Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրտը վիրահատած հիվանդները չեն լսում բժշկին. խմում են, ծխում, ճարպոտ սնունդ ուտում ու 2-րդ, 3-րդ անգամ օգտվում «կյանք փրկող» անվճար ծրագրից

Ապրիլ 08,2022 18:02

Մեր երկրում յուրաքանչյուր երկրորդ մարդ մահանում է արյան շրջանառության հիվանդություններից: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում այսպիսի տեղեկություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը: Ըստ նրա, Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են հիվանդությունների 85 տոկոսը եւ դրանում մեծ մասնաբաժին ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ կազմելով 45 տոկոս:

 

Սրտամկանի կաթվածի ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է, ինչը Լիանա Բարսեղյանն անհանգստացնող համարեց:

ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն ասաց, որ սրտամկանի կաթվածի եւ իշեմիկ հիվանդությունների նոր ախտորոշված դեպքերի քանակը տարեցտարի ավելանում է, ինչը պայմանավորված է մարդկանց կենսակերպով: Ըստ բժշկի, բացի ժառանգական գործոնից՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց հիմնական մասը չունի առողջապահական մշակույթ. ծխում են, ճարպերով ու թույներով հարուստ սնունդ են օգտագործում, չեն հետեւում ավելորդ քաշին, ֆիզիկական թերակտիվություն են ցուցաբերում:

Հիվանդացության բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ մեր երկրում 2015 թվականից ներդրվել է «կյանք փրկող» ծրագիրը, որն անվճար է՝ անկախ սոցիալական կարգավիճակից եւ տարիքային խմբից: Լիանա Բարսեղյանն ասաց, որ ծրագիրը վերանայվել եւ ընդլայնվել է. եթե մինչ այդ, սրտամկանի սուր կաթվածի դեպքում մատուցվում էր ոչ դեղապատ ստենտի ծառայություն, 2018 թվականից ստենտավորումն իրականացվում է դեղապատ ստենտով: Ըստ նախարարության մասնագետի, 2019-ից էլ իրականացվում է աորտակորանար շունտավորում՝ սրտամկանի սուր կաթվածի էստելեվացիայի դեպքում: Ասաց, որ ծրագիրն իրականացվում է Երեւանի եւ երկու մարզերի՝ Սյունիքի եւ Շիրակի հիվանդանոցներում: Ավելի ուշ ընդգրկվել է նաեւ Լոռու մարզը:

2015 թվականին «կյանք փրկող» ծրագրի շահառուների թիվը կազմել է 1500 քաղաքացի, 2021-ին սրտի անհետաձգելի բուժօգնություն են ստացել 2200 մարդ: Լիանա Բարսեղյանն ասաց, որ ծրագրից հիմնականում օգտվում են 60-ից 65 տարեկան անձինք, որոնց 70 տոկոսը տղամարդիկ են. «2015 թվականին ծրագրի համար նախատեսվել է 500 միլիոն դրամ, բայց ծրագրի ավարտին արդեն ծախսվել էր 950 միլիոն դրամ, այսինքն՝ լրացուցիչ գումարներ են հատկացվել: 2022 թվականի համար պետբյուջեից այս ծրագրի համար նախատեսվել է 1 միլիարդ 650 միլիոն դրամ»:

Համլետ Հայրապետյանի խոսքով, սա եզակի ծրագիր է, որը մեկնարկից ի վեր՝ ոչ մի օր, որեւէ պատճառով չի դադարեցվել, որեւէ շահառու դուրս չի մնացել ֆինանսական կամ այլ պատճառներով. «Բայց դա չի նշանակում, որ կատարելագործվելու տեղ չունենք: Գիտությունը զարգանում է, բժշկությունը զարգանում է, մենք կարող ենք ապագայում այս ծրագրի մեջ ընդգրկել բոլոր տեսակի սրտի կաթվածները»:

Համլետ Հայրապետյանը սակայն մտահոգիչ համարեց, որ անգամ վիրահատված հիվանդները չեն հետեւում իրենց առողջությանը եւ դրա պատճառով երկրորդ, երրորդ անգամ վերադառնում են վիրահատության՝ օգտվելով «կյանք փրկող» ծրագրից. «Ծրագիրը չի սահմանափակում, որ հիվանդը մեկ անգամ կարող է օգտվել այդ ծրագրից, բայց հիվանդները պետք է վիրահատությունից հետո ընդունեն որոշակի դեղորայք ու հրաժարվեն վատ սովորություններից, սակայն չեն անում եւ համարելով, որ անվճար է տրվում այդ վիրահատությունը նրանց, արհամարհում են այդ խորհուրդները եւ կրկին հայտնվում վիրահատարանում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930