«Մայր Հայաստան» հուշահամալիրում այսօր մի շարք կազմակերպություններ ցույց էին իրականացնում՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության եւ արցախահայության անվտանգության։
«Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը գտնվում է մեծ սպառնալիքների տակ, եւ սա հանուն Հայաստանի, հանուն Արցախի ակցիա է։ Սա նաեւ աջակցություն է մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, քանի որ նկատում ենք՝ ամեն օր, ամեն ժամ իշխանության թեթեւ ձեռքով, իր արբանյակների միջոցով ոչ միայն վարկաբեկում, այլեւս վտանգի տակ է դրվում ռազմավարական դաշնակցի հետ մեր կենսական հարաբերությունները, որը շոշափում է մեր երկրի կենսական շահերը։ Այդ ամբողջի դեմ ենք պայքարում։ Դրա հետ կապված կամ բողոք կամ աջակցություն, ուղղված պայքարը, որ աջակցում են ֆաշիզմի դեմ, նացիոնալիզմի դեմ, դա եւ ընդհանուր ֆաշիզմն է, եւ ադրբեջանական ֆաշիզմն է։ Այս ամբողջի հետ կապված որոշեցինք ձայն բարձրացնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։
Կարդացեք նաև
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում իշխանությունները ամբողջությամբ մեզ զրկեցին մեր ռազմավարական բոլոր դաշնակիցներից․ «Իշխանության կողմից կերակրվող եւ հովանավորվող ուժեր կան, ես չեմ խորշի, կասեմ նաեւ Բեւեռի մասին, որոնք ամեն ինչ անում են, որ սեպ խրեն հայ-ռուսական բարեկամության մեջ, նրանք նույնիսկ հասել են այն կետին, որ պնդում են, որ խաղաղապահ ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի տարածքից։ Սա ես գնահատում եմ որպես դավաճանություն հայ ազգի նկատմամբ։ Հիմա իշխանությունները որոշել են խաղաղության դարաշրջան բացեն, խղճուկ հոգեբանությամբ խաղաղության դարաշրջան բացել թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Պարտված սուբյեկտը ողորմություն է խնդրում հաշտության։ Եվ եթե պատկերացնենք՝ հանկարծ խաղաղության դարաշրջան սկսեն եւ խաղաղության եւ տարածքային ամբողջականության պայմանագրեր ստորագրեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այդ պայմաններում սահմանագծման եւ սահմանազատման առումով էլ Ղարաբաղն ամբողջությամբ մնում է Ադրբեջանի տարածքում։ Այս պարագայում ռուսական ուժը տարածաշրջանում գտնվելու անելիք չունի։ Այս սուբյեկտների նպատակն է՝ Հայաստանը մենակ թողնել, Արցախը թշնամուն հանձնել»։
Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանում երբեմնի ամենամարտունակ մեր բանակը իշխանությունը կազմաքանդեց․ «Տեսեք ինչ է կատարվում՝ չունենք նորմալ բանակ՝ վարկաբեկելով»։
Նշենք, որ այսօրվա միջոցառման կազմակերպիչ-մասնակիցներն էին՝ «Պահեստազորի սպաների» շարժումը, «ԱԱԾ պահեստազորի սպաներ», ՀԿ-ն, «Ձայն հայրենյաց» Հայ մտավորականների նախաձեռնությունը,«Հայոց Ազգային Գվարդիա»-ն, «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների ՀԿ-ն, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն»-ը, «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն, «Վերադարձ» հիմնադրամը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ