Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Ինչո՞ւ Զելենսկին պատրաստ է ամեն թիզ հողի համար կռվել, ոչինչ չի զիջում, իր քաղաքացիներին չի ասում՝ եկեք 25 հազարին փրկելու համար հանձնեմ այսինչ քաղաքը»

Ապրիլ 08,2022 17:46

Քաղաքական-հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում ճեպազրույցի ժամանակ ասաց. «Իշխանությունները, որոնք չեն կարողանում իրականացնել իրենց իսկ ծրագիրը, իսկ Նիկոլ Փաշինյանը չարաբաստիկ ընտրություններին բոլորովին այլ ծրագրով էր եկել՝ Արցախի կարգավիճակի, ազգերի ինքնորոշման, Հայաստան պետության սահմանների անձեռնմխելիության, հիմա չունեն մանդատ՝ իրականացնելու այս քաղաքականությունը: Հայաստանը պետք է կառավարեն այն իշխանությունները, որոնք համոզված են, որ Արցախը, ինչպես Սյունիքը, Գեղարքունիքը, բիբլիական լեռ Արարատը, հայկական է, որ մենք ունենք առաջնային մարտավարական ռազմավարական խնդիրներ:

Տեսեք՝ մեզ ինչով են վախեցնում: Պատերազմով: Եկեք նայենք Ուկրաինային: Մենք գիտենք՝ ինչպիսի մեթոդներով Զելենսկին եկավ իշխանության: Բայց ինչո՞ւ այսօր Զելենսկին պատրաստ է ամեն թիզ հողի համար դաժան կռվել, ոչինչ չի զիջում, իր քաղաքացիներին չի ասում, որ եկեք ես ձեր 25 հազարին փրկելու համար հանձնեմ այսինչ քաղաքը: Այնտեղ էլ չեն ուզում, որ պատերազմ ընթանա: Բայց ինչո՞ւ նրանք չեն ջլատում ուկրաինական ժողովրդին: Ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Մատակարարում են զենքով: Ինչո՞ւ մեր իշխանությունները չեն ուզում այս հարցով վարվեն ինչպես Զելենսկին: Այդ կեղծ փրկչական բաները որտեղի՞ց են վերցրել:

Պետությունը սրբազան արժեք է: Պետությունը զիջել չի կարելի: Հանուն պետության, այո, մենք պատրաստ ենք նաեւ զոհվել: Ես կարծում եմ, որ հիմա մենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է դարձնենք պետության հիմքը»:

Տիկին Դիլբարյանը նաեւ անդրադարձավ համացանցում տարածում գտած ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի «սգալը անպտուղ գործողություն է» արտահայտությանը: «Կեղծ դիսկուրս: Մեղա, Տեր Աստված, մեղա: Այդպիսի անհեթեթ խոսույթներով խլում են մեր ուժը: Ողբալու հականիշը ուրանալը չէ: Ողբալու հականիշը աջակցումն է, ապրումակցումը եւ հզորացումը:

Տեսեք, որքա՞ն աշխատավարձ են ստանում պարեկները եւ որքան՝ կրթության, գիտության ոլորտի աշխատողները: Ինչո՞ւ ուսուցիչը կարող է համեստ աշխատավարձով ապրել, ստեղծագործել, իսկ պարեկները, քննիչները, դատախազները՝ ոչ: Հիմա մենք ծանր վիճակում ենք: Եկեք չգնենք թանկ մեքենաներ, ձգենք մեր գոտիները, օգնենք մեր հերոսածին մայրերին եւ ընտանիքների, որ իրենք վերստին երեխաներ ունենան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930