Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցանակը

Ապրիլ 09,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Հիշողություններ Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից

Աքաղաղների ծուղրուղուների տարափի տակ մենք դանդաղորեն առաջ էինք շարժվում: Քիչ անց Մանֆրեդը մոտեցավ «ոտքից գլուխ» որսորդական համազգեստի մեջ «ընկղմված» Հանսին, ով իմ հասկանալով, կենտրոնական հրաձգարանի ավագներից մեկն էր եւ նրան ինձ ներկայացրեց, խնդրելով ինձ էլ կրակելու թույլտվություն տալ: Հանսը կասկածամտորեն ինձ նայեց, Մանֆրեդի հետ փոքր-ինչ երկխոսելուց հետո համաձայնեց եւ ինձ հրավիրեց «կրակակետ»: Հուզմունքը խեղդում էր ինձ: Մտքում ինքս ինձ անիծում էի, որ իմ բանակային «գաղտնիքը» հասցրել էի պատմել Մանֆրեդին: Երբ վերցրեցի հրաշալի գեղեցկութուն ունեցող հրացանը, զգացի, որ ձեռքերս դողում են: Ես սկսեցի ստիպել ինձ հավաքվել, որպեսզի չխայտառակվեի գերմանացիների մոտ: Խայտառակվելը մի կողմ, ախր Մանֆրեդն ու Մարգոտը կարող էին մտածել, թե ես հորինել եմ «բանակում 5 անգամ 10-ին խփելու այն պատմությունը»…
Ես լիցքավորեցի հրացանը, մի քանի անգամ խորը շնչեցի, արտաշնչեցի ու նշան բռնեցի, անընդհատ մտածելով՝ գոնե 8-ից պակաս միավորներ չհավաքեմ:

Առաջին երեք տասերին խփեցի կարծես թե հեշտությանբ: Հաջորդ կրակոցներն ամենադժվարինն էին լինելու: Մտածում էի, եթե վերջին երկուսը վրիպելու եմ, ապա երանի 3 հատ տասը չհավաքեի: Այդպես ավելի լավ կլիներ: Իսկ հիմա՞: Ինձ թվում էր, թե բոլորն ինձ են նայում: Թիկունքիս զգում եմ անհաջողակների նախանձող աչքեր, գերմանացու երբեմն սարսուռ հարուցող սառը հայացք… Մա՜րդ Աստծո, մի՞թե մնացած երկու աքաղաղները «պատվազուրկ են անելու» ինձ: Կամ ես՝ նրանց… Չորրորդ կրակոցից վայրկյան հետո ես լսեցի աքաղաղի ցանկալի «ծուղրուղուն»: Վիճակս «ծայրահեղ ծանրացավ»: Վերջին կրակոցը… Վերջինը… Առանց Մանֆրեդին ու Մարգոտին նայելու, զգում էի նաեւ նրանց անհանգստությունը, վերջին կրակոցով ամեն ինչ վերջացնելու նրանց բուռն ցանկությունը…

Ես լիցքավորեցի հրացանը, ինքս ինձ համոզեցի, որ հանգիստ պահեմ ինձ ու նշան բռնեցի: Զգում էի միայն, որ սրտիս զարկերը հետզհետե արագանում են: Հետո, մի պահ ինձ թվաց, թե թիրախը տատանվում է: Ես մի քանի վայրկյան ընդհատեցի նշանառությունս, ապա նորից նշան բռնեցի ու… Թեեւ աչքերս փակեցի նշանակետի արդյունքը չտեսնելու համար, բայց աքաղաղի այս վերջին «ծուղրուղուն» ականջներս ծակելու չափ բարձր թվաց: Դրան գումարած՝ Մարգոտի ուրախության անզուսպ ճիչերը, ներկաների, կարծում եմ, արդեն անկեղծ ծափերն ու «բռավոները»: Իսկ ես ներքուստ հրճվանքով լցված, աշխատում էի պահպանել հանգիստ կեցություն եւ մինչ այսօր չեմ էլ հասկացել, հաջողվե՞ց ինձ, թե՝ ոչ…

Ես զգացի Մանֆրեդի թփթփացնող ձեռքը՝ կոտրատված ռուսերենի «մոլոդեց» բառի կրկնությունների հետ, ապա Մարգոտի հետ համարյա գոռում էին.

-Նա հաղթե՛ց… Հայաստանից ժամանած մեր հյուրը հաղթե՜ց… Նա արժանի է մրցանակին…

Իսկ մրցանակը մատղաշ եղջերվի տոտիկների կոթերով պատրաստված որսորդական պարագաներ էին՝ դանակ, պատառաքաղ, բացիչ եւ մի քանի այլ պարագաներ, որոնք դասավորված էին մի շատ գեղեցիկ փայտե տակդիրի մեջ: Հրաշալին գլխավոր մրցանակն էր: Մի գեղեցկագույն դաշույն, բռնակը՝ եղջերվի ոտքից զույգ սմբակների հետ:

Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանի անցակետում այդ հրաշակերտ դաշույնը խլեցին, այո՛, խլեցին ինձանից, պատճառաբանելով, թե այն սառը զենք է համարվում… Որդիս թե՛ այնտեղ, թե՛ Հայաստանում, հիշելով դաշույնի կորուստը, հաճախ էր կրկնում՝ էշերը խլեցին մեր դաշույնը… Ի՞նչ կարող էինք անել:

Որսորդական պարագաների մի մասն անհայտ կորավ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ մնացածները սուրբ մասունքների պես պահում եմ սրտիս ու հոգուս մեջ Գերմանիայից մնացած իմ թանկագին հիշողությունների հետ միասին…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930