Լրահոս
Օրվա լրահոսը

Էմանուել Մակրոն-Մարի լը Պեն. ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը

Ապրիլ 08,2022 23:00

ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանն, Aravot.am-ի հետ զրույցում վերլուծել է կիրակի օրը Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները եւ դրանց ազդեցությունները հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա :

Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 10-ին, Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ֆրանսիայի նախագահի աթոռի համար առաջին փուլում կպայքարեն 12 թեկնածուներ։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու ցանկության մասին ի սկզբանե հայտարարել էր 65 մարդ, որոնցից ընտրվել են ավելի քան 500 ստորագրություն ստացածները։ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ընդգրկված է մրցապայքարում: Նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին Մակրոնը պաշտոնապես հայտարարեց վերջին պահին՝ մարտի 3-ի երեկոյան՝ թեկնածուների գրանցման ավարտի նախօրեին, ֆրանսիացիներին ուղղված ուղերձում։ Ֆրանսիայում նախագահական մրցապայքարի մյուս թեկնածուներն են՝ «Աշխատավորական պայքար» կուսակցության թեկնածու Նատալի Արտոն, «Վեր կաց, Ֆրանսիա» աջ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, Փարիզի քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անն Իդալգոն, «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Յաննիկ Ժադոն, «Դիմադրում ենք» ձախակողմյան կուսակցության առաջնորդ Ժան Լասալը, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիտենի ղեկավարը, հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը, «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության թեկնածու Ֆաբիեն Ռուսելը, Բորդոյի քաղաքային խորհրդական, սինդիկալիստ Ֆիլիպ Պուտուն, «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ») ծայրահեղ-աջակողմյան կուսակցության ղեկավար Մարի լը Պենը եւ «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմուրը։ Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են երկու փուլով, երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 24-ին։ Բոլոր կանխատեսումներով, երկրորդ փուլում կմրցեն Էմանուել Մակրոնը եւ Մարի լը Պենը:

Մհեր Շահգելդյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ֆրանսիայում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները բավականաչափ հետաքրքիր են եւ կարեւոր են լինելու առաջիկայում այդ երկրի թե ներքին, թե արտաքին քաղաքականության տեսանկյունից: Դրանք նաեւ մի շարք յուրահատկություններ ունեն, որոնց վրա, մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում՝ հասկանալու համար մի երկրի քաղաքական իրավիճակը, որը Հայաստանի համար բարեկամ երկիր է: «Ներկապնակը բավականաչափ հավասարաչափ է բաշխված. ծայրահեղ ձախեր, ձախեր, կենտրոնամետ ուժեր, աջեր եւ ծայրահեղ աջեր: Թեկնածուներից երեքը ծայրահեղ աջ են դիտարկվում, երկուսը՝ աջ, մեկը կենտրոն, երկու հոգի ձախ եւ չորս հոգի՝ ծայրահեղ ձախ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հասարակության հակվածությունները կամ Ֆրանսիայի քաղաքական դաշտը, բավական հավասարաչափ բաշխված է: Վերջին հարցումների համաձայն, որոնք արտացոլում են ապրիլի 7-ի իրավիճակը, առաջին երեք տեղերը նույնպես համանման բաշխվածություն ունեն. Էմանուել Մակրոնը՝ ներկայիս նախագահը,  26 տոկոս ձայն ունի, Մարի լը Պենը, որը ներկայացնում է ծայրահեղ աջ դաշտը՝ 22 տոկոս եւ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ներկայացնում է ծայրահեղ ձախ դաշտը, ունի 16 տոկոս ձայն: Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում նաեւ ծայրահեղ աջերի մեջ երկրորդ տեղը զբաղեցնող թեկնածուի՝ Էրիկ Զեյմուրի վարկանիշին. նա ունի 9 տոկոս ձայն: Վերջինս եռօրյա այցով Հայաստանում էր անցած տարեվերջին՝ դեկտեմբերի կեսերին. քարոզարշավի մեկնարկին նա որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարեւանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Էրիկ Զեյմուրը վերջերս է մտել քաղաքական դաշտ:

«Այսինքն, հետեւյալ շատ հետաքրքիր պատկերն ենք տեսնում՝ երեք հիմնական թեկնածուները, ներկայացնում են կենտրոնը, ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ դաշտերը. բոլոր հաշվարկներով, երկրորդ փուլ են դուրս գալիս լը Պենը՝ 22 տոկոս ձայնով եւ Մակրոնը՝ 26 տոկոսով ձայնով: Առկա պատկերով, կարելի է կանխատեսել, որ լը Պենը երկրորդ փուլում կհավաքի մոտավորապես  48 տոկոս ձայն, իսկ Մակրոնը՝ մոտ 52 տոկոս ձայն: Արդյունքում, Ֆրանսիայի հասարակությունը կարող է ուղղակի կիսվել եւ սա ցույց է տալիս, որ ֆրանսիական հասարակության մեջ, հասարակ մարդիկ, մի կողմից բաժանված են ձախերի-աջերի, բայց շարունակում է հաղթել կենտրոնը՝ ի դեմս Մակրոնի, որը նաեւ դինամիկ է աշխատում: Նախորդ ընտրությունների ժամանակ էլ էր մոտավորապես նմանատիպ պատկեր: Մյուս կողմից, աջ, ծայրահեղ աջ՝ ազգային նկարագիր ունեցող հասարակության տոկոսը կայուն պահպանվում է եւ աճ է արձանագրում, ինչը բավական հետաքրքիր գործընթաց է եւ թույլ է տալիս կանխատեսել, թե հետագայում ինչպիսի մոտեցումներ կլինեն Ֆրանսիայում, որտեղ ներգաղթը բավականին մեծ է: Սա նաեւ շատ հետաքրքիր է մեզ համար, որովհետեւ ֆրանսահայ համայնքը բավական ներկայացուցչական է եւ լավ ներկայացված է այդ երկրի կյանքում: Ֆրանսիայի հայկական համայնքները մեծ ազդեցություններ եւ սերտ կապեր ունեն պետության, քաղաքական էլիտայի հետ»,- մանրամասնում է Մհեր Շահգելդյանը:

Հաջորդ հետաքրքիր հանգամանքն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուներին աջակցող կուսակցությունների մի մասը բավականին երիտասարդ են, նոր են ստեղծվել՝ 2016, 2017, 2020 թվականներին, նույնիսկ 2022 թվականին, բացի մի քանի դասական կուսակցություններից, որոնց մեծ մասը դարձյալ անվանափոխվել եւ տրանսֆորմացվել են. «Սա ցույց է տալիս այն փոփոխականությունը, որն առկա է Ֆրանսիայի քաղաքական դաշտում»:

Ֆրանսիական քաղաքական դաշտի այս տրանսֆորմացիան ի՞նչ կտա տեղի հայկական համայնքին կամ Հայաստան-Ֆրանսիա կապերին՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանում է, որ թեկնածուներից շատերը դրական են արտահայտվել Հայաստանի մասին, այցելություններ են եղել Հայաստան, այդ ընթացքում ականատես ենք եղել Ադրբեջանի դեմարշին, Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բազմիցս է արտահայտվել Հայաստանի, Արցախի հետ կապված հարցերում. «Ավանդականորեն, ֆրանսիական քաղաքական դաշտն իր ամբողջ ներկապնակով, միշտ բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները: Սակայն, այստեղ մոտեցումներն ավելի լայն են, քանի որ Ֆրանսիան ավանդականորեն սերտ հարաբերություններ է պահպանում եւ փորձում է իր աջակցությունը ցուցաբերել Արեւելքի քրիստոնյա եկեղեցիներին. Լիբանանում՝ մարիոնետներին, Եգիպտոսում՝ ղպտիներին եւ այլն: Ֆրանսիացի շատ պատգամավորներ կան, որոնք անկախ իրենց քաղաքական մոտեցումներից, այս հարցերին մեծ ուշադրություն են դարձնում, իրենց հայտարարություններում միշտ ուշադրության կենտրոնում են պահում նաեւ Հայաստանի խնդիրները»:

Հայաստանի հետ կապված հաջորդ կարեւոր հարցը, մեր զրուցակցի դիտարկմամբ, այն է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ. «Թեպետ Մինսկի խումբը, փոքր-ինչ կոշտ է հնչում, բայց չկարողացավ իրականացնել իր առաքելությունը. դիվանագիտությունը հետեւողականորեն ետ մղվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից՝ առաջ մղելով հարցի լուծման ռազմական տարբերակը: Ես նախկինում ասում էի, որ եթե ռազմական գործողություններ լինեն, ապա, դիվանագիտությունը, որպես միջազգային կամ ազգային կոնֆլիկտների եւ ինքնորոշման, անկախացման գործընթացների լուծման մեխանիզմ, լիովին ետ է ընկնելու: Այսօր դա իրականություն դարձավ եւ այստեղ ամենակարեւոր գործընթացներից մեկը, իհարկե, Արցախի հարցում դիվանագիտության բացահայտ պարտությունն էր: Ցավոք, միջազգային հանրության կողմից չընկալվեց եւ չհասկացվեց, թե ի՜նչ մեծ հարված է հասցվում համաշխարհային դիվանագիտական համակարգին»:

Վերադառնալով Ֆրանսիայում ընտրություններին եւ արտաքին քաղաքական հարցերի, մասնավորաբար, Թուրքիայի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումներին, Մհեր Շահգելդյանը փաստում է, որ համարյա բոլոր քաղաքական ուժերի կողմից ակնհայտ է բավական կոշտ քննադատություն՝ Թուրքիայի գործողությունների նկատմամբ. «Ֆրանկոթուրքական բախումները Միջերկրական ծովում, որոշակիորեն, Ֆրանսիային դնում են՝ չասեմ պրոհայկական, այսպես՝ Հայաստանի նկատմամբ առավել ուշադրության դաշտում: Չնայած Էրդողանի եւ Մակրոնի հարաբերությունները մեկ խիստ կոնֆլիկտային են, այնուհետեւ փորձում են ինչ-որ կետերով համաձայնության գալ, բայց լարվածությունը կա եւ սա չի կարող իր ազդեցությունը չթողնել»:

Հաջորդ կարեւոր դրվագը վերաբերվում է ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Ուկրաինայի հետ կոնֆլիկտի համատեքստում: «Ֆրանսիան, մասնավորաբար, նախագահ Մակրոնը, այսօր փորձում է կանոնակարգել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ ուկրաինական դեպքերի համատեքստում, եւ պարբերաբար բանակցություններ, հեռախոսազրույցներ է վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա հետաքրքիր եւ բավական կարեւոր է մեզ համար: Ֆրանսահայի այս դիրքորոշումը բխում է նաեւ նրանից, որ Ֆրանսիան՝ սկսած Շարլ դը Գոլի ժամանակաշրջանից, ավանադականորեն, ձգտում է եւ փորձում է վարել անկախ արտաքին քաղաքականություն: Դրան համար, դը Գոլի իշխանության ժամանակ Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ից, այնուհետեւ հայտարարեց պաշտպանություն՝ բոլոր ազիմուտներով: Սա շոկի մեջ չգցեց, իհարկե, հատկապես ԱՄՆ-ին: Այսօր էլ Մակրոնն է ձգտում  եվրոպական անկախությանը, եվրոպական ԶՈՒ ստեղծմանը, եվրոպական ռազմական եւ քաղաքական անկախությանը: Սա արձանագրում են նաեւ ՌԴ-ում: Մասնավորաբար, Սերգեյ Լավրովն ասաց, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որը վարում է առավել անկախ քաղաքականություն՝ ելնելով, իհարկե, արեւմտյան դաշնակցային հարաբերությունների համատեքստից: Հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, ՌԴ-ի հետ մեր ռազմական դաշինքը, սա մեզ համար բավական հետաքրքիր է»,- ասում է Մհեր Շահգելդյանը:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների արտաքին քաղաքական դիրքորոշումներում, Մհեր Շահգելդյանը եվս մեկ հետաքրքիր ասպեկտ է առանձնացրել. «Շատերի մոտ 2-3 կետ կա, որոնք հատկապես առանձնանում են: Խնդիր համար մեկ՝ Ֆրանսիայում ԶՈՒ հզորացումը: Մակրոնը հայտարարում է՝ մոտական տարիներին մոտ 10 միլիարդ եվրոյով ռազմական ծախսերի ավելացման մասին: Մյուս թեկնածուները, այդ թվում, լը Պենը, Մելանշոն, հայտարարում են, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական բյուջեն, անհրաժեշտ է կառուցել երկրորդ ավիակիրը. այսօր Ֆրանսիան մեկ ավիակիր ունի, իսկ դա ուժի պրոեկցիայի կարեւորագույն մեխանիզմներից մեկն է: Թեկնածուներից 6-ն առաջարկում են դուրս գալ ՆԱՏՕ-ից»: Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ Մակրոնի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի կաթվածի մասին, որը ուղղված էր նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ նրա քաղաքականության քննադատությանը: Թեկնածուների մի մասն էլ հայտարարում է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք կարգավիճակ, ինչն, իհարկե, Հայաստանին ուղղակիորեն չի առնչվում, սակայն, այս ամբողջն արտացոլում են առկա մտայնությունները:

Վկայակոչելով վերջին հարցումները, Մհեր Շահգելդյանն ասում է, որ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուների ստացած ձայների մեջ տարբերությունները մեծ չեն լինի եւ այստեղ արդեն կարեւոր կլինի, թե ո՞վ ո՞ւմ կսատարի. «Այսինքն, Զեյմուրի ձայները, որոնք այսօր, ըստ էության, բավականաչափ շատ են, կգնա՞ն դեպի լը Պեն՝ նրան հզորացնելուն, ձախերի ձայներն, արդյո՞ք, կգնան Մելանշոնին: Բայց, ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում այսօր կա այսպիսի իրավիճակ՝ կենտրոն՝ Մակրոն, ծայրահեղ ձախ՝ Մելանշոն եւ ծայրահեղ աջը՝ լը Պեն: Ցանկացած դեպքում, Ֆրանսիայում կա Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը: Պարզապես մենք պետք է դիվանագիտական դաշտում լավ աշխատենք, որպեսզի միջազգային ատյաններում Ֆրանսիան առավել ամուր կանգնի հայկական շահերին, մասնավորաբար, 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի քննադատության վրա»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930