկություն ունի, ինչ է երազում այս պահին: Վարպետն ասաց` իրեն երիտասարդ է զգում, քանի դեռ երազում է, նաեւ ցանկանում է շրջել աշխարհով մեկ ու բացահայտել Հայաստանի բոլոր գեղեցիկ անկյունները: Առաջիկայում որոշ ծրագրեր ունի` ցուցահանդես Վանաձորում, մի ցուցահանդես էլ Վրաստանի ազգային պատկերասրահում:

Հարցին` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, Սամվել Սեւադան պատասխանում է. «Իհարկե, որովհետեւ ես ավելի հայտնի եմ ու փնտրված, քան արժանի եմ: Էդպես լինում է մեկ-մեկ, որ մարդու աստղը բռնում է, շատ են ճանաչում… Ուրիշ զիլ նկարիչներ կան, մարդիկ նրանց դեմքով չեն ճանաչում, բայց ես գյուղեր էլ եմ գնում, մարդիկ մոտենում են, տանում պատիվ են տալիս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
08.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930